Ինչքան էլ մենք մեզ բարիկադավորենք, միևնույն է, ունենք մի Հայաստան․ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին. Factor.am

Factor.am-ի հարցերին է պատասխանել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը

– Նախորդ շաբաթ մամուլը գրեց, որ Դուք դուրս եք գալիս «Պատիվ ունեմ» դաշինքից։ Դուք ո՛չ հերքեցիք, ո՛չ հաստատեցիք՝ խոստանալով պատասխանել երկուշաբթի օրը։ Այսօր երկուշաբթի է։

-Այս պահի  դրությամբ՝ նման բան չկա, որն ամենևին չի նշանակում, որ մեկ օր, մեկ շաբաթ, կամ մեկ ամիս հետո չի կարող տեղի չունենալ՝ կապված որոշակի քննարկումների հետ։ Դուրս գալու կամ չգալու մասին լուրն առաջարկում եմ ինձանից լսել։ Սա ամենակարճ և ամենաօբյեկտիվ ճանապարհն է։

-Այնուհանդերձ, ո՞րն է նման  մտադրության պատճառը․  մամուլը գրում է, որ Ձեզ վրա ճնշում են քրեական գործերով, Ձեզ համոզել է Խաչատուր Սուքիասյանը, որ դուրս գաք դաշինքից և այլն։

-Ձեր թվարկած ցանկը կիսատ է, էլի կային վարկածներ, նույնիսկ ավելի հետաքրքիր ու ավելի զավեշտալի։ Ինձ չեն ճնշում, ինձ չեն համոզում, ինձ չեն սպառնում, ես կուսակցություն չեմ ստեղծում և այլն։

-Հնչեց նաև ձևակերպում, որ Ձեր ընտրությունը արժանապատվության և Խաչատուր Սուքիասյանի միջև է։

-Այդ ձևակերպման ամենաառաջին արձագանքը պետք է լինի հորդորս՝ մարդկանց մասին արտահայտվեք հարգանքով։ Ով էլ լինի՝ թիմակից, թե քաղաքական ընդդիմախոս, պետք է արտահայտվել հարգանքով՝ անուն-ազգանունով, պարոնով՝ ինչպես կուզեք, բայց հարգանքով։ Ինչ վերաբերում է իմ և Խաչատուր Սուքիասյանի հարաբերություններին, ապա դա ես երբեք՝ ոչ տարիներ առաջ և ոչ էլ հիմա, որևէ պարագայում չեմ թաքցրել: Մենք կարող ենք տարբեր հարցերի շուրջ ունենալ նույն կամ տարբեր կարծիքներ, կարող ենք ունենալ լավ բարեկամական հարաբերություններ,  բայց տարբեր տեսակետներ։ Ամեն ինչ կարող է լինել, բայց չի կարող լինել համոզելու-չհամոզելու խնդիր և այլն, ինչպես գրում է մամուլը։ Կա մի տարիք, կա մի անցած ճանապարհի արժեք, որը ենթադրում է հարաբերությունների այլ որակ, հիմնված  հարգանքի, իրար լսելու, իրար հետ հանգիստ քննարկելու մշակույթի վրա։ Ինչ վերաբերում է իմ ընտրության տարբերակներին, ապա այն շատ երկար տարիներ եղել է անփոփոխ՝ եթե կարող եմ իմ երկրին օգուտ տալ՝ ես անպայման դա կանեմ, վնասել՝ երբեք։

-Իսկ հնարավո՞ր է առաջիկայում միանաք  «Հայաստան» դաշինքին։

-«Հայաստան» դաշինքը ձևավորվել է ընտրություններից առաջ։ Այդ դաշինքում էլ կան զգալի թվով լուրջ, պրոֆեսիոնալ, ազգասեր մարդիկ։ Ես մասնակցել եմ ընտրություններին այլ ձևաչափով։ Հիմա բոլորս ԱԺ-ում աշխատում ենք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում