«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը
– ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական խումբը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ արգելվելու է անանուն աղբյուրներին, կլինեն դրանք կայքեր թե տելեգրամյան ալիքներ կամ ֆեյսբուքյան էջեր, հղում տալը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը։
– Դուք գոնե հասկացե՞լ եք, թե ինչի մասին է խոսքը։ Մենք երեկվանից փորձում ենք այդ գլուխկոտրուկը լուծել, հասկանալ՝ ինչի՛ մասին է նախագիծը։ Իշխանությունները չեն ասում, որ դրա բուն նպատակը քաղաքական է՝ քաղաքական զարգացումների շեմին՝ դա կլինի ԱԺ լուծարման տարբերակով, արտահերթ ընտրությունների, թե՞ որևէ այլ ձևով։
Դրան ընդառաջ նրանք քաղաքական խնդիր են ուզում լուծել, ինչի մասին անկեղծ չեն ասում, ինչպես նաև չեն ասում ու չեն ասելու, որ դա ուղղված է տելեգրամյան որևէ ալիքի դեմ։
Բայց նշեմ, որ նրանց այդ նախագծերը որևէ հաջողություն չեն ունենալու, եթե նույնիսկ, ինչպես իրենք են իրենց գործընկերների մասին ասում, 80 և ավելի ուսապարկերը կողմ քվեարկեն։
Դա կյանք չի մտնելու, չի կարող կենսագործունեություն ունենալ, որովհետև դու չես կարող ինֆորմացիայի, ինչպես նաև ջրի հոսքը կանգնեցնել, աղբյուրը փակել։ Եթե դու իքս տելեգրամյան ալիքը կամ կայքը ուզում ես փակել ու նման ձևով պայքարել դրա դեմ, դրա փոխարեն կստեղծվեն ուրիշները։
Օրինակ՝ որևէ մեկը դրսում կբացի տելեգրամյան որևէ ալիք ու նույն նյութերը կտա։ Այսինքն՝ դու խնդիրդ չես լուծելու, դա առաջացնելու է քաշքշուկ, տուգանքներ կնշանակվեն, մեդիաների համար գլխացավանք կլինի, բայց արդյունքում նրանք չեն կարողանալու դրա դեմ պայքարել։
Եվ ամբողջ այս խնդիրն այն է, որ նրանք նորից ազնիվ չեն։ Նրանց ամբողջ գործունեությունը և պաշտոնական լրահոսի նկատմամբ հասարակության մոտ առաջացած այս ամբողջ անվստահությունը հենց իրենց գործունեության, ֆեյքային ինֆորմացիոն հոսքերի, մանիպուլյացիաների հետևանք է։
Պատերազմն օրինակ էր, Արծրուն Հովհաննիսյանը դարձել էր դրա սիմվոլը, ցավոք սրտի։ Եվ մենք տեսանք, որ երբ կեղծ ինֆորմացիա են գեներացնում, ինչ է լինում։ Ամբողջ իշխանությունն արդեն մոտ երեք տարի ֆեյք նյուզ է վերարտադրում, զարգացնում։
Հասկանալի է բոլորիս համար, որ հերթը գալու է ու հասնելու հենց մեդիաներին, նրանք մոտենում էին։ Հիմա թե ով ինչպես կմեկնաբանի այս նախագիծը, արդյոք սրանով փորձում են տարբերակել՝ ո՞րն է ԶԼՄ, ո՞րը՝ չէ, արդյոք փորձում են գնալ մի բանի դեմ, որը խոսքի ազատության համար սկզբունքային ու առանցքային է, չգիտեմ։
Մենք հիմա մի աբսուրդի թատրոնի մաս ենք կազմել, երբ երկիրը նման լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, և իշխանությունները հերթական մահակն են իջեցնում մամուլի գլխին։
– Որպես Ժուռնալիստների միության նախագահ՝ ձեզ չի՞ մտահոգում մեդիա դաշտի վիճակը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ մեթոդներով պետք է այսօր պայքարել ֆեյք նյուզի դեմ։
– Եթե ես նույնիսկ լինեի ԱՄՆ ժուռնալիստների միության նախագահը, էլի այդ հարցերն ինձ համար արդիական էին լինելու ու միանշանակ պատասխան չունեցող։
Ամբողջ աշխարհն է փորձում դրա դեմ պայքարել։ Պայքարի գործիքներից մեկն այն է, որ իշխանությունները չստեն, որպեսզի հասարակությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահություն ունենա։
Ի սկզբանե, երբ հեղափոխական իշխանությունը եկավ իշխանության, մենք նրանց շատ կարևոր մի բան ասացինք՝ դադարեցրե՛ք Ֆեյսբուքը, սոցիալական ցանցերը գործածել որպես պաշտոնական ինֆորմացիա տրամադրելու հարթակ։
Դուք ունեք ձեր կայքերը, մամուլի ծառայություններ, բյուջեից հսկայական գումարներ են մսխվում այդտեղ, փորձե՛ք տարանջատել։ Սոցիալական ցանցը սոցիալական ցանց է, լրատվամիջոցն ինքը պատասխանատվություն է կրում իր հրապարակած նյութի համար։
Նրանք չարեցին։ Օրինակ՝ լրատվամիջոցը զանգում էր նախարարին, հարց տալիս, նախարարն ասում էր՝ մի քիչ սպասեք, Ֆեյսբուքում գրառում եմ անելու։
Ինչպե՞ս տարբերի հասարակությունը, հասարակության ֆիլտրերը այնպես չեն աշխատում, ինչպես մեր ոլորտի ներկայացուցիչների մոտ, մարդիկ չեն կարողանում ֆիլտրել։
Իսկ հիմա, երբ տոտալ անվստահություն կա, և պետական մարմիններն իրենք կեղծ տեղեկատվություն են տալիս, խուսափում են ինֆորմացիա տրամադրելուց, չունեն թափանցիկություն, համագործակցության որևէ ձևաչափ լրատվամիջոցների հետ, առաջանում են տարբեր տելեգրամյան ալիքներ, սոցիալական ցանցերում էջեր են բացվում։
Դրանք էլ են հաղորդակցության մաս կազմում։ Պատերազմն այդ օրինակը ցույց տվեց, մարդիկ գիտեին, որ կեղծ տեղեկատվություն էր տրվում, օրեր առաջ Շուշին հանձնել են, և իրենք դեռ ասում էին՝ «հաղթելու ենք», «Շուշին մերն է»։
Որքան էլ ռազմական դրության սահմանափակումներով մեր առաջ տուգանքներ էին դրված, բայց առաջացան ֆեյսբուքյան էջեր, Թվիթերում գրառումներ կատարողներ եղան, որոնք ճշմարտությունը տեղ էին հասցնում։
Մարդն ուզում է ճշմարտությունն իմանալ, դա բնական կարիք է։ Իսկ հիմա արդեն ուշ է այս իշխանություններին ինչ-որ բան ասելու համար։ Հիմա ուղղակի պետք է փորձենք կանխել, որովհետև հետո դժվար է լինելու։
Նրանք հավերժ չեն, բայց այս նախագծերը հետո պետք է փոփոխես, որովհետև վնաս են հասցնում դաշտին, ոչ մի բան չեն ուղղում ու չեն շտկում։ Ինչո՞ւ, որովհետև նրանք ստում են ի սկզբանե։
– Ոլորտի մասնագետների կողմից նաև կան առաջարկներ, որ ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրները պետք է բաց լինեն։ Հիմա, օրինակ՝ ունենք տեղեկություններ, որ որևէ հեռուստաընկերություն այս կամ այն քաղաքական գործչի կողմից է ֆինանսավորվում, բայց չկա պաշտոնական տեղեկություն։ Ի՞նչն է խանգարում, որ ֆինանսավորման աղբյուրները բաց լինեն, դաշտում այս խառնաշփոթը չլինի։
-Եթե որևէ մեկը գա, ով ամբողջ կյանքում կեղծիքների մեջ է խրված եղել, հայտնի է մանիպուլյատիվ գործունեությամբ ու սկսի ձեզ հետ խոսել ազնվությունից, ճշմարտությունից, դուք կվստահե՞ք։
Ի վերջո, դուք ունեք բնական հիշողություն, թե այդ մարդն ով է եղել, ինչ է արել իր ողջ կյանքում։ Դուք համեմատում եք ու հասկանում, որ նա սուտ է ասում։ Իհարկե, բոլորս ուզում ենք գալ թափանցիկության դաշտ, բաց լինենք, բայց երբ դրա մասին խոսում է մեկը, ով ամբողջ իր ընտանեկան լրատվամիջոցը պահել է շանտաժներով, թաքցրել է իր ֆինանսավորման աղբյուրները, դուք կհավատա՞ք։
–Լավ, եթե չհավատանք իշխանություններին, այդուհանդերձ, ո՞րն է ձեր կարծիքն այս հարցի մասին, պե՞տք է դաշտում թափանցիկություն լինի։
– Իհարկե պետք է, դրա անհրաժեշտությունը կա։ Ավելին, մենք՝ մեդիաներս, ունենք դրա կարիքը։ Բայց մեդիան մի՛ դիտարկեք որպես առանձին օրգանիզմ, այն շաղկապված է մեր կենսագործունեության բոլոր ոլորտների հետ։ Տնտեսության մեջ ինչ տեղի է ունենում, ազդեցություն է ունենում նաև մեդիայի վրա։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am