«Պետությունը պետք է շատ խիստ արձագանքի պետական դավաճանությանը, որպեսզի կարողանանք արմատախիլ անել այս չարիքը». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

Պարո՛ն Նորիկյան, գրեթե ամեն օր բացահայտվում են պետական դավաճանության նոր դեպքեր: Ընդհանուր երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում, ու սա ինչի՞ հետևանք է:

– Այս երևույթը ոչ միայն խայտառակություն է, ոչ միայն հանցագործություն է, ոչ միայն խոսում է մեր բանակում ու, ընդհանրապես, բանակում գոյություն ունեցող բացասական խնդիրների մասին, այլև սա առաջին հերթին ողբերգություն է մեզանից յուրաքանչյուրի համար: Որևէ կերպ չեմ կարողանում բացատրել, թե ինչպես կարող են մեր իրականության մեջ գտնվել մարդիկ, որոնք կարող են «երկու կոպեկի» համար վաճառել հայրենիքը մեր թշնամուն: Ինձ համար սա հասկանալի ու ըմբռնելի երևույթ չէ, խստորեն դատապարտում եմ այս երևույթը:

Սա սոցիալական վիճակով, անգրագիտությամբ ու նաև շահադիտական նպատակներով պայմանավորված առանձնապես ծանր հանցագործություն է, որն ուղղակիորեն հարվածում է յուրաքանչյուրիս հեղինակությանը: Կարծում եմ, որ սա նաև որոշակի բարձիթողի վիճակի հետևանք է, որովհետև սա խոսում է այն մասին, որ զինված ուժերում կան գլոբալ խնդիրներ, որոնք հրատապորեն պետք է լուծվեն: Սա խոսում է հայրենիքի, պետականության ընկալման ցածր աստիճան ունենալու մասին: Յուրաքանչյուրս լուրջ աշխատանք պետք է տանի այս չարիքը հասարակության մեջից արմատախիլ անելու համար:

Այս բացահայտումները կանխո՞ւմ են նման նոր դեպքերը, թե՞ մինչև հստակ պատիժ չլինի՝ չեն զգաստանա:

– Չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, որ շատ խիստ միջոցներ պետք է ձեռնարկվեն, խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում են կատարել այդ քայլը: Պետք է մեր հանրության մեջ գաղափարական, հոգեբանական, արժեհամակարգային, դաստիարակության, մտածողության մեջ քայլեր արվեն, որ հասկանան՝ դա կարմիր գիծ է, որը հատել չի կարելի: Հանրային պարսավանքի մակարդակով նաև պետք է փորձ արվի կանխել նման հանցագործությունները:

Շատ խիստ պետք է լինի պատիժը, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում, որովհետև պետական դավաճանության հոդվածը ենթադրում է ցմահ ազատազրկում: Պետությունը պետք է շատ խիստ արձագանքի դրան, որպեսզի կարողանանք արմատախիլ անել այս չարիքը: Իհարկե այդ ամենը պետք է արվի, երբ լիարժեք քննությունը կապացուցի անձի մեղքը:

Պետական դավաճանության հետևանքները որո՞նք կլինեն, եթե նկատի ունենանք, որ մենք կանգնած ենք նոր պատերազմի շեմին, ինչի մասին ասում է երկրի վարչապետը:

– Շատ լուրջ բացասական ազդեցություն է թողնելու յուրաքանչյուրիս մոտ: Ակնհայտ է, որ մեր հակառակորդը հիբրիդային պատերազմ է վարում մեր նկատմամբ՝ տարբեր միջոցներով բարոյալքելու մեր հասարակությանը, զինուժը: Մենք պետք է շատ զգոն լինենք, այստեղ շատ կարևոր է ռազմական կրթության բաղադրիչի առկայությունը: Պետք է կարողանանք զինծառայողներին կրթել, տեղեկատվական, տեխնոլոգիական անվտանգության մասին նրանց գիտելիքները բարձրացնել, որովհետև մեծ մասամբ շահագրգիռ թիրախներ են ընտրվում թշնամու կողմից:

Մեր զինուժի անձնակազմին պետք է կրթենք, ցույց տանք հնարավոր ռիսկերը, որ որևէ մեկն իրավունք չունի սոցցանցերով կամ այլ եղանակով որևէ տեղեկատվություն փոխանցել անծանոթ մարդուն: Շատ լուրջ խնդիր է, ու այստեղ պետք է կրթության բաղադրիչը շատ արագ առաջին պլան մղվի, որպեսզի զինուժի անձնակազմը հասկանա հնարավոր հետևանքները ու զերծ մնա նման քայլի գնալուց:

Պարո՛ն Նորիկյան, նմանօրինակ բացահայտումները բանակի նկատմամբ հանրության վստահության վրա ազդեցություն ունենո՞ւմ են:

– Այո՛, հանրության շրջանում խիստ բացասական երանգ է ձևավորվում բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, տիրող իրավիճակի վերաբերյալ: Պետք է կտրուկ ու շատ խիստ քայլերով արմատախիլ արվի այս չարիքը, կրկնում եմ՝ ընդհուպ հրապարակային պարսավանքի ու ցմահ ազատազրկման միջոցով:

Հնարավոր չէ այսպես շարունակել, ես հրաժարվում եմ համակերպվել այդ մտքի հետ, որ շուրջ 50 անձ կարող է Հայաստանում մեղադրվել հայրենիքի դավաճանության համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am