Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե. ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ hակակոռուպցիոն մարմին: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 84 «կողմ», 16 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան  մասնագիտական պատրաստություն անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն  կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:

Կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջեր և սահմանափակումներ, ըստ այդմ նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ: