Չեմ կարծում, թե Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը եղել է առանց միջնորդների. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը 

– Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած համատեղ հայտարարությունը։ Հայկական կողմն ասում է, որ սա լավ հիմք է խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ եթե ոչ մինչև տարեվերջ, ապա գոնե հետագայում, համակարծի՞ք եք։

– Ես չեմ կարծում, որ այդ պայմանավորվածությունը եղել է առանց միջնորդների, այսինքն՝ մենք կարող ենք խոսել, որ միջնորդները շատ հեռվից են աշխատել, անմիջականորեն ներկա չեն եղել երկու կողմի որևէ հանդիպման, բայց ես կարծում եմ՝ անուղղակիորեն միջնորդավորված լինելը անկասկած ու անխուսափելի է, որովհետև չեմ պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դեմ դիմաց նստելով, առանց որևէ երրորդ ազդեցության, առանց կողմնակի ազդեցության ինչ-որ բան պայմանավորվել որևէ զգայուն հարցի վերաբերյալ: 

Այս տեսանկյունից պատահական էլ չէ, որ համատեղ հայտարարությունը հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Բաքու կատարած այցից հետո, ու նաև այն ժամանակ, երբ Երևանում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: 

Այս իմաստով, ես կարծում եմ, ինչպես ընդհանուր այս տակտիկական գործընթացը, այնպես էլ խաղաղության պայմանագրի ամբողջական ստորագրման հեռանկարը էապես կախված է լինելու այդ երրորդ կողմերի միջև փոխհարաբերություններից: Ես նկատի ունեմ այն ուժային կենտրոնները, որոնք հավակնում են Կովկասում ունենալ կա՛մ առաջատարի, կա՛մ մոդերատորի կարգավիճակ, որոնք հավակնում են Կովկասում հաստատել իրենց ռազմավարությունը, Կովկասը տեղավորել իրենց ռազմավարության գոտում։ 

Մենք այստեղ տեսնում ենք այդ բավական բազմաբևեռ դիմակայությունը՝ տարբեր խաղացողների մասնակցությամբ, ու քանի որ այստեղ չկա որոշակիություն, և, առավելևս, չկա որոշակիություն ընդհանրապես ավելի լայն համատեքստով տարբեր այլ տարածաշրջանների ու աշխարհակարգի առնչությամբ, իսկ մենք այս հարցը չենք կարող դիտարկել այս ամեն ինչից անկախ, զատված, սա բավական ցածր է դարձնում որևէ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականություն, որևէ թղթի ստորագրում, որը գործնականում իսկապես կունենա հենց թղթի էֆեկտ, այսինքն՝ իրականությունը ոչ թե ենթակա կլինի այդ ստորագրվածին, այլ՝ ստորագրվածն ավելի շուտ ենթակա կլինի իրականությանը և դրա փոփոխություններին։ 

Այդպիսի մի զարգացում չեմ բացառում, որ կստորագրվեն ինչ-որ մտադրություններ կամ հուշագիր, հռչակագիր, սա չեմ բացառում, որ լինի, թեպետ, դարձյալ, շատ քիչ հավանական եմ համարում, բայց խաղաղության ամբողջական համաձայնագիր, որը կպարունակի բոլոր զգայուն հարցերի լուծում կամ առնվազն անդրադարձ ու կարևոր առումներով արձանագրում, ես դրա հնարավորությունը չեմ տեսնում։ 

– Կոնկրետ այս պայմանավորվածության չերևացող միջնորդն Արևմո՞ւտքն է։

– Կարծում եմ՝ Արևմուտքն ավելի մեծ մասնակցություն է ունեցել, իհարկե դա չէր կարող լինել առանց Թուրքիայի, նաև չէր կարող լինել Ռուսաստանի մասնակցությունից դուրս, մասնակցություն, այսինքն՝ որոշակի ազդեցություն, ներգրավվածություն: 

Ես նկատի չունեմ ուղիղ մասնակցություն, այսինքն՝ եթե Ռուսաստանը սկզբունքորեն դեմ լիներ նման մի համաձայնության, կարծում եմ, որ ակտիվորեն կաշխատեր այդ ուղղությամբ, կփորձեր ներգրավել Թուրքիային, Իրանին, այսինքն՝ սա մի հայտարարություն է, որը գուցե ձեռք է բերվել Արևմուտքի ակտիվ ու նախաձեռնող ներգրավվածությամբ, թեկուզ անուղղակի, ոչ անմիջական, բայց գործնականում բավարարում է բոլոր կողմերին, որովհետև սկզբունքորեն սա ինչ-որ հայտարարություն չէ, սա ավելի շուտ հռչակագրային բնույթի տակտիկական մի փաստաթուղթ է, որն ընդունվել է, որովհետև ոչ ոք դրան դեմ չի էլ եղել:

Այո՛, կարծում եմ, որ Արևմուտքն է եղել ակտիվ, ավելի շատ այն իմաստով, որ փորձ է արվել ստանալ մի իրավիճակ, երբ Ադրբեջանի մոտ կառաջանան մոտիվացիաներ գալ բանակցային պրոցեսի արևմտյան հարթակ, ու մյուս կողմից նաև Հայաստանի համար կլինի այս գործընթացին ներգրավվելու փաստարկ: Այս դեպքում գերիների վերադարձն է, այդ վստահության ուղղությամբ քայլերի մտադրությունը և այլն, բայց, կրկնեմ, մյուս դերակատարներն առնվազն չեն փորձել խոչընդոտել այսպիսի համաձայնության կայացումը։ 

– Պարո՛ն Բադալյան, իսկ միջնորդներին կհաջողվի՞ Ադրբեջանին բերել բանակցային սեղանի շուրջ, եթե նկատի ունենանք, որ վերջերս Ադրբեջանն ընդգծում է, որ բանակցությունները պետք է լինեն ուղիղ՝ առանց միջնորդների։

– Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պնդում է, թե պետք է լինեն երկկողմ, որովհետև այս համատեղ հայտարարությունից հետո Ալիևը հայտարարում էր, որ Բրյուսելի հարթակը կարևոր ձևաչափ է, ու նաև չեմ բացառում, որ նույնիսկ քննարկում են Վաշինգտոնում նորից հանդիպելու հնարավորությունը:

Սա է նաև ինձ հիմք տալիս մտածելու, որ Ադրբեջանն այս փաստաթղթի շուրջ գործընթացով ստացել է ինչ-որ բավարարող քաղաքական ազդակներ ու իր հերթին Հայաստանին վերադարձնելով 32 զինծառայող, ինչը գոնե այդ մի բաղադրիչով բավական ողջունելի է, նաև ինչ-որ բանով բավարարել է Երևանին, այսինքն՝ որպեսզի առերևույթ բոլորը բավարարված լինելու հնարավորություն ունենան։ 

Այս տեսանկյունից Ադրբեջանը փորձում է օգտագործել ամենատարբեր ձևաչափերը, գաղափարները։ Ալիևը այդ համաձայնությունից առաջ հայտարարում էր, որ եթե Վաշինգտոնը խոսում է Ադրբեջանի հետ նախկինի պես չհարաբերվելու մասին, ուրեմն կհամարեն, որ վաշինգտոնյան ձևաչափ չկա, ու կմնան բրյուսելյանն ու մոսկովյանը: Հետո գնաց Օ՛Բրայանը և հայտարարեց, որ կառուցողական քննարկումներ են ունեցել, հաջորդիվ տեսանք այս համատեղ հայտարարությունը։ 

Սա Ադրբեջանի խաղն է, Ադրբեջանը խաղում է, նա չի փորձում սկզբունքորեն հրաժարվել որևէ տարբերակից, հակառակը՝ փորձում է նորանոր տարբերակներ առաջ բերելով, առավել բազմազանեցնել խաղի տարածությունը: Ըստ էության, նույն սկզբունքով խաղում է նաև Երևանը, այլ հարց է, թե այստեղ ով ինչ խաղի հնարավորություն ունի, որովհետև այլ սկզբունք, կիրառման տարբերակ էլ չկան: 

Եթե, օրինակ՝ մենք ունենք պատկեր, երբ մի քանի աշխարհաքաղաքական բևեռներ սկզբունքային ռազմավարական նշանակության տարբեր աստիճանի էական ներգրավվածության անհրաժեշտություն են տեսնում կովկասյան գործընթացներին, մտնում են Կովկաս և փորձում են իրենց մոտեցումներն առաջ տանել, պաշտպանել և այլն, Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում չեն կարող մերժել ներգրավվելու որևէ մեկի փորձը, հետևաբար շատ ավելի արդյունավետ է գնալ ոչ թե մերժման ճանապարհով, այլ բազմազան խաղալու ճանապարհով: Հարցն այն է, թե ո՛վ որքան հմուտ, կոմպետենտ, պրոֆեսիոնալ ու նաև ուժային բալանսի տեսանկյունից որքան ավելի ծանրակշիռ խաղի հնարավորություն ունի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am