Ռուս խաղաղապահները Մարտակերտ են հասցրել սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար փաթեթներ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտակերտ են հասցրել սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար փաթեթներ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ըստ աղբյուրի, սննդամթերքի փաթեթները և առաջին անհրաժեշտության իրերը փոխանցվել են փախստականներին, ովքեր վերադարձել են իրենց տները եւ բնակավայրի այլ կարիքավոր բնակիչներին: Նշվում է, որ մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ, որոնք պարունակում են սնունդ եւ առաջին անհրաժեշտության իրեր:

Բացի այդ, ըստ աղբյուրի, Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում և Մարդակերտում շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը:

Հիմնականում ռուս ռազմական բժիշկներին դիմում են քրոնիկական հիվանդություններով տառապող տեղի բնակիչները, ովքեր հակամարտության սրման ընթացքում զրկվել են որակյալ բժշկական օգնություն եւ անհրաժեշտ դեղեր ստանալու հնարավորությունից: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացիների, այդ թվում՝ 63 երեխաների: