Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ նահանջ լինի ընտրությունների օրակարգից. ԼՀԿ-ական պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խոստացածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո, չի առաջադրի վարչապետի թեկնածու, որ առաջիկայում անցակացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առիթ չի տալու իշխանությանը, որ հետքայլ լինի այդ օրակարգից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ այն դեպքում, երբ առանց ԼՀԿ-ի համաձայնության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեցին, հնարավո՞ր է ԼՀԿ-ն ընտրությունների անցկացման առնչությամբ իշխանության հետ պայմանավորվածություններից ետ կանգնի, առաջադրի վարչապետի թեկնածու:

«Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների: Եվ, եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, ես կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել, երբ կա հստակ պայմանավորվածություն»,- ասաց Սամսոնյանը:

Նա վստահեցրեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ վարչապետի հետ պայմանավորվածություն չի եղել, վարչապետի կողմից ասվել է միայն, որ եթե կոնսենսուս չլինի խորհրդարանում, չեն ընդունի, բայց կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, որ կարող էր խախտվել: «Մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ որևէ պահից ետքայլ կամ նահանջ լինի այս օրակարգից»,- ասաց Սամսոնյանը:

ԼՀԿ-ն այս ընտրություններում ձգտում է առավելագույնին՝ իշխանության հասնելու: «Յուրքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, միշտ ձգտում է առավելագույնին: Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար: Հետևաբար, բոլոր մեր հնարավորությունները պետք է օգտագործենք»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ յուքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի չկողմնորոշված մարդկանց համոզելու, որ իրենց ընտրեն:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: ԱԺ-ն օրերս ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով հանվում են ռեյտինգային ցուցակները, այսպիսով ընտրություններն անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով: ԼՀԿ-ն, սակայն, դեմ էր այս նախագծին՝ պնդելով, որ գործընթացի կեսից խաղի կանոնները չի կարելի փոխել: