Թուրք վերլուծաբան. «Էրդողանը խաղից դուրս է թողել պետական կառույցներին».Ermenihaber

Թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան Մուրաթ Յեթքինն հերթական սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պետական կառույցների գործառույթները սահմանափակող կամ դրանք շրջանցելուն միտված քաղաքականությանը:

Յեթքինն իր այս պնդումը հիմնավորել է մի շարք օրինակներով՝ սկսելով հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին տարբեր առաջնորդների հետ Էրդողանի հանդիպումների կազմակերպման ձևից:

Թուրք լրագրողը, հղում անելով ասուլիսում Էրդողանի այն խոսքերին, որոնցով վերջինը պատմում է իր հանդիպումների մասին, նշել է, որ Թուրքիայի նախագահը նախընտրում է ինքնուրույն հաղորդակցության մեջ մտնել այլ առաջնորդների հետ՝ անտեսելով դիվանագիտական մի շարք արարողակարգեր: 

«Սա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերություններում էլ է երևում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ Թուրքիային ամեն տեսակի վատություն արեց, սակայն Էրդողանը կարողացավ նրա հետ հարաբերությունները լավ ներկայացնել այն բանի շնորհիվ, որ կարողանում էր ամեն հարցով ԱՄՆ-ի նախագահի հետ ուղիղ կապ հաստատել:

Այսպիսով, Թուրքիայի շահերի տեսանկյունից կառավարման հետ կապված մեծ թերություն է առաջ եկել: Կարծես՝ այլ երկրների ղեկավարներին ցանկանում է ասել, որ եթե Թուրքիայի պետական կառույցների հետ չլուծված հարցեր ունեն, ապա դրանք կարող եք լուծել ուղիղ իր մոտ գնալով»,- գրում է Յեթքինը:

Նա, առաջ անցնելով, նշում է, որ Էրդողանի՝ «կառույցները արանքից հանելու» մոտեցումը, որն արդեն մտասևեռման է վերածվում, տարածվում է ոչ միայն դիվանագիտության, այլև բոլոր ոլորտների վրա:

Թուրք վերլուծաբանի խոսքով այս գործընթացը սկսվել է 2018-ին Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո:   

Ըստ Յեթքինի՝ քանի որ Էրողանը որևէ կախվածություն չունի խորհրդարանից, դատարաններից ու նույնիսկ սահմանադրությունից, կարծում է, որ մյուս առաջնորդներն էլ նույնպես չպետք է այդ կառույցներից կախվածություն ունենան և հետևաբար նրանցից ևս անհատական մակարդակում կայացրած որոշումներ է սպասում:

Գալով Թուրքիայի ներքին կյանքում կառույցները խաղից դուրս թողնելու հետևանքներին՝ սյունակագիրը նշում է, որ գուցե դա օգնում է երբեմն անհարկի մրցույթների ու որոշ ներդրումների դեպքում, սակայն մնացած բոլոր առումներով վնասում է, քանի որ պետական կառույցները մի շարք ոլորտներում սկսել են նախկինից ավելի դանդաղ ու ծանր աշխատել:

«Բոլոր հարցերը, մինչև անգամ սովորական առօրյա գործերի լուծումը հանրապետության նախագահին կապելու հետևանքով մի շարք լուրջ ոլորտներում հնարավոր չի լինում որոշումներ կայացնել:

Անկարայի կուլիսներում պնդում են, որ Էրդողանի սեղանին ստորագրմանը սպասող հազարավոր փաստաթղթեր կան»,- գրել է Յեթքինը:

 Աղբյուր` Ermenihaber.am