«Թուրքիան պատրաստ է եղել այն գնին, որը հիմա վճարում է. Ռուսաստանի քայլը անակնկալ չէր նրա համար». Սուրեն Սուրենյանց

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Ռուսաստանը որոշել է դադարեցնել թուրքական մանդարինի ներկրումը: Ռուսական կողմի այս որոշման պատճառը ո՞րն է, ըստ ձեզ:

– Վերջին երկու օրերին շատ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Դոնբասում ուկրաինական զինված ուժերի կողմից կիրառվել է թուրքական «Բայրաքթար», և ես կարծում եմ, որ այս որոշումը ուղիղ հետևանք է այս իրողության: Այսինքն՝ երբ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամ է առաջանում, բնականաբար, Ռուսաստանը գործի է դնում տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը և փորձում է ցավոտ հարված հասցնել թուրքական տնտեսությանը: 

Ռուս-թուրքական հարաբերությունները շատ հետաքրքիր են. Ռուսաստանն ու Թուրքիան երբեք չեն կարող իրական դաշնակիցներ լինել, միևնույն ժամանակ՝ երբեք չեն կարող յոլա գնալ առանց իրար:

– Ոչ էլ իրական թշնամինե՞ր են դառնում:

– Այո՛, նրանք իսկապես բազմաթիվ հակասություններ ունեն և երբեք իրական դաշնակիցներ լինել չեն կարող, բայց քաղաքական կոնյունկտուրան միշտ անհրաժեշտություն է դարձնում Ռուսաստանի և Թուրքիայի սերտ համագործակցությունը տարածաշրջանային հարցերում: Համակեցության մի բանաձև կա, որ բնորոշ է միայն Ռուսաստանին ու Թուրքիային:

– Պարո՛ն Սուրենյանց, սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս երկրների հարաբերություններում:

– Թուրքիայի տնտեսությունը որոշակի վնասներ կկրի, նաև վարկանիշի վնաս է սա բնականաբար, բայց, կրկնում եմ՝ նրանք միշտ հակասություններ ունենում են, հետո կարողանում են ընդհանուր օրակարգ ձևավորել: 

Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց չեմ ուզում, որ մեր հասարակությունը հերթական անգամ ոգևորություն ու անտեղի սպասումներ իր մեջ ծնի, որովհետև խորապես համոզված եմ, որ այս փոխադարձ մեղադրանքներին, դիվանագիտական խայթոցներին հետևելու են բանակցություններն ու երկխոսությունը, գուցե Էրդողան-Պուտին նոր հանդիպման անհրաժեշտություն առաջանա, որի պարագայում դարձյալ սուր անկյունները հարթեցվելու են:

– Իսկ Դոնբասում նման քայլի գնալուց առաջ, ինչ եք կարծում, Թուրքիան հաշվի չի՞ առել ռուսական կողմի հնարավոր արձագանքը:

– Պատրաստ է եղել այն գնին, որը հիմա վճարում է: Էրդողանն ու Պուտինը գործիչներ են, որոնց կարող ենք տարբեր կերպ վերաբերվել, բայց նրանք բավականին պրագմատիկ օրակարգերով ու սառը տրամաբանությամբ առաջնորդվող գործիչ են ու միշտ կարողանում են մինուսներն ու պլյուսները հաշվարկել ու բալանսավորել: 

– Այսինքն՝ Թուրքիայի համար Ռուսաստանի այս քայլն անակնկալ չէ՞ր, պարո՛ն Սուրենյանց:

– Իհարկե ո՛չ, եթե նա Ուկրաինայի ձեռքով նման ոչ բարեկամական քայլ է արել Ռուսաստանի նկատմամբ, վստահաբար կանխատեսում էր, որ Ռուսաստանի կողմից էլ որոշակի քայլեր կլինեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am