ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր նետել չի հաջողվի. Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վստահեցնում է, որ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր նետել չի հաջողվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասաց ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական ուժերը վերջերս Արցախի ուղղությամբ կրկին սադրանքի էին դիմել, կրակ բացել՝ այդ թվում քաղաքացիական բնակչության ուղղությամբ, և հնչող տեսակետին, որ դրանով ու նախորդ այդպիսի սադրանքներով ադրբեջանական կողմը ցանկանում է ստվեր նետել ռուսական խաղաղապահ առաքելության վրա Արցախում:

«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի հաջողվի: Նրանց աշխատանքը հստակ է՝ ի շահ ճգնաժամի կառավարման»,-ասաց Զախարովան:

Նա հավելեց՝ ճիշտ կլինի, որ ավելի կոնկրետ հարցին անդրադառնա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելությունը՝ վստահեցնելով, որ խաղաղապահները մշտապես կապի մեջ են երկու կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում իրականացնում են դեպքերի հետաքննություն: 

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին սադրանքի էր դիմել, թիրախավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիները և քաղաքացիական օբյեկտները։ ՕրինակՄարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ էին բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել էր մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: