Ո՞ւր է իմ հայրենիքը. Արցախցի լրագրողի նոթերը

Հեռացանք մի երկրից, վերադարձանք մեկ այլ ՝ չգիտես ինչ երկիր։ Չգիտեմ որ երկրի երբեմնի լուսավոր ու տաքուկ մայրաքաղաքը մեզ դիմավորեց համատարած մթությամբ, անտեր շների ոհմակով ու չգիտես ինչու և ինչպես չաղացած կատուներով։ Իրավիճակից միակ գոհ էակները թերևս նրանք են։ 

Տղայիս ծննդի համար երշիկեղեն ձեռք բերելու փորձերս ավարտվեցին «Դոկտորական» տեսակի միակ առաջարկով բավարարվելով։

Ծնունդը նշեցինք՝ առանց տոնական տորթի ու անընդհատ անջատվող էլեկտրականության ուղեկցությամբ։

Հանեցինք դեռ մինչև պատերազմը պահեստած տան մոմերը, վառեցինք։ Երեխեքիս հարցին՝ մա՛մ, էն մի պատերազմի ժամանակ այսպե՞ս էր, հաստատում եմ՝ հա՛, բայց այն մեկը չորս տարի տևեց ու մեր հաղթանակով ավարտվեց։ 

Հացի փնտրտուքը տանում է մոտակա փուռ, որտեղ հանկարծա լույսը կտրվում է, ու վառարանից հացը հանել չեն հասցնում։ Հերթում կանգնած մարդիկ անհամբեր են, մութն ուժգնանում է, փողոցում մնալը վտանգավոր կլինի։

Հադրութեցի մի կին, չգիտես ինչու, անկեղծանում է ինձ հետ՝ տաք կոշիկ չունի, ոտքերը սառում են։ Լավ է, ժամանակին Ստեփանակերտում տուն է ձեռք բերել, թե չէ հիմա անտուն կլիներ։ 

Իսկ անտունների հերթը ձգվում է քաղաքապետարանի առջև։ Եկել են տաք վերմակ, ուտելիք ստանալու, բոլորը բնակարան են փնտրում, ամենապահանջվածն է շուկայում։

Պետությունը խոստացել է փոխհատուցել․ հարյուր հազարից 40-ը տալու են, մնացածի մասին սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակովը պիտի մտածի։ 

Օր օրի քաղաքի դիմագիծը փոխվում է, մարդիկ գնալով շատանում են։ Նրանք, ովքեր վերադառնալու կոչով են դիմել, նման հոսքի չէին սպասում։ Հյուրանոցներում ապաստանած փախստականների համար շորեր ու կոշիկ եմ տանում՝ հին ճտքակոշիկները ցուրտ եղանակին ամենապահանջվածն են։

Մարդկանց տեղավորել են, իսկ սննդի հարցը, արդեն դեկտեմբեր է, չեն հոգացել։ Խոհանոցում տաքացող շուշեցի կինը որերորդ անգամ պատմում է իր տեղահանման պատմությունը՝ այսպես կգնամ նախագահի տան մոտ կնստեմ, կասեմ՝ ինձ իմ տունը տուր, թե չէ՝ քո տանն եմ ապրելու։ 

Էլ ուժ չկա նույն ցավոտ պատմությունները լսելու, կարեկցելու։ Կիսախելագար վիճակում բոլորս ենք, կառչում ենք եղած լավից՝ առողջ մնալու միակ տարբերակն է։

Քույրս պատմում է պատերազմից խեղված պատանու մասին, որը դաժան իրականությանը չդիմանալով՝ հայտնվել է հոգեբուժարանում։ Հերթական տխուր պատմությունը սկսել փորձող հարևանուհուս ընդհատում եմ՝ այլևս ոչ մի նման լուր, չեմ դիմանում։

Սովորում ենք ապրել մեկ օրով, երեխային դպրոց ուղեկցել, հաց սարքել, աշխատանքի գնալ, չմտածել ապագայի մասին՝ սա պահանջ է ինքներս մեզ։ 

Աղջկաս հետ պատմության դասն ենք սերտում՝ Ֆրանսիայի հովանու ներքո Կիլիկյան Հայաստանի վերականգնման թույլ փորձերն են։ Հարյուր տարի առաջ էր՝ ոչինչ չի՞ հիշեցնում։ 

Միհրան Տամատյանի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը ցրվում է, ֆրանսիացիները, իրենց շահերին հետամուտ, թուրքերի հետ համաձայնության են գալիս։ Հայերը զինաթափվում են։

Ֆրանսիական զինված ուժերը լքում են Կիլիկիան՝ տեղի հարյուր հազարավոր հայերին թողնելով թուրքի ճիրաններում։ Ողջ մնացած հայերը տարագրվում են։ Աստված իմ, միայն ոչ այս սցենարը։ 

Նկարահանման եմ գնում, վայրը՝ Շուշիի մատույցներ։ Գործընկերներս կատակում են՝ թուրքեր կտեսնես՝ չվախենաս։

Հոգեբանորեն պատրաստ չեմ իմ երկրում դրանց կանաչ դրոշակը տեսնելու։ Բախտս բերում է՝ ռուս խաղաղապահների հսկիչ կետն է։ Քաղաքապետարանի աշխատակազմը աղ ու հացի փոխարեն ռուսական դրոշի գույներով ներկված տորթով, ղարաբաղյան բերք ու բարիքով այցելության է եկել ռուս եղբայրներին։

Մեջների՝ չգիտես ամենահամարձակը, թե պարզապես ռուսախոսը ողջույնի ուղերձն է ընթերցում՝ Ստեփանակերտի քաղաքապետին գուբերնատոր ներկայացնելով։ Տգիտության ու արժանապատվության կորստի այս շքերթից դառնացած եմ վերադառնում։ Հրաժարվում եմ այլևս նկարահանման գնալ։ 

Միակը չեմ, որ այլևս չեմ ուզում լրագրությամբ զբաղվել։ Ինչի մասին խոսել, ինչ քարոզել՝ հարց է, որ իմ գործընկերներին էլ հուզում։ Ամենահամարձակները աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել, հեշտ որոշում չէ՝ խոստացվող կրճատումների ֆոնին։ 

Իսկ խոստացված անվճար էլեկտրաէներգիան ու գազամատակարարումը սահմանափակում է ստանում։ Նույն կարգավիճակում է նաև կապի ծառայությունը։ Հորդորում են ներկայանալ «Ղարաբաղ տելեկոմ» և նշել մեկ նախընտրելի հեռախոսահամար։ Ու հերթական հերթն է գոյանում։ 

Իր խոստումների տակից կառավարությունը դուրս չի գալիս։ Ասում են՝ փոփոխություններ կլինեն, ընտրություններում հաղթանակած, պատերազմում պարտված իշխանական կուսակցությունը շվարած է։ «Ազատ հայրենիքն» այլևս ազատ չէ, կուսակցության անունը փոխել է պետք։ 

Գնացել ենք մի երկրից, վերադարձել մեկ այլ երկիր, որի ո՛չ կարգավիճակը, ո՛չ, առավել ևս, ապագան հայտնի չեն։ Իսկ Ստեփանակերտի օդանավակայանի վրա ռուսական դրոշն է ծածանվում։ Հայերը կառուցեցին, ռուսները կտնօրինեն, ինչպես և Քարվաճառի ճանապարհը, որով այնքան արագ Հայաստան էինք հասնում, առոք-փառոք թուրքերին հանձնեցինք։

Այսպես հանձնելով՝ ո՞ւր կհասնենք, ո՞ւր կհայտնվենք մենք։ Ո՞վ ենք մենք։ 

Մարինե Մկրտչյան

Ստեփանակերտ

MediaLab.am