«Ուղիղ ութ օր երկրի տնտեսությունը կաթվածահար է լինում, սա հանցավոր շռայլություն է». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է տոնական արձակուրդների տեւողությանը։ Բաբաջանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորե։

«Սա անթույլատրելի, հանցավոր շռայլություն է

Այսօր՝ հունվարի 8-ին ավարտվում են ամանորյա ու սուրբծննդյան արձակուրդները և երկիրը վերջապես վերադառնում է բնականոն կյանք: Այս արձակուրդները ամենաերկարն են տարվա ընթացքում և դրանով՝ աննախադեպ ողջ աշխարհում: Եզակի թվով երկրներ կան, որոնցում ամանորյա արձակուրդները տևում են ամբողջ ութ օր, որովհետև ութօրյա արձակուրդները նշանակում են, որ այդքան ժամանակ երկիրը գործնականում դադարում է ապրել ու աշխատել:

Ուղիղ ութ օր երկրի տնտեսությունը գործնականում կաթվածահար է լինում, քանի որ չեն աշխատում տնտեսական ամենակարևոր ենթակառուցվածքները՝ առաջին հերթին բանկային համակարգը: Իսկ դա նշանակում է, որ ուղիղ այդքան ժամանակ երկրի տնտեսությունը, բիզնեսը գործնականում կտրվում է աշխարհից, քանի որ բանկային համակարգի աշխատանքի դադարի պայմաններում անհնար են դառնում տնտեսվարողների հարաբերությունները իրենց օտարերկրյա գործընկերների հետ:

Այդ իրավիճակը շղթայաբար հանգեցնում է տնտեսության մյուս ենթահամակարգերի ու ենթակառուցվածքների աշխատանքի դադարի և երկիրը գործնականում հայտնվում է ավելի քան մեկշաբաթյա ծուլության, անգործության ռեժիմում: Սա ուղղակի անթույլատրելի իրողություն է մի երկրի համար, որը հայտարարել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին: Սա ուղղակի անթույլատրելի իրողություն է մի երկրի համար, որը գտնվում է կիսապատերազմական վիճակում և հակառակորդի հետ մրցակցում է առաջին հերթին տնտեսության զարգացման հարթությունում:

Երկարատև ամանորյա արձակուրդներն իրականում ընդամենը պետական վարչարարության, վատ վարչարարության հետևանք են, ոչ ավելին, որովհետև երկարատև արձակուրդի պահանջարկ հանրությունը, առաջին հերթին տնտեսությունը չի ներկայացնում: Դրա ամենավառ վկայությունն այն է, որ սկսած հունվարի 1-ից Երևանում ու հանրապետության այլ բնկավայրերում գրեթե ամբողջությամբ գործում էին մանր, միջին ու մեծ վաճառատները, սուպերմարկետները, սննդի ու սպասարկման այլ օբյեկտները: Այսինքն՝ իրականում այս հարցում տնտեսությունը, բիզնեսը մի քանի քայլ առաջ է պետությունից, պետական կառավարումից: Իսկ դա նշանակում է, որ պետք է դադարեցնել երկարատև ամանորյա արձակուրդների պրակտիկան և արդեն հաջորդ տարվանից անցում կատարել 2-3 օրյա արձակուրդի ռեժիմի:

Ինչպես քաղաքակիթ ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կյանքը պետք է բնականոն հուն վերադառնա արդեն հունվարի 2-ից, առավելագույնը՝ հունվարի 3-ից:

Ի վերջո, եթե մենք խոսում ենք նաև ամանորյա տոնակատարությունների մշակույթի փոփոխության մասին, առաջին հերթին պետք է սկսենք ամանորյա անիմաստ ու իռացիոնալ երկարատև արձակուրդների պրակտիկան դադարեցնելուց: Որովհետև տոնի խորհուրդը որևէ կապ չունի տոնական օրերի քանակի հետ:

Հայաստանը կարիք ունի աշխատանքի, ամենօրյա, անդադար ու անդուլ աշխատանքի: Հանցավոր շռայլություն է տարվա մեջ ութ օր փաստացի դադարեցնել երկրի ու տնտեսության կյանքը հանուն ամանօրյա տոների, իսկ իրականում՝ հանուն համապետական ծուլության»: