Երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ

Երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ
Երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 31 տարի անց, Գյումրիում  դեռ կան տնակային ավաններ: Ըստ վերջին հաշվառման՝ Շիրակի մարզում առկա է 3500 ժամանակավոր կացարան, որից 2854-ը Գյումրիում: Չնայած տնակների առկայությանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Չկան ընտանիքներ, որոնք լինելով  երկրաշարժից անօթևան  և ճանաչված լինեն շահառու ու նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ  կան ընտանիքներ, որոնք 1988 թվականի հետևանքով կորցրել են բնակարան, բայց ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Պատասխանատուն տեղեկացնում է, որ այդ ընտանիքները տարբեր պատճառներով շահառու չեն ճանաչվել՝ կա՛մ մերժվել են թերի փաստաթղթերի, կա՛մ հաշվառման ընթացքում քաղաքից բացակայելու պատճառով: Շատ են նաև դեպքերը, երբ սենյակների քիչ քանակի պատճառով միայն ընտանիքի մի մասն է տեղափոխվել բնակարան, մյուսը մնացել է տնակում:

Եթե բազմաբնակարան շենքերի մասով խնդիրը որոշակի լուծված կարելի է համարել, ապա սեփական բնակֆոնդի մասով  պետությունը դեռ պարտավորություն ունի՝ սեփական տներում բնակվող 94 ընտանիքներ ընդհանրապես փոխհատուցում չի ստացել: Գյումրիում կա նաև 154 ընտանիք, որոնք մասնակի են փոխհատուցվել պետության կողմից: Ընդհանուր առմամբ, տարբեր պատճառներով, պետության կողմից մերժված կամ  փոխհատուցում չստացած 1050 ընտանիքի խնդիր այս պահին լուծում է պահանջում: