Ավինյանն անդրադարձավ արտերկիր մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների խնդրին, որոնք այս օրերին ցանկանում են մեկնել արտերկիր, սակայն սահմանների փակ լինելու պատճառով բախվում են որոշակի խնդիրների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանը խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում նշեց, որ այդ հարցը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է:

«Ինչ վերաբերում է այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորությանը, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը քաղաքացիներին հորդորեց հանգիստն անցկացնել Հայաստանում:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: