Նիկոլի ուսապարկը՝ «Իմ քայլի» ինտելեկտուալ չափման միավոր

Մհեր Արշակյան

ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը հունվարի 9-ին անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի՝ խմբակցությունից դուրս գալու, բայց մանդատը վայր չդնելու փաստին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե իր (Սոֆիա Հովսեփյանի – Մ. Ա.) հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը (Սոֆիա Հովսեփյանը – Մ. Ա.) վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»: 

Հա ու եթե Սոֆյա Հովսեփյանը երբևէ ասի, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով է ընտրվել ու որ դա իրեն բարոյական իրավունք է տալիս…

Posted by Vahagn Aleksanyan on Friday, January 8, 2021

Ի՞նչ ասեմ: Վահագն Ալեքսանյանը գուցե լավ գիտի Նիկոլի ընտրած պատգամավորի թեկնածուներին: Ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլը գերազանց գիտի իր ուսապարկի ինտելեկտուալ հնարավորությունները:

Պատերազմի արդյունքներից դատելով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պիտի արած լինի, որ պատգամավոր դառնան ոչ միայն իր ինտելեկտուալ արժանիքներից ցածր կանգնած մարդիկ, այլև իր ուսապարկի ինտելեկտուալ արժանիքները չգերազանցողները:

Ո՞վ է կասկածում, որ հիշյալ գրառումը Վահագն Ալեքսանյանի սեփական նախաձեռնությունը չէ:

ՔՊ-ի խոսնակն առանց Նիկոլ Փաշինյանից ուղղորդվելու գլխից մեծ գործեր չէր բռնի ու Սոֆիա Հովսեփյանի դեմքով «Նիկոլի ուսապարկ» չէր անվանի Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին կամ Լիլիթ Մակունցին:

Լենա Նազարյանն էլ ձեզ նվեր: 

Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս վարվի «Իմ քայլը» այսպիսի ձևակերպումից հետո: Պե՞տք է ի գիտություն ընդունի Վահագն Ալեքսանյանի բառերը և ամեն ջանք գործադրի ուսապարկից մեկ աստիճան բարձր կանգնելու համար:

Պե՞տք է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պաշտոնապես արձագանքի պատգամավորի մասին ՔՊ մամուլի խոսնակի հայտարարությանը, որպեսզի ամեն ինչ ընկնի իր տեղը:

Այլապես ստացվում է այսպես՝ եթե դուրս ես գալիս «Իմ քայլից», հետդ վերցրու ուսապարկից ցածր գտնվողի «տիտղոսը»:

Ծառուկյան Գագիկն իր առանձնատանը ղազագրեր էր պահում, որ իր խմբակցության պատգամավորները հլու-հնազանդ մնան: Եվ, ինչպես պարզվում է, նրա պատգամավորներն ամենևին դեմ չէին գրել այդ ղազագրերը:

Հնարավոր է՝ ՔՊ մամուլի խոսնակն էս գլխից իմքայլականներին ասում է, թե հենց խմբակցությունը լքեցիք, ժողովրդին տեղեկացնելու ենք, որ դուք ամենևին չէիք սխալվի, եթե իշխող խմբակցությունը լքողի փոխարեն ուսապարկն ընտրեիք:

ՔՊ խոսնակի հայտարարությունը ևս անխուսափելի է դարձնում այն ընկալումը, որ Հայաստանին պետք են նոր ընտրություններ, մեզ պետք է խորհրդարան, որտեղ պատգամավորն իր ուղեղով չի զիջի Նիկոլի ուսապարկին: 

Ընտրողը, օրինակ՝ սահմանադրական իրավունք ունի պահանջելու Լենա Նազարյանի կամ Սեդրակ Թևոնյանի (չգիտեի, որ կա նաև նման պատգամավոր՝ ծնված Արալեզ խորհրդանշական անունով գյուղում) կամ նույնիսկ Արարատ Միրզոյանի IQ-ների և Նիկոլի ուսապարկի IQ-ի համեմատություն, որպեսզի հասկանա, թե ինչ հնարավորություններ է կորցրել ինքը՝ քվեն տալով գործող «Իմ քայլին»:

Գուցե իսկապես ճիշտը Նիկոլի ուսապարկի մասնակցությո՞ւնն էր 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններին: Գուցե այդ ուսապարկը պետք է մասնակցի՞ 2021-ի արտահերթ ընտրություններին: 

Ի վերջո, հետաքրքիր է, որ ՔՊ-ին ի վերջո պետք եկավ կարկառուն հանրապետական Արմեն Աշոտյանի՝ ԱԺ ամբիոնից ասված այն միտքը, որ եթե ՔՊ-ի նախընտրական ցուցակի «1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդում՝ կեպկեն, 3-րդում՝ հազը, մեկ ա՝ 80% եք հավաքելու»:

Դասականներին մեջբերելը ոչ միայն հայերին է բնորոշ, բայց հակառակորդի «մշակութաբանական» զինանոցից օգտվելն ընդդեմ սեփական ուժի երբեմնի ներկայացուցչի, բացառիկ փաստ է:

Իշխող կուսակցությունն օգտվում է հակառակորդի վիրավորանքների զինանոցից: Ի՞նչ ասեմ, գուցե իրար արժանի՞ եք: 

Մհեր Արշակյան

MediaLab.am

Կարդա նաեւ