Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ և անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք․ Վարչապետի ուղերձը. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմել է ժողովրդին։

Նա մասնավորապես ասել է․

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու։ Հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ-ի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին։

Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա։ Եվ առավել եւս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։

Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ եւ անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք։ Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում։

Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ըդնունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը, ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։

Սա հնարավոր է դարձել մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ դրանք վայելելու հայ ժողովորդի իրավունքը։

Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար։