«3+2 ձևաչափին մասնակցելու որոշումը սխալ էր, բայց հարց է, թե Հայաստանը հնարավորություն ունե՞ր մերժելու Ռուսաստանին». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ SputnikԱրմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ՌԴ-ում այսօր կայանալու է 3+3, հիմա արդեն՝ 3+2 ձևաչափի առաջին քննարկումը փոխարտգործնախարարների մակարդակով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպմանը մասնակցելու Հայաստանի որոշումը, արդյոք ճի՞շտ էր մասնակցել այս հանդիպմանը, թե՞ պետք էր հետևել Վրաստանի օրինակին։

– Իմ գնահատմամբ՝ մասնակցության որոշումը սխալ էր, ավելի ճիշտ՝ մասնակցությունը Հայաստանին դժվար թե դրական բան տա, բայց բացասական զարգացումներ, ամենայն հավանականությամբ, կլինեն, որովհետև ինչքան էլ մենք հայտարարենք, որ այդ ձևաչափում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում, դրանք միայն հայտարարություններ են՝ ուղղված միայն ներքին լսարանին։ 

Նման ձևաչափերը ստեղծվում են հենց տարածաշրջանային առավել կարևոր ու կոնֆլիկտային հարցերը քննարկելու համար։ Հետևաբար ակնհայտ է, որ այս ձևաչափում քննարկվելու են թե՛ սահմանների ճշգրտման, թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, թե՛ Արցախի հիմնահարցին վերաբերող հարցերը, ու այս ձևաչափն աստիճանաբար դառնալու է զուգահեռ Մինսկի խմբին՝ նաև Արցախի հարցով։ 

Այլ հարց է՝ արդյոք Հայաստանը հնարավորություն ունե՞ր մերժելու Ռուսաստանին, եթե, իհարկե, Ռուսաստանը շատ խիստ ու կտրուկ պահանջ է դրել մասնակցել այս ձևաչափին։ Քանի որ 2018 թվականի մայիսից հետո իրականացվող քաղաքականության հետևանքով մենք հիմա ավելի մեծ կախվածության մեջ ենք, քան երբևէ եղել ենք 1991 թվականի սեպտեմբերից սկսած, հետևաբար այս պայմաններում, չեմ կարծում, թե Հայաստանն որևէ հնարավորություն ուներ մերժելու Ռուսաստանի այդ խնդրանք-պահանջը։

– Մեր նախորդ զրույցների ժամանակ դուք ասում էիք, որ այս ձևաչափը Ռուսաստանի շահերից էլ չի բխում, ուղղակի նա կողմ է արտահայտվում, քանի որ վստահ է, որ Վրաստանը չի մասնակցելու այդ ձևաչափին։ Հաշվի առնելով ձեր քիչ առաջ ասածը, որ հնարավոր է Ռուսաստանն է պահանջել Հայաստանին մասնակցել այս հանդիպմանը, հիմա՞ էլ եք կարծում, որ Ռուսաստանն իրականում կողմ չէ այս ձևաչափին։

– Այն, որ ձևաչափի առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում, արդեն վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, այո՛, կողմ է։ Սա ինձ համար մի փոքր դժվար է բացատրել, որովհետև այս ձևաչափը նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանը համաձայն է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի համոզմամբ ինքն ունի հատուկ շահեր, ունի գրեթե նույնքան հավասար իրավունքներ, ինչքան Ռուսաստանը։ 

Սա արդեն փաստ է, բայց տրամաբանությունը հուշում էր, որ Ռուսաստանն ամեն ինչ պետք է աներ այս փաստից խուսափելու համար։ Մոսկվայի դիրքորոշման միակ ռացիոնալ բացատրությունն այն է, որ ամեն դեպքում Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է արագընթաց տեմպերով նոր ձևավորված ստատուս քվոն ամրապնդել Հարավային Կովկասում՝ առանց արևմտյան խաղացողների մասնակցության։ 

Ռուսաստանում, ըստ երևույթին, գտել են, որ ամեն դեպքում ավելի լավ է Հարավային Կովկասում Արևմուտքին տեսնել միջնորդավորված՝ Թուրքիայի միջոցով, քան Արևմուտքի ուղղակի ներկայությամբ։ Ինձ համար գոնե միակ ռացիոնալ բացատրությունը սա է, թե ինչու Ռուսաստանը համաձայնեց այս ձևաչափի գործարկմանը և, ամենայն հավանականությամբ, «խնդրեց» Հայաստանին մասնակցել այդ հանդիպմանը։ 

– Պարո՛ն Պողոսյան, ձեր համոզմամբ՝ առաջին հանդիպումից անմիջապես հետո՝ սեղմ ժամկետներում, այս ձևաչափը կսկսի՞ իր ակտիվ գործունեությունը, թե՞ ոչ։

– Բարդ է պատասխանել, ամեն դեպքում, քիչ հավանական է, որ մինչև տարեվերջ ինչ-որ բան տեղի կունենա։ Բայց, սովորաբար, եթե առաջին հանդիպումը տեղի է ունենում փոխարտգործնախարարների մակարդակով, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարվա սկզբին չեմ բացառում, որ կլինի հանդիպում մի փոքր ավելի բարձր մակարդակով, եթե ոչ պետության առաջին դեմքերի, գոնե արտգործնախարարների մակարդակով։ 

– Այս նոր ձևաչափում հնարավո՞ր է, որ քննարկվելիք առաջին հարցը լինի սահմանների ճշգրտման հարցը։

– Արդեն ասացի, որ նման ձևաչափերը ստեղծվում են, որպեսզի քննարկվեն տարածաշրջանի համար առավել ցցուն հարցերը։ Ինձ համար միանշանակ է, որ լինելու է այդ և այլ հարցերի քննարկում այս ձևաչափում, հակառակ պարագայում այս ձևաչափի ստեղծումն իմաստ չէր ունենա։

– Հաշվի առնելով ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ Հայաստանը չի մասնակցի այս ձևաչափին, եթե պարզվի, որ քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այլ ձևաչափերում արդեն իսկ քննարկման առարկա են, կարծում եք Հայաստանը կկարողանա՞ հրաժարվել հետագա մասնակցությունից տվյալ ձևաչափում, եթե, ինչպես դուք եք ասում, ակնհայտ է, որ 3+2-ում քննարկվելու են այդ հարցերը։

Քանի որ ամեն ինչ մեկնաբանությունների դաշտում է, ապա շատ հանգիստ կարելի է 3+2 ձևաչափում քննարկել դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը, սակայն դա մեկնաբանել այլ կերպ, այսինքն՝ ներքին լսարանի համար կարելի է այլ կերպ մեկնաբանել իրականությունը, մանավանդ որ կան հարյուր հազարավոր մարդիկ, որ հակված են հավատալու քո մեկնաբանություններին։ 

Այս ամենը մի կողմ թողնելով՝ կարծում եմ, որ Հայաստանն էլ է շատ լավ հասկանում, որ այս ձևաչափում քննարկվելու են բոլոր այն հարցերը, որոնք արդեն իսկ քննարկվում են այլ ձևաչափերում, և Հայաստանը գիտի, որ համաձայնություն տալով մասնակցել առաջին նիստին՝ համաձայնում է մասնակցել նաև հետագա քննարկումներին, իսկ թե ինչպե՛ս դրանք կներկայացվեն հանրությանը, կարծում եմ՝ այդքան էլ բարդ բան չէ բացատրություններ գտնելը։

– Պարո՛ն Պողոսյան, որքանո՞վ Հայաստանին կհաջողվի 3+2-ի գործունեության ընթացքում պետական շահն ապահովել ու առաջ տանել՝ հաշվի առնելով, որ այդ ձևաչափում գոնե երկու պետություն բացահայտ հայանպաստ քաղաքականություն չեն վարում։

– Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը համաձայնում է մասնակցել մի ձևաչափի, որտեղ կան Ադրբեջանն ու Թուրքիան, այսինքն՝ Հայաստանը համաձայնում է, որ Թուրքիան՝ որպես լիարժեք կողմ, մասնակցի թե՛ Արցախի ապագային վերաբերող հարցերի քննարկմանը, թե՛ Հայաստանի, ինչն ինձ համար անընդունելի է:

Դա նշանակում է անուղղակիորեն ընդունել, որ, այո՛, Թուրքիան իրավունք ունի ու կարող է մասնակցել այս քննարկումներին, մինչդեռ Թուրքիան Հայաստանի հանդեպ ուղղակիորեն վարում է թշնամական քաղաքականություն, ուղղակիորեն մասնակցել է Արցախի ջախջախմանը, հիմա էլ հանդես է գալիս Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի տարածքվ Ադրբեջանն ու Թուրքիան կապող միջանցքի պահանջով։ Բայց քանի որ մենք հիմա առավել կախված ենք Ռուսաստանից, ու եթե Ռուսաստանը պահանջել է Հայաստանից մասնակցել այս ձևաչափին, մերժման իրական հնարավորություն չեմ տեսնում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am