«Մեր հանրությունը գտնվել և գտնվում է խոր ինտելեկտուալ ճգնաժամի մեջ». Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, այսօր գիրք նվիրելու օրն է։ Եվրոպայում՝ մետրոյում, սրճարանում, ամենուր կարող են հանդիպել գիրք կարդացողների, մեզ մոտ այս մշակույթը չկա։ Ի՞նչ է փոխվել մեր իրականության մեջ վերջին մեկուկես տարվա ընթացքում, երբ երկրի ղեկավարը ինքն է գիրք գրում, հրատարակում, տարածում այն։ Սա մեր իրականության մեջ գրքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն մտցրե՞լ է արդյոք։

– Մենք չունենք երկրի ղեկավար, ունենք հանրապետություն, հանրապետության ղեկավարը գրել է գիրքը, իսկ գրքի հրատարակիչը ես եմ։

Մեր հանրությունը գտնվել և գտնվում է խոր ինտելեկտուալ ճգնաժամի մեջ։ Խոսքը վերջին 25-30 տարվա մասին է: Անկախության առաջին տարիներին հասկանալի էր, պատերազմի ժամանակ չէ, որ պետք է գիրք կարդան, բայց այսպես թե այնպես այն իշխանությունը վարում էր շատ կարևոր քաղաքականություն և հասավ շատ կարևոր արդյունքների, այն է, որ այսօր երիտասարդության մեծամասնությունը խոսում է կիրթ հայերեն։

Դրանից հետո ի՞նչ եղավ, ոչ մի բան չեղավ։ Մենք ունեինք 1400 գրադարան, որոնցից 250 շենք է մնացել, և որոնց առաջ խոտ է աճում։ Սա հայաստանյան փաստ է։ Եվ այդ գրադարաններից ընդամենը 40-ն են, որ մեկ-մեկ գոնե բացվում են։ Վերջին տարիներին գրադարանները մի քիչ ավելի շատ են գիրք գնում, դա վերաբերում է հիմնականում քաղաքային գրադարաններին։ Մարզային գրադարանները, որոնք մշակույթի նախարարության ներքո են գտնվում, գիրք ձեռք բերելու համար օգտագործում են իրենց բյուջեի 0,2 տոկոսը, այսինքն՝ 1 տոկոսից հինգ անգամ պակաս։

Հիմնական փողը գնում է աշխատավարձին, բայց արդյոք գրադարաններին պե՞տք են այդքան շատ մարդիկ, որոնք չեն սպասարկում այցելուներին։ Իսկ ինչու չեն սպասարկում այցելուներին, որովհետև այցելուն ուզում է ունենալ ժամանակակից, ակտուալ գրքեր։ Հայաստանում տարեկան միջինը լույս է տեսնում 2000 անուն գիրք, իսկ գրադարաններին այնքան գումար են հատկացնում, որ ընդամենը 40 անուն գիրք գնեն, այսինքն՝ վերջին 25 տարվա մեջ ամեն տարի գրադարանները չեն ստացել 1960 նոր անուն գրքեր։

Սա միայն հայերեն գրքերի մասին, էլ չեմ ասում աշխարհում տարբեր լեզուներով լույս տեսած գրքերի մասին։ Սա աղետ է։ 2012 թվականի արդյունքներով միջին հայաստանյան գիրքը վաճառվում էր տարեկան 10 հատ։ 2016 թվականին միջին գրքի քանակը դարձավ 40 հատ, 2018-ին՝ գրեթե հարյուր՝ 99,8։

– Սա հեղափոխությա՞մբ պայմանավորված միտում էր։

– Այո՛, մենք հույս ունեինք, որ հեղափոխությամբ պսակված այս միտումը կշարունակվի և ավելի մեծ արձագանք կստանա, սակայն անցած տարվա միջին գրքի վաճառած քանակը 78 է։ 

– Խնդիրը որտե՞ղ է։

– Հայաստանում շատ-շատերն ուզում են, որ գիրքը ծնվի, բայց ես կարծում եմ, որ գրքի էությունը, փիլիսոփայությունն ընթերցողի մեջ է։ Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը գրքի շնորհիվ լավանա, և եթե հասարակության վիճակն այնպես է, որ Արցախյան պատերազմի մասին նկարագրությունը պետք է ծներ, որ էլ պատերազմ չլինի, ապա հիվանդ հասարակության մեջ, չընթերցող հասարակության մեջ այդ նույն գիրքը, որը պետք է հակապատերազմյան արձագանք ստանար, կարող է ծնել նացիզմ կամ ֆաշիզմ։

Եվ եթե բոլոր գրախանութների վաճառված գրքերի ՀԴՄ կտրոնները գումարենք իրար, եթե անգամ դուք հինգ անգամ մտել եք և հինգ անգամ էլ տետր և մատիտ եք գնել գրախանութից, համարենք՝ հինգ տարբեր մարդ է մտել գրախանութ, ապա հասարակության անգամ 1 տոկոսը չի այցելում գրախանութ։ Սա է իրականությունը։

Հիմա այնպես չէ, որ ես սևը ցույց եմ տալիս, իսկ սպիտակի տեղը՝ ոչ։ Ի՞նչ անենք։ Առաջնահերթ՝ գրադարաններում, որոնք մնացել են, ստեղծել ավելի ջերմ միջավայր, քան մարդկանց տներն են, որ մարդիկ ուզենան գնալ ավելի լավ տեղ, գնան գյուղի գրադարան կամ քաղաքի գրադարան։ Ինչու է պետք, որ մարդը գնա գրադարան։

Հայաստանում կրթական համակարգը ձախողված է, մենք այսօր դե ֆակտո չունենք հանրակրթություն, որովհետև եթե նայենք արդյունքով, մենք գիտենք՝ մեր երեխաները ինչպե՞ս են այնտեղից դուրս գալիս, եթե կրկնուսույցների ինստիտուտը չլիներ, ապա նրանք անգամ այդ անգիր արած բաները չէին իմանա բուհ ընդունվելու համար։ Բուհական համակարգը նույնպես ձախողված է։

Այսպես թե այնպես, Հայաստանում կան կայացած մարդիկ, ինչի՞ շնորհիվ այդ մարդիկ կայացան Հայաստանում, որտեղ չկար կրթական համակարգ․․․ գրքերի։ Եվ այդ կայացած քաղաքացիների ուսերին այսօր հայաստանյան պրոբլեմների ողջ ծանրությունն է ընկնում։ 

– Այս դեպքում ո՞րը պետք է լինի պետության նպատակը, առաջնահերթությունը։

– Նախևառաջ մարդիկ պետք է ստիպված չլինեն գյուղից հասնել Երևան, որպեսզի ազգային գրադարանում գտնեն փնտրած գիրքը, այն էլ համոզված չեմ, որ ազգային գրադարանում Հայաստանում ծնված բոլոր գրքերից կան, համոզված եմ, որ շատ-շատերը չկան, որովհետև այդ գումարները մսխվել են։

Եվ եթե նախորդ իշխանությունն ուտում էր այդ փողերը, ապա ներկայիս իշխանությունը դեռ չգիտի՝ ինչպես պետք է ճիշտ ծախսել, որովհետև միջին շերտի չինովնիկությունը չի փոխվել, նախարարները, փոխնախարարները փոխվել են, բայց դեռ նախարարությունների տրամաբանությունը չի փոխվել։ 

Ի՞նչ կարելի է անել, որտե՞ղ նայել։ Վրաստանում 2004-ից սկսած բոլոր գրադարանները սկսեցին համալրվել գրքերով, նախարարություններում գրադարաններ էին բացվում, մեծ ձեռնարկություններում, քաղաքապետարաններում և ոստիկանության բաժանմունքներում գրադարաններ էին բացվում։

Եվ եթե նախարարության որևէ աշխատակից աշխատանքի վայրում չէր, ուրեմն գրադարանում էր, և համարվում էր, որ նա գործի է եկել, և նրան որևէ մեկը չէր ասում՝ արի քո սենյակում նստիր։

Սաակաշվիլին հասկանում է, որ կիրթ պաշտոնյան է ունակ ինչ-որ բան անել, որ ունակ է Վրաստանն առաջ տանել։ Մենք այդ նույն բանը պետք է կրկնենք։ Գրադարանները պետք է հիմնովին փոխվեն, պետք է դրվեն նոր կահույք, նոր շատ գրքեր, որոնք կլինեն աուդիովիզուալ տարբեր համակարգերով ներկայացումներ, լինեն կտավների ռեպրոդուկցիաներ, պետք է լինեն նվագարկիչներ, նորմալ երաժշտական համակարգեր, շատ արագ գործող Wi-Fi, համակարգիչներ, որովհետև արվեստի բոլոր բնագավառների համախմբության հարմոնիայի մեջ է ձևավորվում ճիշտ քաղաքացին։

Եվ որպես արդյունք՝ այն դիզայները, որը պետք է նախագծի ինչ-որ տուփ, ենթադրենք՝ հյութի, որը ինձ կգրավի, և ես կգնամ կվերցնեմ այդ տուփը, եթե նա չի կարդացել Չարենց, Լորկա, ապա դժվար սարքի այնպիսի տուփ, որն ինձ կգրավի։ Արվեստների հարմոնիան պետք է լինի յուրաքանչյուր ստեղծագործողի մեջ։

Չի լինում միայն նկարիչ կամ միայն գրող, եթե այդ գրողն արվեստի մասին չի գրում կամ արվեստի տարր չկա նրա գրականության մեջ, կերպարվեստի, երաժշտական արվեստի, ճարտարապետական արվեստի, գիտության մասին և այլն, ապա այդ գիրքը դժվար ինձ լավ տեղ տանի։

Թեկուզ ընտանեկան հարաբերությունների մասին առանց արվեստի կեղևի ստեղծած գիրքը հանուն չէ, այլ ընդդեմ է։ Մեզ այսօր գիրք է պետք հանուն։ Մենք առաջնահերթ պետք է իմանանք մեր ընթերողին, թե նա ինչ է ուզում կարդալ, և նոր այդ գիրքը պետք է ծնվի։

Ապրանքը պետք է ծնվի պահանջարկի դեպքում, այսօր գրքի բնագավառը միակողմանի աշխատող բնագավառ է, թերի բնագավառ է, որովհետև ամբողջ ցիկլը չի աշխատում։ Ձերդ գերազանցություն ընթերցող, գրադարան, հրատարակիչ, խմբագիր, նկարիչ, դիզայներ, սրբագրիչ, մասնագիտական խմբագիր, գրող, գրողների խումբ, թիմ, ստեղծագործողներ, և նոր ցիկլը ավարտվում է, և այս շղթան պետք է աշխատի։

Երբ պետությունը փող է տալիս հրատարակչին, որ նա գիրք հրատարակի, ապա կարճ միացում է ստացվում, և մենք ունենք այն, ինչ ունենք։ Եթե պետությունը, ենթադրենք, Գրիգ գրողի համար «Անտարեսին» գումար է տալիս, և, ենթադրենք, Հրաչ Սարիբեկյանի համար չի տալիս, ապա Գրիգի գիրքը ստանում է առավելություն, և ոչ բարեխիղճ մրցակցության էլեմենտ է ստացվում, ինչը խաթարում է մրցակցությունը:

Իսկ մենք գիտենք, որ ցանկացած տեղ, որտեղ չկա մրցակցություն, այնտեղ կա «Արմենթելի» սիմ քարտ 200 դոլարանոց, իսկ երբ եկավ «Վիվասելը», «Արմենթելի» այդ քարտը գրեթե անվճար էր։ Իսկ երբ եկավ «Օրանժը», սկսեց որակը բարձրանալ։ Հայաստանցին գիտի՝ ինչ կարևոր է մրցակցությունը, որ այդ բնագավառը և նրանց հարակից բնագավառները աճեն, մեծանան։

Միայն «Օրանժի» մուտքը ամբողջովին փոխեց գավազդային շուկայի տրամաբանությունը։ Մրցակցությունն ամենակարևոր բաղադրիչն է, որը տարիներ շարունակ գրքի բնագավառում խաթարվել է մեր պետության կողմից։

Մանե Հարությունյան

MediaLab.am