Օտարերկրացիները ևս պատվաստվում են Հայաստանում, բայց նրանց թիվը փոքր է. Առողջապահության նախարար

Հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը ներառյալ պատվաստվել է 58108 անձ, որոնցից 56010-ը եղել են ՀՀ քաղաքացիներ, և միայն 2096-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Հայաստանում պատվաստման գործընթացը:

Օտարերկրյա քաղաքացիները, նախարարի փոխանցմամբ, ևս պատվաստվում են Հայաստանում, բայց այն փոքր համամասնություն ունի ընդհանուր պատվաստումների վիճակագրության մեջ:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ակնկալվում է չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի մատակարարումը. պայմանագիրն արդեն իսկ կնքված է: «Ունենք նաև նվիրատվության խոստումներ: Որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ տեխնիկական հարցերը ճշգրտելու և պրոցեսն առաջ տանելու»,- ասաց նա: