«Եթե մեկը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակից լինելը ուսապարկ է, դա իր մակարդակն է, և ես չեմ իջնի այդ մակարդակին». Արթուր Մանուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը

– Ինչպե՞ս եք գնահատում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն հինգ պատգամավոր լքել է խմբակցությունը, սակայն չի հրաժարվել մանդատից՝ մնալով անկախ պատգամավոր:

– Սա ավելի շատ բարոյական հարց է, քանի որ իրավական առումով նրանք իրավունք ունեն մնալու որպես պատգամավոր: Ես ոչ մեկի համար բարոյական դատավոր չեմ և չէի ցանկանա մեկնաբանել: Դա նրանց որոշումն է, գուցե նրանք մտածում են, որ ինչ-որ գործեր ունեն անելու որպես պատգամավոր: 

Ես իմ դիրքորոշումն այլ ձևով եմ տեսնում, ես հասկանում եմ, որ մենք եկել ենք Նիկոլ Փաշինյանի թիմով, մեզնից ոչ մեկին հանրությունը, մեծ հաշվով, չի ճանաչել, և մեզ ընտրել են որպես Նիկոլ Փաշինյանի թիմակցի: 

Ես իմ մանդատին այդպես եմ նայում՝ որպես թիմակցի մանդատի: Ես հասկանում եմ, որ սա անցումային շրջան է, և ես միշտ ընկալել եմ ինձ որպես հին Հայաստանից դեպի նոր Հայաստան տանող կամուրջ: 

Ես իմ հետագա ճակատագիրը քաղաքականության մեջ չեմ տեսնում, ես որպես կամուրջ պետք է փոխանցեմ եկող սերունդներին, որոնք պետք է կառուցեն ավելի օրինակելի և լավ Հայաստան: Ես այդ դիրքի մեջ եմ ինձ տեսնում և կարող եմ ասել, թե ինչու եմ ես այստեղ, ինչու եմ մնում, բայց նրանց բարոյականության դատավոր չեմ կարող լինել: 

– Ձեր պատգամավոր գործընկերները քննադատում են «Իմ քայլը» լքածներին, մասնավորապես, Սոֆիա Հովսեփյանին՝ նշելով, որ նրանք պետք է հաշվետվություն ներկայացնեն, ՔՊ խոսնակն էլ նրանց Նիկոլի ուսապարկի հետ է համեմատում: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:

– Ես առանձնապես չեմ հետևում Ֆեյսբուքին, որովհետև այդ ամբողջ աղբը, հայհոյանքները չեմ կարողանում տանել: Երբ խոսքը հայհոյանքով է համեմված, չես կարող իջնել այդ մակարդակի ու պատասխաններ տալ: Ես վստահ եմ, որ Ֆեյսբուքում կա նորմալ քննադատություն, բայց դա այնքան դժվար է գտնել այդ մեծաքանակ աղբի մեջ: 

Դա նյարդեր ու ժամանակ է խլելու: Եթե խոսակցության կարիք կա, կարելի է դա այլ վայրում ունենալ, այդ թվում՝ հարցազրույցներով և այլն: 

– Բայց այդ որակումները բոլոր պատգամավորներին չե՞ն նսեմացնում:

– Մեկին նսեմացնում է, մյուսին՝ ոչ: Ի՞նչ է նշանակում ասել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ: Ես ասացի՝ ինչ եմ մտածում: Մենք հեղափոխության ալիքի վրա եկած պատգամավոր ենք, և պետք է անկեղծորեն ասենք, որ, այո՛, մենք Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ենք: Հիմա եթե մեկը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակից լինելը ուսապարկ է, դա իր մակարդակն է, և ես չեմ իջնի այդ մակարդակին ու պատասխանեմ: 

Եթե այդ ասողը մտածում է, որ որևէ մեկի թիմից լինելը ուսապարկի խնդիր է, ուրեմն այդ մարդը թող որևէ մեկի թիմից չլինի, որովհետև ինքն իր որակման մեջ է ընկնում: 

– Այս իրավիճակն ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի: ԱԺ-ի վրա մեծ պարտավորություններ են դնում: 

– Ես կարծում եմ, որ հանգուցալուծումը տրված է Սահմանադրության մեջ: Եթե մենք սկսենք մեր հանգուցալուծման ձևերը գտնել, թե որն է լավ, որը՝ վատ, որն ավելի լավ կլիներ, մենք կունենանք գործող ուժերի քանակի չափ հանգուցալուծման ձև: 

Ամեն մեկն իր կարծիքը կասի, թե ոնց լավ կլիներ, որ լիներ, բայց Սահմանադրությամբ այսպիսի պահերի համար ձևերը նախատեսված են: Կարծում եմ՝ երբ այսպիսի խնդիրներ են առաջանում, պետք է գնալ արտահերթ ընտրությունների, իսկ դրա համար պետք է ստեղծել պայմաններ: 

Մենք պետք է Սահմանադրությամբ գնանք, պայմանավորվածություններով գնանք, իսկ ազգը պայմանավորվել է Սահմանադրության շուրջ: Եթե մենք այդ շրջանակից դուրս գանք և մտնենք ինչ-որ մեկի գծած շրջանակի մեջ, մեկն էլ կհայտնվի ու կասի՝ իմ շրջանակն ավելի լավն է: 

Արդյունքում կստացվի բազար, ինչպես հիմա կա բազար սոցիալական ցանցերում: Դա բազար է, խոսակցություն չէ: 

Մենք պետք է հասկանանք, թե հանրությունն ինչ է ուզում, ի վերջո, իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ո՛ւմ է տալիս իշխանությունը կառավարելու համար: 

Ուրիշ որևէ մեկն իրավունք չունի իշխանությունը վերցնել, տալ մեկ ուրիշի՝ որևէ մեկի պահանջով կամ իր ուզելով: Իշխանությունը մերը չէ, որ մենք վերցնենք ու տանք ինչ-որ մեկին: 

Ես չգիտեմ, թե նման բան պահանջողներն ինչ այլանդակ պատկերացում ունեն պետություն գաղափարի մասին: Իշխանությունը մերը չէ, ժողովրդինն է, նա էլ պետք է որոշի, ուրիշ որոշող չկա: 

Դա ամրագրված է Սահմանադրության մեջ որպես անփոփոխ հոդված: Հակառակ դեպքում կսկսվեն քաոս ու ահավոր բաներ: Եթե մարդիկ կան, որ այդքանն էլ չեն հասկանում, ես չգիտեմ, թե իրենք այդքան երկար տարիներ ինչով են զբաղվել, գոնե գիրք կարդային: 

– Այդուհանդերձ, փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող ուժերը դեմ են արտահերթ ընտրություններին: 

– Ես հենց նրանց մասին եմ ասում, որ իրենց ուզելով չի, թե ով լինի իշխանություն: Ռեստորան չեն եկել և մենյու չեն նայում, իրենք պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: 

Իրենք պարտավոր են ենթարկվել Սահմանադրությանը, իրենց ուզելով չի, որևէ մեկի ցանկությամբ չի, այլ Սահմանադրությամբ է: Սա պետություն է: Եթե ամեն մեկը որոշի, որ լավ կլինի, եթե ինքը լինի վարչապետ, դա աբսուրդ է: 

– Այսինքն՝ դուք միակ ելքը արտահերթ ընտրություննե՞րն եք համարում:

– Ես միակ ելքը տեսնում եմ Սահմանադրությամբ առաջ շարժվելու մեջ, ուրիշ ելք չի թույլատրվում, ուրիշ ելքը Սահմանադրության խախտում է:

Դա իրենց լավ ու վատ լինելու հետ կապ չունի, եթե իրենք աշխարհի ամենալավ, լուսապսակներով մարդիկ էլ լինեին, Սահմանադրությունը վեր է այդ ամենից:

Մանե Հարությունյան 

MediaLab.am