էթնիկ զտում՝ անկախ նրանից, թե ով կփորձի դա մերժել, տեղի է ունեցել երկու կողմերի՝ Հայաստանի ու Ռուսաստանի աչքի առաջ. Մետաքսե Հակոբյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացրել են փաստաթղթով ստանձնած բոլոր պարտավորությունները: Անդրադառնալով Արցախում էթնիկ զտում իրականացնելու հարցին՝ Զախարովան ասել է, որ իրենք ցանկանում են, որ այդ առնչությամբ փաստեր ներկայացվեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ եռակողմ հայտարարության երեք պատասխանատու կողմերը, ըստ էության, շատ լավ հասկանում են, որ որևէ կողմ իր ստանձնած պարտավորությունն ամբողջությամբ չի կատարել, այլ բան է, որ դրա համար կային սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ։ 

Ադրբեջանի նախագահը հենց սկզբից չհարգեց իր իսկ ստորագրությունը ու մեկ-երկու ամիս անց արդեն չեղարկեց հայտարարությունն իր գործողություններով։ Սրան հետևեց Հայաստանի իշխանությունների պահվածքը, երբ հայտարարվեց նշաձողի իջեցման մասին և ի լուր աշխարհի հայտարարվեց Արցախի հանձնման մասին, և որպես երաշխավոր Հայաստանն այլևս՝ ի դեմս իշխանությունների, հանդես չեկավ: Բացի այդ, իր պարտավորությունները բարդեց Ռուսաստանի վրա, ու հենց այդ ժամանակից սկսվեց Ռուսաստանի նկատմամբ, հիմնականում կեղծ թեզերով, մեղադրանքներ հնչեցնելը, այսինքն՝ ողջ պարտավորությունները բարդվեցին Ռուսաստանի վրա։ 

Բնականաբար, երրորդ կողմը սկսեց ուղղակի պաշտպանվել ու դրա հետևանքով ի վիճակի չէր լինում մենակ կատարել իր պարտավորությունները։ 

Սրանով, բնականաբար, ես չեմ նվազեցնում այն պատասխանատվությունը, որ կրում էր Ռուսաստանը՝ որպես միջնորդ կողմ, որն ուներ լծակները պարտավորեցնելու մյուս երկու կողմերին, որը, ցավոք սրտի, նաև Հայաստանի իշխանությունների վարվող քաղաքականության հետևանքով չհաջողվեց, որովհետև հենց նման պահանջ կամ պարտադրանք էր լինում, ապա Հայաստանի իշխանությունները թեքվում էին դեպի Արևմուտք։ 

Եվ հատկապես շրջափակումից սկսած՝ ուղղակի սկսվեց դիվանագիտական հակամարտություն Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ու այն, ինչ տեղի ունեցավ, դրա հետևանքն էր, որովհետև պարտավորություն ունեցող երկու կողմն այլևս չկարողացավ լեզու գտնել: Իհարկե, նորից եմ կրկնում՝ չնվազեցնելով Ռուսաստանի թե՛ պարտավորությունները, թե՛ պատասխանատվությունը, միևնույն է, շահագրգիռ կողմը պետք է լինեին Հայաստանի իշխանությունները ու կարողանային հօգուտ Արցախի ու Հայաստանի քաղաքականություն վարել, ինչը չարեցին, ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ 

Եթե հիշում եք, մինչև սեպտեմբերի 19-ը Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական-քաղաքական սառը պատերազմ էր, որի հետևանքով տեղի ունեցավ էթնիկ զտումը: Հիմա էլ շարունակվում են փոխադարձ մեղադրանքները, իսկ էթնիկ զտում՝ անկախ նրանից, թե ով կփորձի դա մերժել, տեղի է ունեցել ու տեղի է ունեցել երկու կողմերի՝ Հայաստանի ու Ռուսաստանի աչքի առաջ։ 

Մարիա Զախարովայի հայտարարությունը ես կմեկնաբանեի հետևյալ կերպ. նա նկատի ունի, որ բավարար չեն այն աշխատանքները, որ տարվում են, ու դա ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև Արցախի իշխանությունների ու խորհրդարանի կողմից։ 

Ես նրա հայտարարությունը նաև հասկանում եմ հետևյալ կերպ. եթե ամբողջ աշխարհով մեկ չի թնդում, ու շահագրգիռ և շահառու կողմերը, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր ի լուր աշխարհի չեն աղմկում, չեն աղաղակում, հետևաբար, այո՛, աշխարհին այդ մասով ապացույցներ չեն տրվել: Կցկտուր, տարբեր միջազգային հարթակներում որոշ պաշտոնյաների հայտարարությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ այն հզոր գործիքակազմի դեմ, որ կիրառում է Ադրբեջանը։ Եվ ես չգիտեմ, թե այս քաղաքական-դիվանագիտական հակամարտության հետևանքով մենք դեռ որքան ենք շարունակելու կորուստներ ունենալ։ 

– Իսկ ինչո՞ւ այդ փաստերը չեն ներկայացվում երկու իշխանությունների կողմից էլ։

– Դարձյալ չնվազեցնելով Արցախի իշխանությունների դերակատարությունը կամ մեղավորությունն այս առումով, միևնույն է, նա զրկված է միջազգային հարթակներում կամ դիվանագիտական խողովակներով փաստեր ներկայացնելու հնարավորությունից։ Դա պետք է անեն Հայաստանի իշխանությունները, իհարկե՝ նաև Արցախի իշխանությունների օգնությամբ, բայց այսօր փաստն ենք արձանագրում, որ Հայաստանի իշխանություններն «Արցախ» բառն ընդհանրապես չեն օգտագործում, էլ ուր մնաց որ խոսենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության մասին։ 

Իսկ Հայաստանի իշխանությունները որևէ փաստ չեն ներկայացնում, որովհետև ունեն կաշկանդվածություն, վախ, ու վերջերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ եթե չկնքվի խաղաղության պայմանագիր, ապա կա էսկալացիայի վտանգ, ցույց է տալիս, որ այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչ կուլ տալու, լռելու՝ ուղղակի որոշ ժամանակով հետաձգելու այն գործողությունները, որոնք Ադրբեջանը պատրաստվում է անել: Իհարկե սրանով վտանգները ոչ թե նվազում են, այլ ավելանում։ 

– Տիկի՛ն Հակոբյան, ասացիք, որ Արցախում էթնիկ զտումը տեղի է ունեցել նաև Ռուսաստանի աչքի առաջ, չնայած դրան, նրանք փաստեր են պահանջում: Եթե անգամ մենք փաստեր ներկայացրած լինեինք, կարծում եք, որ Մարիա Զախարովան նման հայտարարություն չէ՞ր անի։

– Կարծում եմ, եթե մենք այս ընթացքում ճիշտ աշխատած լինեինք ու ներկայացնեինք անհերքելի փաստեր, ապա նման ուղիղ հայտարարությունների ականատես չէինք լինի։

– Այնուամենայնիվ, Արցախի իշխանությունները, խորհրդարանը այդ փաստերի հավաքագրմամբ զբաղվո՞ւմ են կամ արդեն ձեռքի տակ ունե՞ն այդ ապացուցողական բազան։

– Ես այդպես վստահ չեմ կարող ասել, որ դա համակարգված է տեղի ունենում, յուրաքանչյուրն իր հերթին անում է դա, բայց համակարգված որևէ բան չեմ տեսնում։ Կամ անում են լուռ, որնը ընդհանրապես ո՛չ ընկալելի է, ո՛չ ընդունելի։

– Իսկ Արցախի իշխանության առաջիկա քայլերից տեղյա՞կ եք, ի՞նչ են պատրաստվում անել։

– Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստը, որտեղ օրակարգային կարևոր հարց ունեինք՝ ստեղծել հանձնախումբ, որը հաշվետու կլինի Արցախի Հանրապետության ԱԺ-ին, ու այդ հանձնախումբը պետք է կազմված լիներ այնպիսի մարդկանցից, որոնք կկարողանային միջազգային հարթակներում դերակատարում ունենալ դրա շուրջ: Ցավոք սրտի, դեռևս ամբողջական համաձայնություն ձեռք չի բերվել։ 

Եթե այս նախագիծն իրականանա, այն բավականին մեծ գործ է անելու, բայց ես չեմ կարծում, որ այս իրավիճակում, որում հայտնվել ենք, Արցախի խորհրդարանի մեծամասնության՝ «Ազատ Հայրենիք» «ՔՄԴ», մոտ կտրուկ փոփոխություն է եղել, ու իրենք հիմա դեմ են Հայաստանի իշխանություններին, երբ ժամանակին ստորակետի ճշտությամբ կողմ էին նրանց վարած քաղաքականությանը։ Մենք փորձում ենք այդ միասնականությունն ապահովել, որովհետև այդ նույն խմբակցություններում էլ կան մարդիկ, որոնք իսկապես ազգային շահով են առաջնորդվում, բայց, ցավոք, այդ համաձայնությունը դեռ չի եղել։

– Տիկի՛ն Հակոբյան, ի վերջո դուք տեսա՞ք այն փաստաթուղթը, որով Արցախի Հանրապետությունը լուծարվեց, հետո՝ մեկ այլ թղթով այդ լուծարումը չեղարկվեց, հիմա Արցախի Հանրապետությունը լուծարվե՞լ է, թե՞ ոչ։

– Թերևս վերջին անգամ այս մասին խոսեմ․ ընդհանրապես միջազգային իրավունքի առումով դա զրո ազդեցություն ունի, այդ փաստաթուղթը որևէ իրավական ազդեցություն չի կարող ունենալ։ Սա ավելի շատ հոգեբանական ազդեցություն ուներ, ու շատ հակահայ ուժեր դա շահարկեցին ու մարդկանց գցեցին հոգեբանական ծայրահեղ վիճակի մեջ։ 

Չեմ տեսել ո՛չ այդ հրամանագիրը, ո՛չ էլ դա չեղարկող թուղթը, որովհետև դա ինձ չի էլ հետաքրքրել, քանի որ լավ հասկանում եմ, որ դա որևէ իրավական ուժ չունի։ Իսկ այս հարցի վերջնական պատասխանը ստանալու համար այն պետք է ուղղել նրան, որը ստորագրել է այդ փաստաթղթերն ու ստանձնել պատասխանատվությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am