Ինչու՞ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չէին Արցախի նախագահի որոշ թեկնածուներ․ պարզաբանումը համոզիչ չէ. Fip.am

Ինչու՞ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չէին Արցախի նախագահի որոշ թեկնածուներ․ պարզաբանումը համոզիչ չէ. Fip.am
Ինչու՞ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չէին Արցախի նախագահի որոշ թեկնածուներ․ պարզաբանումը համոզիչ չէ. Fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել էր Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների հետ։ Ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Սակայն ուշագրավ էր այն, որ հանդիպմանը մասնակցել են ընտրություններին առաջադրվել պատրաստվող ոչ բոլոր թեկնածուները, ինչն էլ քննարկումների առիթ դարձավ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ո՞ր թեկնածուները չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը և ինչու։ 

Ովքե՞ր են բացակա թեկնածուները

Ինչպես տեղեկանում ենք տարածված հաղորդագրությունից, վարչապետը հանդիպել է «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ 

Հանդիպմանը, սակայն, բացակայել են Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը, «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը և առաջադրված միակ կին թեկնածու, «Արցախյան արվեստի ֆորումի» գործադիր տնօրեն Քրիստինե Բալայանը։

Թե ինչո՞ւ այս թեկնածուները չեն մասնակցել հանդիպմանը՝ փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից։ Վերջինս դժվարացավ նշել, թե հանդիպման նախաձեռնությունը ում կողմից է եղել՝ թեկնածուների՞, թե՞ վարչապետի աշխատակազմի։ 

Անդրադառնալով մասնակիցների ցանկին՝ Կարապետյանը նշեց, որ Վիտալի Բալասանյանի վերաբերյալ հրապարակային հայտարարություն արել է, իսկ մյուս թեկնածուների մասով տարակուսեց՝ արդյո՞ք նրանք հայտարարել են իրենց առաջադրվելու մասին․ « …Ես չեմ տեսել, որ Խանումյանը առաջադրված լիներ, ինքը առաջադրվե՞լ է թեկնածու որպես …. դուք եթե նայել եք վերնագիրը (նկատի ունի պաշտոնական հաղորդագրության,-խմբ․), գրված է՝ այն թեկնածուները, որոնք առաջադրվել են կամ պատրաստվում են առաջադրվել։ Այսինքն՝ էն մարդկանց հետ է, որոնք առաջադրվել են, այդ մարդկանց հետ է հանդիպել,  բացի Բալասանյանից, որի վերաբերյալ ես հատուկ նշել եմ իմ մեկնաբանության մեջ»։  

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի՝ սույն հանդիպման բացակայությանը, վարչապետի մամուլի խոսնակը հայտնել էր, որ վարչապետը և նրան աջակցող քաղաքացիները Վիտալի Բալասանյանի՝ վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ։

Ինչու՞ չեն մասնակցել առաջադրված մյուս թեկնածուները 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց հանդիպմանը չմասնակցած թեկնածուների հայտարարությունները՝ Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք այս թեկնածուները հրապարակային հայտնել են իրենց առաջադրման մտադրության մասին։

Այսպես, Ռուսլան Իսրայելյանը դեռևս օգոստոսի 2-ին էր հայտարարել, որ հավակնում  է նախագահի պաշտոնին, իսկ Հայկ Խանումյանի թեկնածությունը առաջարկվել է 2019 թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում տեղի ունեցած ԱՎԿ Հադրութի տարածքային կառույցի ժողովի ժամանակ։ Թեկնածուներից Տիգրան Պետրոսյանը հոկտեմբերի 11-ին է հայտնել իր մտադրության մասին։ Իսկ Քրիստինե Բալայանն իր թեկնածության մասին հայտնել է նոյեմբերի 12-ին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ներկայիս իշխանության մասին սուր հայտարարություններով հանդես եկող Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նոյեմբերի 30-ին Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում։ 

Այսինքն՝ թեկնածուները հայտնի էին դեռ շատ ավելի վաղ։ Ուստի պարզելու համար, թե ինչո՞ւ վերը նշված անձիք չեն մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, Fip.am-ը կապ հաստատեց թեկնածուների հետ։ Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ չի մասնակցել  հանդիպմանը, քանի որ իրեն չեն հրավիրել։ Հայկ Խանումյանը նույնպես նշեց, որ չմասնակցելու պատճառն այն է, որ հրավեր չի ստացել։ Նա հավելեց, սակայն, որ եթե անգամ հրավիրեին, ինքը չէր մասնակցի, քանի որ, ըստ իրեն, այդ հանդիպմանը ներկա են եղել իշխանահաճո գործիչներ։

Այս ամենից պարզ է դառնում, որ վարչապետ Փաշինյանի՝ Արցախի նախագահի թեկնածուների հետ հանդիպմանը մասնակցել են այն թեկնածուները, որոնք ստացել են համապատասխան հրավեր։ Իսկ Վլադիմիր Կարապետյանի պնդումը, որ վարչապետը հանդիպել է միայն առաջադրված թեկնածուների հետ, սխալ է, քանի որ չորս այլ գործիչ ևս հայտնել էին նախագահ առաջադրվելու որոշման մասին։ 

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am