«Խորհրդարանը հայտնվելու է քաղաքական լեգիտիմության լուսանցքում, իսկ դրանից մինչև ամբողջ խորհրդարանի ճգնաժամ կես քայլ է». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, խորհրդարանական «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից երեքը հրաժարվել են պատգամավորական մանդատից։ Մանդատներից հրաժարումն արդյոք նշանակո՞ւմ է, որ դաշինքը կազմաքանդվում է։

– Ամռան սկզբին դեռ կանխատեսել էի նման սցենար, երբ Արթուր Վանեցյանը վայր էր դնում իր մանդատը։ Ես մի քանի հարցազրույցներում ընդդիմության կրախ էի կանխատեսել, ինչը հիմա իրականություն է դառնում։ Խորհրդարանում փաստացի այլևս գոյություն չունեն «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները, որովհետև երկու դեպքում էլ դրանց մաս կազմող երկու կուսակցություններից մեկը լքել է դաշինքը։ Իհարկե, մենք գիտենք, որ «Վերածնվող Հայաստանը» ֆեյք կուսակցություն էր, բայց, այնուամենայնիվ, ֆորմալ առումով դաշինքաստեղծ կուսակցություններից մեկն էր։

Հետևաբար, եթե ամռան սկզբին արձանագրեցինք, որ գոյություն չունի «Պատիվ ունեմ» դաշինք, այլ դրա տակ գոյություն ունի քողարկված Հայաստանի հանրապետական կուսակցություն, այսօր կարող ենք վստահ ասել, որ այլևս գոյություն չունի «Հայաստան» դաշինք, գոյություն ունեն ՀՅԴ ու որոշ գործիչներ, որոնք հարում են Քոչարյանի շրջապատին։

Ստույգ տեղեկություն ունեմ, որ առաջիկա 10 օրվա ընթացքում ևս 3 պատգամավոր լքելու է «Հայաստան» դաշինքը, այս անգամ արդեն՝ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից։ Այս ամենը տեղի ունեցավ, որովհետև ընդդիմությունը տապալեց իր վա բանկային պայքարը, հիշո՞ւմ եք, որ փողոց էին դուրս եկել այլևս խորհրդարան չվերադառնալու պայմանով կամ կվերադառնային, որ ամբողջացնեին Նիկոլ Փաշինյանի հեռացման ակտը։

Բնականաբար, սա ձախողելուց հետո իրենք կա՛մ պետք է շատ արագ, իրենց գործունեությունն անալիզի ենթարկելով, տրանսֆորմացիայի ենթարկեին իրենց վարքագիծը, կա՛մ պետք է հայտնվեին ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ։

Բնականաբար, անձնակենտրոն այնպիսի համակարգ, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի դաշինքն էր, չէր կարող մոդեռնիզացիայի ենթարկվել, ու նրանք որևէ շրջադարձի դեպքում պառակտվելու էին։ Տվյալ դեպքում այդ շրջադարձը խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու որոշումն էր, բայց սա այսբերգի երևացող մասն է, այնտեղ կային նաև շահերի բախումներ, տարբեր տնտեսական, նյութական հետաքրքրություններ, որոնք բերեցին այս տխուր հանգրվանին, երբ ընդդիմադիր դաշինքները դադարել են գոյություն ունենալուց, որից խորհրդարանի որակը միայն տուժելու է, որովհետև խորհրդարանը հայտնվելու է քաղաքական լեգիտիմության լուսանցքում, իսկ դրանից մինչև ամբողջ խորհրդարանի ճգնաժամ կես քայլ է։

Առանց այդ էլ մենք որակյալ ընդդիմություն չունենք, ինչն ազդում է խորհրդարանի արդյունավետության վրա, եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ խորհրդարանական մեծամասնությունը որակներով չի փայլում, կարելի է ենթադրել, որ շատ արագ խորհրդարանում տեղի է ունենալու քաղաքական փոշիացման գործընթաց, ու խորհրդարանը դառնալու է քաղաքական-պետական համակարգերի կույր աղիքը։ Նման դեպքերում կա՛մ դա հանգեցնելու է պետական ամբողջ համակարգերի դեգրադացման, կա՛մ իշխանությունը ստիպված է լինելու մեկ տարվա-տարիուկեսի ընթացքում նշանակել արտահերթ ընտրություններ։

– Եթե ամեն բան ձեր ասած սցենարով զարգանա, իշխանությունը կգնա՞ արտահերթ ընտրությունների։

– Չէ՛, իշխանությանը, գոնե առայժմ, Հյուսիսային կորեական մոդելը ձեռնտու է։ Իրենք ձև կտան, թե ոչինչ չեն նկատում։ Ֆորմալիստական մոտեցում եթե ցուցաբերենք, ճգնաժամ չկա, որովհետև գնացողների փոխարեն մանդատները կվերցնեն հաջորդ համարի ներկայացուցիչները, ընդդիմությունը կիսատ-պռատ կգա խորհրդարան, եթե նույնիսկ չգա, քվորումի շեմը ընդդիմությունը, միևնույն է՝ ապահովելու է։

Իշխանությունն ամեն գնով կփորձի խուսափել արտահերթից, որովհետև դրանց արդյունքները շատ անկանխատեսելի են լինելու, հասարակության մեծ մասը տոտալ անվստահություն ունի բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Այս պայմաններում նաև շատ վտանգավոր է գնալ արտաքին քաղաքական շատ լուրջ քայլերի, օրինակ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման, որովհետև նման որակի խորհրդարանով նման բարդ գործընթաց սպասարկելը շատ ավելի դժվար կլինի։ Մենք ականատես ենք լինելու ընդդիմության, ըստ էության, բացակայության, իշխանության մոտ՝ ավտորիտար տրամադրությունների խորացման։

Բացառո՞ւմ եք, որ «Հայաստան» խմբակցության մաս կազմող ՀՅԴ կուսակցության անդամները ևս կհրաժարվեն մանդատներից, եթե նկատի ունենանք, որ մամուլում շրջանառվում են լուրեր, թե Իշխան Սաղաթելյանը ևս պատրաստվում է հրաժարվել մանդատից։

– Իշխան Սաղաթելյանն ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է, բայց դա պայմանավորված չէ, որ ինքը Դաշնակցության առաջին դեմքն է, այլ նրանով, որ իր դեմքով ձախողվեց փողոցային շարժումը։ Չեմ կարծում, որ Դաշնակցությանն այս պահին ձեռնտու են արտահերթ ընտրությունները, նման ներկայություն որևէ պարագայում իրենք նոր խորհրդարանում չեն ունենալու։ Իրենց ձեռնտու կլինի ընտրությունների մասին խոսեն, երբ իշխանությունը արտաքին քաղաքական ձախողում ունենա, բայց այս իրավիճակում նրանց ձեռնտու չէ։

– Պարո՛ն Սուրենյանց, եթե նկատի ունենանք միայն խորհրդարանում առկա քաղաքական ուժերին ու նրանցով գնահատելու լինենք Հայաստանի քաղաքական համակարգը, ինչպե՞ս կգնահատեք։

– Մենք քաղաքական համակարգ չունենք, ունենք իշխանություն անձնակենտրոն, ավելի մեղմ ասած՝ խորհրդարանում կա 71 Նիկոլ Փաշինյան, որոնք քվեարկում են այնպես, ինչպես ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Այդպես է «Պատիվ ունեմ» խմբակցությունը. նրանք էլ կատարում են Սերժ Սարգսյանի հրահանգները։

«Հայաստան» դաշինքում դեռևս շարունակվում են խմորումները, Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունն ակնհայտորեն թուլացել է, նրա խմբակցության պատգամավորներն այլևս չեն հավատում նրա իշխանության գալու հեռանկարին, տեսնենք՝ տակն ի՛նչ կմնա, բայց ինչ էլ մնա, այդ խմբակցությունը մնալու է Ռոբերտ Քոչարյանի գրպանում։ Այսինքն՝ ունենք ներկայի ու անցյալի լաբիրինթոսում գտնվող մի տխուր իրականություն, որը քաղաքական համակարգ համարելը մեծ շռայլություն կլինի։

Դուք մշտապես նշում եք, որ «Հայաստան» խմբակցությունը «Նիկոլ Փաշինյանի թթվածինն է», ու առանց մեկը մյուսի կյանք չունեն, բացառո՞ւմ եք, որ Քոչարյանի ղեկավարած խմբակցությունն ամբողջությամբ հրաժարվի պատգամավորական մանդատներից։

– Այո՛, դաշինքը թթվածնի իր առաքելությունը մինչև վերջ կկատարի։ Հիմա ավելի շատ եմ պնդում իմ ասածը, այլ խնդիր է, որ թթվածինը պակաս արդյունավետությամբ է աշխատելու, իշխանությունները մանիպուլյացիաների դիմելու փոխարեն կդիմեն բացահայտ ավտորիտար քայլերի՝ «բոբո» ընդդիմությանը մատնացույց անելով՝ իրենց գործողությունների սանձարձակությունն ավելի կմեծացնեն։

Արդեն նկատում ենք, որ իշխանությունն առանց անհարմար զգալու մարսում է մի շարք դեպքեր, օրինակ՝ Վանաձորում պարեկների այլանդակությունները, Փաշինյանի ավտոշարասյան դիմաց նույն ձևով են ճանապարհ բացում, ինչ ժամանակին Քոչարյանի համար էր արվում։ «Պրիվետ, Ռոբից» մինչև «Պրիվետ, Նիկոլ» մնացել է կես քայլ, հիմա հասնում ենք մի փուլի, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն թթվածին է դառնում Նիկոլ Փաշինյանի համար, այլև մի տխրահռչակ քաղաքական մշակույթի թանգարան, որից Փաշինյանը, վատ իմաստով, ընդօրինակելու բազմաթիվ բաներ ունի։

– Իսկ ձեր ասած այդ «մինչև վերջը» ո՞ր կետն է, պարո՛ն Սուրենյանց։

– Ձեզ տված հարցազրույցներից մեկում ես կանխատեսել եմ, որ այս խորհրդարանը իր մանդատն ամբողջությամբ չի սպառելու՝ հիմնականում արտաքին քաղաքական պատճառներով, որովհետև ներքին քաղաքականություն, ըստ էության, մենք չունենք։ Արտաքին քաղաքական պատճառներով ենք ունենալու արտահերթ ընտրություններ, իմ ենթադրմամբ՝ մյուս տարեվերջին կամ 2024-ի սկզբին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am