ՄԻՊ-ը դժգոհ է պետական 4 մարմինների պատասխաններից

Պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտի 2011թ.-ի ամփոփիչ զեկույցը, որի վերաբերյալ 4 պետական կառույցներ արդեն արտահայտել են քննադատական դիրքորոշումներ:
Կրթության եւ գիտության նախարարությունը ՄԻՊ-ին մեղադրել է ոչ մասնագիտացված զեկույց պատրաստելու մեջ, ՀՀ դատախազությունից օրինակներ են պահանջել, ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ-ն)փորձել են շրջանցել պատասխանները ու ՄԻՊ-ի հայտարարոթյունները «ոչ հավաստի» հայտարարել:

«Ժամկետանց սննդի մասին մեր բարձրացրած հարցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պատասխանել են, որ դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում», հայտնեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա չի հասկանում, թե ինչպես է այդ կառույցի ղեկավարը նման բան ասում, երբ ժամանակին մակնիշման պահանջները չկատարած ձեռնարկությունների ներկայացուցիչներին անձամբ է հանդիմանել՝ ասելով, որ այդ խնդրի հարցում իրենց կառույցը հետեւողական է լինելու ապագայում:

Անդրեասյանը մեղադրում է նաեւ այս կառույցին վիճակագական տվյալներ կայքում չունենալու մեջ ու նաեւ ստելու, քանի որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն գրավոր պատասխանի մեջ նշել են, թե այդ տվյալները առկա են կայքում:

«Դատախազության դեպքում մենք ասում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց շատ մասսայական է կիրառվում Հայաստանում, իսկ իրենք պատասխանում են, որ կոնկրետ օրինակներ ներկայացնենք: Ի՞նչ կապ ունի կոնկրետ օրինակը, եթե գործ ունենք մասսայական հայտնի դեպքերի հետ»,- հարց է տալիս Անդրեասյանը:

ՀՀ ոստիկանությունը եւս իր պատասխանով փաստացի չի բացատրել ՄԻՊ-ին, թե ինչու մշտական հաշվառում չունեցող մարդիկ խնդիրներ են ունենում, այն դեպքում երբ ոստիկանությունը կարող իրականցնել ինչպես հաշվառման, այնպես էլ գրանցման գործընթացները:

«Ոստիկանության պատասխանի 2-րդ նախադասությունից ես ինքս բան չեմ հասկացել, ու կարծում եմ, ձեզ էլ դժվար կլինի հասկանալ: Նրանք խուճուճ իրավաբանական տերմիններով փորձել էն շատ պարզ հարցի պատասխանից խուսափել»,- համոզված է Անդրեասյանը:

Կրթության եւ գիտության նախարարությունն էլ ՄԻՊ-ին մեղադրել է ոչ մասնագիտացված զեկույց պատրաստելու մեջ:

«Պետք չէ կրթության ոլորտի մասնագետ լինել, որ հասկանաս, որ դպրոցում կա կոռուպցիա ու դրամահավաքչություն»,- հայտնում է Անդրեասյանը:

Ոչ մասնագիտական դիրքորոշում արտահայտելու մեջ մեղադրելուց առաջ նա խորհուրդ է տալիս պաշտոնյաներին ուշադիր լինել, որ ֆրանսերենի դպրոցական գրքի առաջին էջում տառասխալ չլինի ֆրանսերեն բառի մեջ:

© Medialab.am