«Թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը Հայաստանին մոտենում է որպես թույլ երկրի, որին պետք է ճնշել». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իրենց դիրքորոշումը, որ պատմական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Սրան հաջորդեց Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, որ Էրդողանը որևէ խնդիր չի տեսնում «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ի՞նչ է ստացվում՝ թուրքական կողմն անտեսո՞ւմ է այդ բոլոր երկրների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ ու շարունակում առաջնորդվել միջանցքային տրամաբանությա՞մբ։

– Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները մենք պետք է շատ զգուշորեն ընդունենք, որովհետև հետո պարզվում է, որ իրականությանը չեն համապատասխանում։ Ամեն դեպքում մենք գիտենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը արդեն երկու տարի է՝ անընդհատ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այդ «միջանցքին» հստակ դեմ են արտահայտվել և՛ Հայաստանը, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը։ Այսինքն՝ տարածաշրջանային երկրները դեմ են դրան, այդ մասին ոչինչ չի խոսվում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

Այնպես որ, սա թուրքական հերթական փորձն է անօրինական ձևով ստանալ մի բան, որի մասին ոչ մի տեղ գրված չէ ու օրինական չէ։ «Զանգեզուրի միջանցքը» նրանց համար կարևոր է նաև պանթյուրքիստական տեսանկյունից, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ հասնեն դրան, բայց, կարծում եմ, չի հաջողվի դրան հասնել, որովհետև տարածաշրջանային կարևոր երկու պետություն, նաև ինքը՝ Հայաստանը, չեն ընդունում միջանցքային տրամաբանությունը։

Իսկ այս դեպքում Թուրքիայի հույսն ինչի՞ վրա է, որ նման հայտարարություններ է անում, դրանցով ի՞նչ կկարողանա փոխել։

– Հայտարարություններով ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որ Հայաստանը ընդունի այդ միջանցքային տրամաբանությունը, նրանց նպատակն այս է, ինձ համար գոնե շատ պարզ է սա, բայց, փառք Աստծո, Հայաստանը մինչև հիմա չի ընդունել, ու, հույս ունեմ, չի էլ ընդունի։

Կոմունիկացիաների բացման մասով Հայաստանը պատրաստ է, եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից նայում ենք, կոմունիկացիաների բացումը տարածաշրջանում շատ կարևոր է: Իհարկե այլ բան է, թե այդ կոմունիկացիաները որքանո՛վ անվտանգ կլինեն մեզ համար, բայց եթե կարողանանք բոլոր անհրաժեշտ անվտանգային համակարգերը գործարկել, որ մեր անվտանգությանը վտանգներ չսպառնան, կոմունիկացիաների բացումը իհարկե դրական է տարածաշրջանի համար։

Պարո՛ն Սաֆրաստյան, թուրքական կողմը նաև հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կայանա կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, ինչը հերքվեց ՀՀ արտգործնախարարության կողմից։ Այս հայտարարությունը և՞ս ճնշման նպատակով է արվում, և ինչո՞ւ է Թուրքիան կարևորում, որ այդ հանդիպումները երրորդ երկրում չանցկացվեն։

– Այո՛, Թուրքիան այնպիսի հայտարարություններ է անում, հետո պարզվում է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, սա թուրքական դիվանագիտության ոճն է, որն ունի կա՛մ ճնշման նպատակ, կա՛մ որ տպավորություն ստեղծի, թե ինքն ինչ ուզում՝ այն էլ ստանում է։ Իսկ թե ինչո՛ւ Թուրքիան չի ուզում, որ այդ հանդիպումները տեղի ունենան երրորդ երկրներում, որովհետև Թուրքիան ի սկզբանե ասել է, որ միջնորդ չլինի այս բանակցային գործընթացում։

Եթե հիշում եք, երբ Հայաստանը նոր պետք է սկսեր բանակցային գործընթացը Թուրքիայի հետ, պաշտոնապես դիմեց Ռուսաստանին, որ Ռուսաստանը միջնորդ լինի, բայց Թուրքիան դրան դեմ դուրս եկավ։ Թուրքիան հաշվի է առնում այն հանգամանքը, որ մինչև այս չորրորդ փորձը նախորդ երեքից երկուսի դեպքում միջնորդը եղել է ԱՄՆ-ն։

Թուրքիան որոշել է, որ եթե այս գործում միջնորդ լինի, կխանգարի իրեն, որովհետև նա հիմա համարում է, որ 44-օրյա պատերազմից հետո իր դիրքերը տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում, ավելի են ուժեղացել, դրա համար էլ մտավախություն ունի, որ եթե միջնորդ լինի՝ Թուրքիային ու Հայաստանին հավասար կնայի, իսկ ինքը դա չի ուզում:

Թուրքիան ուզում է թելադրողի դիրքերից հանդես գալ, սա է թուրքական մոտեցումը՝ ճնշելով, նախապայմաններ թելադրելով հասնել իր նպատակներին։ Նույն դիվանագիտությունը իրականացնում է նաև Ադրբեջանը, իհարկե՝ ավելի արյունալի, ագրեսիվ գործողություններով։ Այսինքն՝ թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը Հայաստանին ու շատ այլ երկրների մոտենում է որպես թույլ երկրի, որին պետք է ճնշել, ինչը հակասում է ժամանակակից միջազգային իրավունքին, ըստ որի բոլոր պետությունները հավասար են։

Այսպես կոչված խաղաղության պայմանագրի նկատմամբ կարծես թե Հայաստանի դիրքորոշումն էլ է պարզ դառնում, բայց հաշվի առնելով Ադրբեջանի արձագանքը այդ դիրքորոշման վերաբերյալ, ինչ եք կարծում՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ կնքել այդ պայմանագիրը Հայաստանի հետ։

– Կարծում եմ, որ բոլոր հակամարտությունները, անկախ տևողությունից, վերջիվերջո ավարտվում են համաձայնությամբ, կամ էլ մեկը մյուսին պետք է ոչնչացնեն։ Մնում է, որ Ադրբեջանը ավելի քաղաքակիրթ մոտեցում ցուցաբերի, ու այդ պայմանագիրը իրականություն դառնա։ Իմ ընկալմամբ՝ քաղաքակիրթ մոտեցումը հետևյալն է. Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերիներին, երկրորդ՝ Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերի իր զորքերը, որը գրավել է ագրեսիայի հետևանքով։

Այս պայմաններում, երբ ունենք գերիներ, որոնց Ադրբեջանը պահում է ու գրավել է մեր տարածքը, ինչպե՞ս կարող ենք պայմանագիր կնքել այդ պետության հետ։ Հայաստանը պետք է շատ հստակ հայտարարի, որ դա մեր նախապայմանն է, որը բխում է հենց միջազգային իրավունքից։

Իսկ թուրքադրբեջանական տանդեմը կհամաձայնի՞ այդ նախապայմաններին, եթե Հայաստանը, իհարկե, առաջադրի դրանք։

– Որքան ուսումնասիրել եմ թուրքական դիվանագիտությունը, նրանք կշարունակեն ճնշել, կփորձեն դա ավելի ուժեղացնել, սա է նրանց գործելակերպը։

Հնարավոր կլինի՞ այդ ճնշումների դեմն առնել, որքանո՞վ միջնորդ երկրները կկարողանան հակազդել այդ ճնշումներին։

– Կարծում եմ՝ կկարողանան, իհարկե, հարյուր տոկոսանոց երաշխիք չունենք, բայց այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում, ինձ մոտ դրական մոտեցում է առաջացնում, որովհետև մի շարք կարևոր երկրներ, համաշխարհային հասարակական կարծիքն արդեն սկսել է ընկալել, որ Ադրբեջանը ագրեսոր է, որ Հայաստանի տարածքը գրավել է ու դուրս չի գալիս, մյուս կողմից, իհարկե, կարևոր նշանակություն ունի, որ մեր դիվանագիտությունը կարողանա ադրբեջանական վայրագությունները հնարավորինս լայնածավալ տարածել, որովհետև 21-րդ դարում Ադրբեջանն իրեն այնպես է պահում, որ անգամ միջնադարում կամ հին աշխարհում ամենաբարբարոս ցեղերն իրենց այդպես չէին պահում։

Հիմա մենք այնպիսի մեկուսի վիճակում չենք, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էինք, դիտորդների գալն էլ է դրական երևույթ։ Այս ամենն ինձ հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումներին ու այս փուլը կկարողանանք հաղթահարել ու հանդես գալ որպես մի պետություն, որը չենթարկվեց ճնշումների, շատ կարևոր է, որ մենք ունենանք այսպիսի պետության իմիջ։

Բայց ամենակարևորն այն է, որ մեր անվտանգությունը մենք ինքներս կարողանանք պաշտպանել, իհարկե, դիվանագիտությունը կարևոր է, բայց ամեն ինչի հիմքում բանակն է, որը պետք է կարողանա բոլոր տեսակի ագրեսիվ ոտնձգություններին, որոնք, համոզված եմ, կլինեն Ադրբեջանի կողմից, այնպիսի հակահարված հասցնել, որ նրանք չերազեն, թե կարող են ինչ-որ նոր բան գրավել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am