Կոչ գործարար սիրիահայերին՝ Հայաստանում ներդրումների մասին. «Որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ եղեք»

Կոչ գործարար սիրիահայերին՝ Հայաստանում ներդրումների մասին. «Որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ եղեք»
Կոչ գործարար սիրիահայերին՝ Հայաստանում ներդրումների մասին. «Որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ եղեք»

«Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ»-ը տարածել է Հայաստանում մեծ խնդիրների առաջ կանգնած սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կոչը սիրիահայերին: Նա կոչ է անում «որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ լինել Հայաստանի իշխանավորների և նրանց ազգականների այսպես կոչված հովանավորչական ծառայությունների հանդեպ»:
Խուդյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Ես Էդմոնդ Խուդյանն եմ, ծնվել եմ 1965-ին Թեհրանում, հայրենադարձվել եմ 1971-ին: Սովորել ու աշխատել եմ Խորհրդային Հայաստանում, իսկ 1989-ին ծնողներիս հետ տեղափոխվել եմ ԱՄՆ՝ մշտական բնակության, որտեղ հիմնել եմ հաստատուն և հաջողակ բիզնես:

Հայաստան վերադառնալու և որևէ գործ հիմնելու երազանքը ոչ մի վայրկյան չի լքել ինձ: 2004 թվականին նման պատեհություն ընձեռվեց ինձ. երկրում ազդեցություն ունեցող մարդկանց հորդորով, որոշեցի մեծ ներդրումներով մուտք գործել այդ տարիներին Հայաստանում թափ հավաքող շինարարական գործի մեջ:

Տարիներ անց կանգնեցի իշխանության ամենավերին ատյանում կանգնած մարդկանց շրջապատի՝ խաբեբաների և հանցագործների կողմից կազմակերպված թալանի փաստի առջև: Իմ ներդրումները, շատ այլ սփյուռքահայերի ներդրումների նման, թալանվեցին և մսխվեցին՝ այդ գործում ներգրավելով պետական ամբողջ մեքենան:

Բայց, ի տարբերություն այլ սփյուռքահայ ներդրող գործարարների, ես ոչ միայն որոշեցի պայքարել ունեցվածքս ետ բերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, այլև շարունակում եմ հավատալ ու երազել Հայաստանում ներդրումներս բազմապատկելու մասին:

Սիրիահայ գործարար իմ հայրենակիցներին հորդորում եմ որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ լինել Հայաստանի իշխանավորների և նրանց ազգականների այսպես կոչված հովանավորչական ծառայությունների հանդեպ: Հիշե՛ք, Հայաստանում մեծ գործերը խիզախություն և անձնվեր համարձակություն են պահանջում, որոնք ոչ միայն չեն երաշխավորում ձեր գործի հաջողությունը, այլև կարող են ավարտվել ձեր սնանկացմամբ և ունեզրկմամբ:

Բայց այս ամենը երբեք չպետք է պատճառ դառնան, որ մենք դադարենք երազել հայրենիքի շենացման գործում մեր ներդրումն ու մասնակցությունն ունենալու մասին:Վստահ եմ, որ եթե ոչ Հայաստանում, ապա միջազգային դատական ատյաններում իրավական մեխանիզմներով վերականգնելու եմ իմ ներդրումներն ու իրավունքները Հայաստանում՝ դառնալով նախադեպ Հայաստանում ներդրումներ անել պատրաստվող սփյուռքահայ գործարարների համար:

Սփյուռքում և Հայաստանում իմ համախոհների և իմ կողմից հիմնադրված Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հանձնախումբը պատրաստ եմ ի սպաս դնել իմ բոլոր սիրիահայ քույրերին և եղբայրներին, ովքեր իրավունքի տեսանկյունից դժվարությունների կհանդիպեն հայրենիքում:

Հայաստանում տիրող ամենաթողության և կաշառակերության պայմաններում մենք՝ սփյուռքահայերս, պետք է միասին լինենք, նեցուկ լինենք միմյանց, ոչ մի վայրկյան թույլ չտանք, որ մեր հայրենիքում Հայաստանի որևէ իշխանավոր և նրա բարեկամ տրորի Հայաստանում հաստատվելու և մեր երկիրը սեփական քրտինքով ու մասնակցությամբ շենացնելու երազանքը:

Էդմոնդ Խուդյան

ԱՄՆ»

© Medialab.am