Թբիլիսիի հայկական թատրոն. չնայած վթարային վիճակին, երբ պատերն ամեն վայրկյան կարող են փլչել, դերասանները շարունակում են աշխատել

Թբիլիսիի հայկական թատրոնում ներկայացումների փորձերը, որպես կանոն, սկսվում են ժամը 15-ին. հայկական թատրոնը եկամտաբեր չէ, և դերասանները ստիպված են կողմնակի աշխատանք ունենալ: Ահա թե ինչու թատրոնում դերասանների «շունչն» զգացվում է միայն կեսօրից հետո:
Դերասաններից շուտ թատրոն գալիս է տնօրենը` Ֆելիքս Խաչատրյանը: Նա երանությամբ է հիշում 70-ականները, երբ ներկայացումների ժամանակ թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր:
1824-ին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում հիմնված հայկական թատրոնի ներկայացումները սկզբնական շրջանում խաղում էին թե´ դպրոցում, թե´ այլ թատրոնի բեմերում: 1921 թվականի մայիսի 1-ին թատրոնը ստանում է պետական կարգավիճակ և կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն:

Իսկ 1936-ին արդեն Թիֆլիսի հայտնի հայկական Հավլաբար թաղամասում կառուցվում է թատրոնի շենքը, որը տարիներ անց` 1991 թվականին, վերանվանվում և դառնում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն:

Իր պատմության ընթացքում թատրոնում բեմադրվել են տարբեր ներկայացումներ: Թատրոնի պատմությունը փաստում է, որ ցնցող պրեմիերաներ են ունեցել թե´ հայ, թե´ արտասահմանյան դրամատուրգների պիեսները:

«Առաջներում այսպես կոչված ձիավոր ոստիկանություն էր կանգնում: Հետպատերազմյան տարիներին թատրոնի դռան առաջ այդ ոստիկանությունը կանգնում էր, որպեսզի կարողանային ժողովրդին կարգավորել: Երբ նոր էի եկել թատրոն որպես դերասան, 13-17 անշլագ ունեցող պրեմիերաներ եղան»,- պատմում է Ֆելիքս Խաչատրյանը:

Նա հյուրերին հաճույքով է ցուցադրում թատրոնի շենքը, հիշեցնում ժամանակին Վրաստանում հայտնի հայ դերասանների անունները: Ապա հրավիրում է դատարկ դահլիճ: Այստեղ հազվադեպ է օտար մարդ մտնում: Թբիլիսիի հայկական թատրոնն արդեն վաղուց հանդիսատես չի ունեցել,  որի պատճառը շենքի վթարային վիճակն է:

Թատրոնում կան անկյուններ, ուր աշխատակիցները փորձում են ընդհանրապես ոտք չդնել: Այստեղ պատերը լցված են խոնավությամբ, լայն խոռոչները տեղ-տեղ հասնում են ահռելի չափսերի: Այստեղ հայտնվողները, իրենցից անկախ, սկսում են շշուկով խոսել: Թվում է` եթե բարձրաձայն ինչ-որ բան ասես, պատերը փուլ կգան գլխիդ:

«Շենքը վթարային է, բայց թատրոնի աշխատանքները չեն ընդհատվել: Մենք փորձում ենք շարունակել աշխատանքը, ճիշտ է, բեմում չենք կարող խաղալ, բայց շրջաններ, գյուղեր հյուրախաղերի մեկնել, փառատոների մասնակցել` կարող ենք»,- «Մեդիալաբին» ասում է Ֆելիքս Խաչատրյանը:

Նման անմխիթար շենքային պայմաններում հանդիսատեսի համար ներկայացումներ տալը, ըստ տնօրենի, պարզապես անթույլատրելի է: Թերևս դա է պատճառը, որ թատերախումբը հաճախ է շրջագայում: Լինում են գրեթե ամենուր, որտեղ հայ հանդիսատես կա, հատկապես հայաբնակ Ջավախքում: Հաճախ են հյուրախաղերով գալիս Հայաստան, լինում տարբեր մարզերում: Ներկայացումներ են ունենում նաև Երևանում:

«Օրերս հանձնեցինք Ջոն Պատրիկի «Թանկագին Պամելլան», որով պատրաստվում ենք նաև Երևան գալ: Իսկ մոտ 10-15 օր առաջ էլ Լոռվա փառատոնից մեր դերասանները լավագույն դերակատարման համար շահած երեք մրցանակներով վերադարձան»,- ասում է թատրոնի տնօրենը:

Թբիլիսիի հայկական թատրոնը քաղաքի այն եզակի վայրերից է, որտեղ կարելի է հայերեն լսել: Այն ոչ միայն արվեստի, այլև հայապահպանման կենտրոն է: Դերասան Սերգեյ Սաֆարյանը դա սեփական փորձով է ապացուցում:

«Իմ հայերենը լավ հայերեն չի: Ես ռուսական կրթություն ունեմ: Շատ շնորհակալ եմ մեր թատրոնի բոլոր ռեժիսորներից, որոնց հետ աշխատել եմ, որոնք ինձ սովորեցրել են հայերեն լեզուն, որ ես կարող եմ գրել-կարդալ»,- «Մեդիալաբին» ասում է դերասանը:

Նրա խոսքով` թատրոնն իրեն ապրելու և ստեղծագործելու մեծ լիցքեր է տալիս: Հավանաբար, դա է պատճառը, որ խոսելով շենքի վթարային վիճակի մասին, Սերգեյի ձայնը ցածրանում է:

«Մեզ դա անհանգստացնում է, բայց մենք շատ մեծ հույսեր ունենք, որ շենքը կվերանորոգեն: Երևի կգա այդ ժամանակը»,- ասում է նա:

Մինչդեռ նրա գործընկեր, դերասանուհի Նարե Պողոսյանը թատրոնի ապագայի խնդիրը լուծելու հարցում մարտական է տրամադրված: Նրա կարծիքով` այժմ, ավելի քան երբևէ, պետք է շատ աշխատել:

«Մեզ մոտ հիմա աշխատում է երեք խումբ, զուգահեռաբար երեք ներկայացում է պատրաստվում: Նման տրամադրություն չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ թատրոնը վթարային չէր: Հիմա մենք ձգտում ենք ավելին անել, քան այն տարիներին, երբ թատրոնում այսպես կոչված նորմալ աշխատանքային գործընթաց էր»,- «Մեդիալաբին» ասում է Նարե Պողոսյանը:

Այս պահին բեմադրվող պիեսներից թերևս ամենազվարճալին մշակվել է հենց Թբիլիսիի հայկական թատրոնում: Այն իր բովանդակությամբ արդիական է և խոսում է թե´ թատրոնի, թե´ հասարակության հիմնական կարիքի մասին:

«Այս պիեսը որպես այդպիսին ծնվել է մեր թատրոնում: Բայց ի սկզբանե այն հիմնված է Սերգեյ Բելով անունով բեմադրիչի պիեսի վրա: Այդ պիեսն այժմ շատ ճանաչված է Ռուսաստանում և կոչվում է «Մամուլյա»,- պատմում է բեմադրող ռեժիսոր Լևոն Ուզունյանը: – Մենք այս ներկայացման հիման վրա մեր տարբերակն ենք ստեղծել, որը կոչվում է «Հրատապ 5000 եվրո է հարկավոր»:

Թբիլիսիի հայկական թատրոնի գլխավոր մուտքը փակ է, դերասանները շենք են մտնում հետնամուտքից: Թատրոնում զգույշ են քայլում, նրանց զգուշացրել են, որ պատերն ամեն վայրկյան կարող են փուլ գալ:

Դերասանները, սակայն, աշխատում են չնկատել պատերի լայն խոռոչները և համբերատար սպասում են Վրաստանի կամ Հայաստանի կառավարության «եվրոներին»:

«Ճիշտ է, մենք Վրաստանի մայրաքաղաքում ենք գտնվում, բայց հոգով ու սրտով հայկական թատրոն ենք: Մինչև կպարզվի, թե վերանորոգումն ի´նչ միջոցներով է կատարվելու, քանի որ խնդրին տեղյակ են թե´ Վրաստանի և թե´ Հայաստանի իշխանությունները, մեր գործը հայերեն խաղալն է»,- ասում է թատրոնի տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարները` Յուլիաննա Սիրանյանի

Թբիլիսի

© Medialab.am