Նախագահի թեկնածուի առաջադրում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, կորոնավիրուսի դեմ պայքար. անդրադարձ Կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրման, 2021 թվականի դեկտեմբերին արձանագրված աշխատատեղերի ռեկորդային թվի արձանագրման, միջին ամսական աշխատավարձի և վիճակագրական մյուս ցուցանիշների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ աշխատանքների և կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի  տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումների հետ կապված թեմաներին: Պատասխանատուները կառավարության ղեկավարին պարզաբանումներ են ներկայացրել նշված հարցերի առնչությամբ:

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

***

Կարևոր է, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն և ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2022 թվականի փետրվարի 3-ի հերթական նիստի աշխատանքները: 

Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, ուզում եմ մի քանի ընդգծումներ անել: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու: Ընդ որում՝ առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի Հանրապետության նախագահի պաշտոնում: Ես նախ ուզում եմ ընդգծել այս փաստը: Այս պահին չեմ շնորհավորում. երևի պատեհ չէ առաջադրվելու առիթով շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Ես հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի Ձեր դերակատարումը լիարժեք, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում: Համեցեք:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան – Մեծարգո պարոն վարչապետ, նախ շատ շնորհակալություն վստահության համար: Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում, հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու: Քաղաքական կուսակցության ներսում արժանի ավելի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի:  Անձնապես իմ գնահատականն եմ ասում, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից՝ հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա կառավարությունը, այսօրվա իշխանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հանուն այդ նպատակների՝ իմ առաջադրման հետ կապված: 

Շնորհակալություն եմ հայտնում կուսակցությանը, նաև 65 պատգամավորներին, ովքեր իմ թեկնածությունն են առաջադրել: Ժամանակը կգա, կհասցնենք մնացածի մասին խոսել, բայց համոզված եղեք, որ այն, ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որի մասին մենք բոլորս ամեն օր խոսում ենք այստեղ՝ կառավարությունում: 

Եվ երկրորդը, պարոն վարչապետ՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ աշխատանքը շարունակելու կապակցությամբ վստահության համար: Ես ավելի մեծ եռանդով և պատասխանատվությամբ եմ պատրաստվում աշխատել: Ավելացնեմ՝ ինձ համար շատ գործնական, աշխատանքային մթնոլորտ է կառավարությունում աշխատելը, նաև փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն: Պատահական խոսքեր չեմ ասում: Ամեն անգամ մի նոր բան եմ գտնում, երբ մասնակցում եմ մեր նախարարական կոմիտեներին: Հավատացեք, որ կշարունակեմ աշխատել ավելի մեծ եռանդով և կփորձեմ այս ընթացքում նաև ավարտին հասցնել այն ծրագրերի մի մասը, որի մասին խոսում ենք: Առաջիկայում երևի առիթ կլինի դրա մասին խոսել: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Շնորհակալ եմ, պարոն Խաչատուրյան: Ընդ որում, ես կարևոր եմ համարում ընդգծել, որ, այո, Սահմանադրության բերումով Հանրապետության նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային և համազգային, պետական շահերով: Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով: Խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով: Այստեղ պիտի գործի իշխանությունների բաժանման սկզբունքը. Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերն ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն: Եվ, այո, շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն և ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ: 

Պիտի ընդգծեմ հետևյալը՝ Կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանական մեծամասնության միջև էլ կա մշտական բանավեճ, հարցերի քննարկում: Ավելին, Կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ: Եվ Դուք նշում եք նախարարական կոմիտեները, տարբեր քննարկումները. նրանք, ովքեր մասնակցում են այդ նիստերին, կարող են արձանագրել այդ փաստը: Այստեղ խնդիրը հետևյալն է՝ իսկապես մենք ընդհանուր ուղենիշ, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ են խաթարում: Կրկին եմ ասում՝ սա չի նշանակում, որ բոլորն ամեն տեղ, ամեն ինչում ունեն նույն կարծիքը: Ոչ, նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր եզրակացության և ընդհանուր կարծիքի: Եվ այդ ընդհանուր կարծիքն ունի որոշակի կոմպոնենտներ արտահայտված տեսակետերից, մտքերից: 

Բայց Դուք ճիշտ եք, պարոն Խաչատուրյան, մենք այս հարցը քննարկելու առիթ դեռ կունենանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում, դրանից հետո: Այս պահին պարզապես ցանկացա ընդգծել, որովհետև դա շատ կարևոր իրադարձություն է: Նաև ուզում եմ ասել, որ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մյուս անդամներն առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական-իրավական պատճառներով: Ազգային ժողովի նախագահի պատգամավորական գործունեությունը կասեցված է, և նա ներկայում կատարում է Հանրապետության նախագահի լիազորությունները, խմբակցության մյուս պատգամավորները գործուղման մեջ են, հանրապետությունում չեն և առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել այս բերումով: Նկատի ունեմ, որ, ըստ էության, առաջադրման հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև կա ներդաշնակություն, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում մենք կունենանք Հանրապետության նախագահի ընտրություն: Ընտրությունը կկայանա, և մենք կշարունակենք մեր գործունեությունն արդեն նոր կարգավիճակում, որից հետո կառավարության կազմում կլինի համալրում, բնականաբար, նոր նախարար կնշանակվի: Բայց իրադարձություններից առաջ չանցնենք: Այս պահին արձանագրումն այն է, ես ճիշտ հասկացա, պարոն Խաչատուրյան, որ մինչև Հանրապետության նախագահի ընտրությունը լիարժեք կերպով շարունակելու եք կատարել նախարարի պարտականությունները:    

***

2021թ. դեկտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի գործընկերներ, ուզում եմ նիստից առաջ 1-2 տվյալի մասին էլ խոսել: Որոշ վիճակագրական տվյալներ հունվար ամսվա ընթացքում հրապարակվել են, և պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Այսինքն՝ երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 977-ով: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ, և եթե անհրաժեշտություն լինի, բոլոր՝ 659 471 աշխատողներին անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել: 

Ընդ որում՝ ուզում եմ կարևոր արձանագրում էլ անել, որ էական աճ է գրանցել նաև միջին ամսական աշխատավարձը: Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 30 000 դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ՝ 43 000 դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ՝ 54 000 դրամով կամ 24.6 տոկոսով: Սա մեկ մարդու ստացած միջին ամսական աշխատավարձն է: 

Ցանկանում եմ ընդգծել նաև համախառն աշխատավարձը՝ թե ընդհանուր աշխատավարձային ֆոնդն ինչ շարժ է ունեցել: 2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15.7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 38.7 մլրդ դրամով կամ 38 տոկոսով: 

Նաև այս փաստերի բերումով պիտի արձանագրեմ, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտավորապես 9 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ: Խոսքը մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների մասին է, և 60.4 տոկոսից դարձել է 51.45 տոկոս: Անգամ կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազման ցնցումների պայմաններում, ինչպես արդեն նշեցի, միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտավորապես 55 000 դրամի չափով:

Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները, ըստ էության, մեծացրել են  մեր քաղաքացիների բարեկեցությունը: Ինչո՞ւ չենք կարող ասել: Որովհետև, ցավոք, 2021 թվականի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմում է 7.7 տոկոս, իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով: Գիտեք, որ գնաճը գլոբալ պրոբլեմ է, պետք է արձանագրենք, որ Հայաստանում այսպես ասած, առանձին վերցրած որևէ գործընթաց տեղի չի ունենում, այլ գլոբալ ազդեցություններ են: Ընդհակառակը, մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար և հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի: 

Եթե սրա հետ զուգահեռ մեզ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: Նաև պիտի նշեմ, որ 2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը, իհարկե, ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր 2021 թվականի համար, անգամով է ավելի, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Այս առումով կարծում եմ, որ մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել: Այս թեմայի, ասվածի վերաբերյալ եթե կան մեկնաբանություններ, խնդրեմ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Կարծում եմ՝ այս թվերը, որ Դուք հրապարակեցիք, մեկնաբանությունների կարիք ունեն, հանրությանը և հատկապես նաև բիզնեսին ավելի լայնորեն ներկայացնելու կարիք կա: Մենք իրականում, նույնիսկ մասնագիտական առումով եմ ասում, շատ դեպքերում չգիտենք՝ Հայաստանում տնտեսության ընդհանուր պատկերը և միտումներն ինչպիսին են: Այստեղ բոլորս խնդիր ունենք: Կարելի է մտածել՝ ի՞նչ ձևով դա կազմակերպել, մասնագիտական շրջանակների միջոցով անել կամ պարզապես Կառավարության համապատասխան կառույցների հետ միասին ուղղակի ներկայացնել, որովհետև ինչի մասին, որ Դուք խոսեցիք, հատկապես ինֆլյացիայի մասով, շատ կարևոր է իրական պատկերը ներկայացնելու առումով: Ի՞նչի հետևանք է դա՝ մեր տնտեսական քաղաքականությա՞ն, այսինքն՝ Կառավարության կողմից վարվող, թե՞ արտաքին գործոններով պայմանավորված: Եվ ընդհանրապես զարգացումներն ինչպիսի՞ն են լինելու, որովհետև ամեն օր իրավիճակը փոխվում է, ամեն օր նոր երևույթ է գալիս: Եվ դա միայն Հայաստանի Հանրապետությանը բնորոշ չէ, բայց դա չի նշանակում, որ մեր պատասխանատվությունն այդտեղ չկա: 

Երկրորդ հանգամանքը, որ կարևոր եմ համարում, որովհետև նախարարական կոմիտեներում դրան շատ ենք անդրադառնում, պետք է նաև ազդակ տանք մեր որոշումներին: Ի՞նչ առումով: Մենք որոշումներ կամ լուծումներ ենք տալիս ոչ թե առանձին դեպքերի կապակցությամբ, այլ ընդհանուր տնտեսական քաղաքականության տրամաբանության շրջանակում են մեր որոշումներն ընդունվում: Սա շատ կարևոր է, որպեսզի և՛ ներդրողները, և՛ մեր քաղաքացիներն իմանան՝ իրենց ի՞նչ է սպասվում և՛ սոցիալական, և՛ ներդրումային, և՛ ֆինանսական քաղաքականության առումով: Սպասելիքները մեծ են: Կարող է թվալ, որ այս թվերը կարևոր չեն, բայց հավատացեք, որ հանրության և մարդկանց մեծ խմբերի համար շատ կարևոր են: Շնորհակալություն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրեմ, պարոն Քերոբյան: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան – Այո, պարոն վարչապետ, Դուք շատ ճիշտ եք. մեր ցանկությունները շատ ավելի շատ են, քան այն ցուցանիշները, որոնք արձանագրվել են, բայց ես նախնական տվյալներ եմ դուրս բերել մեր նույն ակումբում գտնվող երկրների տարեկան ցուցանիշների վերաբերյալ: Սրանք նախնական տվյալներ են՝ Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4.4-4.5 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 8.4 տոկոսի չափ, Բելառուսում տնտեսական ակտիվությունը եղել է 2.3 տոկոս, իսկ գնաճը՝ 10 տոկոս, Ղազախստանում տնտեսական աճը եղել է 3.5 տոկոս, գնաճը ևս՝ 8.4 տոկոս, Ղրղզստանում 3.6 տոկոս է տնտեսական ակտիվությունը, իսկ գնաճը՝ 11.2 տոկոս, և մեր երկրում, ինչպես նշեցիք արդեն, 5.8 տոկոս տնտեսական աճ և 7.7 տոկոս գնաճ: Այսինքն՝ մենք մեր միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը: Սա ևս կարևոր է ընդգծել, որպեսզի ցույց տանք, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Գալստյան, Խնդրեմ:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան – Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Ես երեկ չէ առաջին օրը մեծ մամուլի ասուլիս եմ տվել՝ մեր խորհրդի նիստին հաջորդող, այստեղ ուղղակի երկու շեշտադրում կուզենայի անել: Նախ, որ գնաճը միջազգային ֆենոմեն է, ու պարոն Քերոբյանի հնչեցրած թվերը գալիս են ապացուցելու, որ ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրներում մենք ունենք գնաճի բավական բարձր մակարդակ. Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարեկան գնաճը կարող է հասնել մինչև 7 տոկոսի, որը, եթե չեմ սխալվում, 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: 

Ինչ վերաբերում է ապագա անելիքներին՝ մենք կարծում ենք, մեր գնահատականները մեզ թույլ են տալիս լիահույս լինել, որ այս տարվա վերջում, ինչպես Դուք նշեցիք, չնայած կարգավորվող գների որոշակի աճերին՝ լույս, գազ ջուր և այլն, տարվա վերջում կվերադառնանք միջակայք գնաճի առումով, և մեր գործողությունների տրամաբանությունը հենց դրան է միտված: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համեցեք, պարոն Խաչատրյան: 

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Մեկ դիտարկում. պարոն Գալստյանն արդեն նշեց, որ եկող տարվա ընթացքում մենք ավելի մոտ ենք լինելու թիրախային գնաճային ֆոնին: Այստեղ կարևոր է, որպեսզի բացահայտենք դրա կապը տնտեսական ակտիվության հետ: Վերջերս Կենտրոնական բանկը ստիպված եղավ ևս մեկ անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և նախորդ տարեվերջին մենք ունենք 8 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույք: Բայց այն հանգամանքը և փաստը, որ տարվա վերջին ամսվա՝ դեկտեմբերի ընթացքում, արդեն եկել ենք ավելի ցածր գնաճային ֆոնի, քան դրա նախորդող 3 ամիսներն էին, 7.7 տոկոսը դեկտեմբերի համար, այնուամենայնիվ՝ 9 տոկոս և բարձր նախորդ 3 ամսվա տեսանկյունից, զգալիորեն ավելի կայունության վկայություն է: 

Հավանաբար եկող տարվա սկզբի ամիսների ընթացքում մենք կնկատենք արդեն նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքների շարունակական նվազում, որը պետք է նպաստի, որ մեր կողմից թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճը տեղի ունենա՝ որովհետև որքան բարձր են տոկոսադրույքները, այնքան դրանք գնաճային ֆոնը կառավարելու հետ միասին նաև տնտեսական ակտիվության որոշակի սահմանափակումներ են առաջացնում, որովհետև ուղղակիորեն ազդում են վարկավորման տոկոսադրույքների վրա: Սա այն դրական գործոնն է և ազդակը, որ հենց պետք է առանձնացնենք տարեսկզբին: Հույս ունեք, որ Կենտրոնական բանկը նաև արդեն առաջիկա ամիսների ընթացքում, իր քաղաքականությունը մեկնաբանելու հետ միասին, մեզ կտա այն հորիզոնը, որտեղ մեր բիզնեսը պետք է ավելի ցածր տոկոսադրույքներով տնտեսական ակտիվության պլաններ կազմի: Շնորհակալ եմ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Այստեղ խոսվեց՝ ինչն է Կառավարության քաղաքականության արդյունք, ինչը՝ գլոբալ գործընթացների: Ես ուզում եմ երկու դիտարկում անել այս կապակցությամբ: 2019 թվականին ամբողջ աշխարհում արձանագրվել էր պարենային ապրանքների գնի աճ, և Հայաստանի Հանրապետությունն այն բացառիկ երկրներից էր, որտեղ, հակառակը, պարենային ապրանքների գնի նվազում էր արձանագրվել: Եվ ինչպես հիմա հրապարակային քննարկում ենք գնաճը, ես հիշում եմ, որ 2019 թվականին մեր քննարկումների թեման գնանկումն էր: Որովհետև նաև տնտեսագետների որոշակի շրջանակներ ահազանգում էին, որ գնանկում ունենք, ինչն այդքան էլ բիզնեսի և տնտեսական աճի խթանման առումով տրամաբանական չէ, բայց մենք հանգիստ էինք վերաբերվում այդ փաստին: Ինչո՞ւ, որովհետև արձանագրում էինք, որ գնանկումը մենաշնորհների հաղթահարման արդյունք է, և, հետևաբար, այդ առումով ընդհանրապես լարվածություն չունեինք: 

Այս առումով էլ հիմա հանգիստ ենք: Իհարկե, պարզ է, որ Կենտրոնական բանկը և Կառավարությունն էլ, որքանով իր քաղաքականության, լծակների տիրույթում է, ամեն ինչ անում է, որպեսզի գնաճը զսպող քաղաքականություն վարի: Բայց, մյուս կողմից, այս առումով մենք հանգիստ ենք, որովհետև 2019 թվականին գնանկումով ունեցանք եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը: Այսինքն՝ ինչի՞ ենք հանգիստ, որովհետև գիտենք, որ գների աճի ներքին արհեստական խթաններ չունենք: Այսինքն՝ մեր բոլոր գնաճային երևույթներն արտաքին ազդեցության հետևանք են, և դա այս առումով ակնհայտ է:  

Հաջորդ նրբությունը, որին ուզում եմ անդրադառնալ, որին բազմիցս եմ անդրադարձել, բայց կրկին ուզում եմ անդրադառնալ. աշխատատեղերի աճի ցուցանիշները միանշանակ մեր որդեգրած քաղաքականության արդյունք են, և պիտի արձանագրեմ, որ սա համահարթ եկամտային հարկի անցնելու քաղաքականության արդյունք է: Ընդ որում, ուզում եմ ընդգծել հետևյալը, որ մենք էականորեն ցածրացնում ենք եկամտային հարկը, բայց, եթե ճիշտ եմ հիշում, պարոն Բադասյան, մեր հավաքած եկամտային հարկը մի փոքր էլ ավելի է բարձր հարկային տոկոսների ժամանակների եկամտային հարկից: Ճի՞շտ եմ հիշում, պարոն Բադասյան:  

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան  – Այո, պարոն վարչապետ: Թվային ցուցանիշներ այս պահին ձեռքիս տակ չկան, բայց նաև հիշեցնեմ, որ եկամտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ սոցիալական վճարի դրույքաչափի որոշակի աճ կա, այսինքն՝ այն բալանսավորված էր ի սկզբանե։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, բայց, այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր 70 000 աշխատատեղերի ի հայտ գալու առումով պրոբլեմ ունենք և պետք է խոստովանենք՝  մենք չգիտենք, թե այս աշխատատեղերից քանիսն է նոր ստեղծված։ Գիտե՞նք, պարոն Բադասյան։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան  – Ոչ, պարոն վարչապետ: Ուղղակի  ուզում էի ասել, որ դրանք միջին ամսական տվյալներն են, այսինքն՝ 2018 թվականի միջին ամսական աշխատատեղը համեմատել ենք 2021 թվականի միջին ամսական աշխատատեղի հետ։ Այս պահին ձեռքիս տակ չկան, բայց, բացարձակ թվով, հնարավոր է՝ ավելի շատ են աշխատատեղերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս ցուցանիշի մեջ մենք վճարվող աշխատատեղերն ենք հաշվի առնում: Դա շատ կարևոր է, որովհետև մեր երկրում կան աշխատատեղեր՝ 0 աշխատավարձով, դա ինչ-որ առանձնահատկությունների հետ է կապված։ Այս վիճակագրության համար մենք հաշվառում ենք միայն վճարվող այն աշխատատեղերը, որոնց պարագայում  աշխատավարձ է վճարվել, և եկամտային հարկ է գանձվել: Սրա համար է, որ ասում եմ՝ այստեղ մանիպուլյատիվ որևէ թիվ ուղղակի չի կարող լինել։ Բայց նաև եկամտային հարկի առումով ասեմ, որ մենք ցածր դրույքներով, եթե հիշողությունս չի դավաճանում, 2-3 մլրդ դրամով ավելի ենք հավաքում։  Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ կա այսպիսի կարևոր առանձնահատկություն՝ այս աշխատատեղերի թվերն ունեն սեզոնային և ամսական որոշակի առանձնահատկություններ։ Այսինքն՝ չի բացառվում, որ, օրինակ, հունվար, փետրվար ամիսներին որոշակի անկում լինի դեկտեմբերի ցուցանիշից, և մենք ամիսները ամիսների հետ ենք համեմատում, բայց դեկտեմբերի մեր ունեցած ցուցանիշը բացարձակ ռեկորդ է, այսինքն՝այն նախկինում բոլոր ամիսներին ունեցած թվից ավելին է։ 

***

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվս մեկ թեմայի եմ ուզում անդրադառնալ, հարգելի գործընկերներ, որը կապված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ։ Գիտեք, որ երեկ աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելազյորովը և հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մեր գործընկերների հետ։ Պիտի ասեմ, որ շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը. ըստ էության, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետև երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։ 

Գիտեք, որ մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և պայմանավորվածությունների անբաժանելի մաս է հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և այն պետք է գործի՝ Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված: Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը։ 

Իհարկե, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ որևէ դեպքում, բայց այս դինամիկայով շարունակելու պարագայում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։ Կրկին եմ ասում՝ քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ։ Պարոն Գրիգորյան, բան ունե՞ք ավելացնելու այս թեմայով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Կարճ հավելում, պարոն վարչապետ։ Մենք այլևս երկաթգծի վերականգնման հետ կապված պարբերաբար ունենալու ենք նաև երկկողմ շփումներ: Ինչո՞ւ, որովհետև, ինչպես  գիտենք, ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներն» են և, ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այս փուլից, ծրագրի հետ կապված առաջընթացում, ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում: Որովհետև նախագծային փուլից սկսած ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո կառուցվի ու անմիջապես շահագործվի առանց խութերի և խոչընդոտների։ 

Երկրորդը, կարծում եմ՝  երկկողմ ինտենսիվ քննարկումների փուլ կմտնենք, որովհետև «Ռուսական երկաթուղիներ» կորպորացիան ոլորտում աշխարհի լրջագույն կառույցներից է, և այն ներուժը, փորձը և տեղեկատվությունը, որ նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար։ Նաև պետք է նշել, թե ինչ հոսքերի վերադասավորում տեղի կունենա, լինեն դա գլոբալ՝ Հյուսիս-հարավ, թե Արևելք-արևմուտք լոգիստիկ ուղղությունները և նաև տարածաշրջանում, համագործակցության արդյունքում մենք այդ ներուժի գնահատականի մեջ ունենալու ենք համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա, ի վերջո, նաև գնահատել այս ծրագրի եկամտաբերությունը և ապագա ֆինանսական մոդելի ճիշտ կառուցումը։ Շնորհակալություն։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Տեղյակ եք, որ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն, եթե աշխատանքային ձևակերպում տանք, դաշտային աշխատանքով է զբաղվելու, այսինքն՝ տեղում նայել կոնկրետ տարածքները, որոշել շինարարության հրապարակների տեղերը: Արդեն եղել են տեղերում՝ Երասխում, Մեղրիում և գնահատել  են, աշխատանքը նոր է սկսվել։ Երեկվա հանդիպման արդյունքում  աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզն ավելի որոշակի են ուրվագծվում։ Պարոն Թումանյան, այս առումով ունե՞ք ավելացնելու որևէ բան։

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Աշխատանքային խումբն իսկապես սկսել է իր գործունեությունը։ Առաջին նիստը եղել է արդեն և հանրապետության առանձին պետական գերատեսչությունների հետ և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան՝ ինչպես պետք է  համագործակցենք։ Իսկապես երեկվա նիստը շատ գործնական էր, ռուսական կողմն իր տեսլականը ներկայացրեց։ Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ՝ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք։ Շնորհակալություն։ 

***

Պատվաստման դրական ազդեցությունն ակնհայտ է. կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված և հոսպիտալացված քաղաքացիների 16.6 տոկոսն է պատվաստված 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվս մեկ հարց, հարգելի գործընկերներ։ Շարունակում է ծավալվել կորոնավիրուսի համավարակը, ինչը մեզ համար ամենևին էլ անսպասելի չէր։ Դուք հիշում եք, որ հունվարի սկզբին, երբ մեր օրական դեպքերի թիվը շատ փոքր էր, մենք ասում էինք, որ փետրվարին ունենալու ենք նոր ծավալում։ Դա կապված է «օմիկրոն» շտամի ներթափանցման հետ, և  օրական դեպքերի թիվը շարունակական աճում է։ Այսօր 4388 դեպք ենք ունեցել, և ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ ունենք հոսպիտալացված 1543 քաղաքացի, հոսպիտալացված քաղաքացիներից 256-ը  կամ 16,6 տոկոսն են պատվաստված։ Այսինքն՝ ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը գործընթացների վրա, և մենք հիմա նաև պատրաստվում ենք՝ այս ալիքի ընթացքում, որն ըստ ամենայնի դեռ կաճի, առաջիկա առնվազն մեկ շաբաթվա ընթացքում թվերի շարունակական աճ ենք կանխատեսում, ունենք որոշակի ալգորիթմներ։ Հույս ունենք, որ թվերը մեր կանխատեսած նշաձողերից ավելի բարձր չեն լինի, և հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պատշաճ դիմակայենք այդ ալիքին։ Տիկին Ավանեսյան, լրացուցիչ ի ՞նչ ունեք ասելու։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, ուղղակի ուզում էի նշել, որ այս թվերի շրջանակում ունենք 4 տոկոս հոսպիտալացման կարիք, այսինքն՝ օրական դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման։ Ինչպես նշեցիք, մեր համակարգը, ըստ նախագծված պլանի, անցնում է հերթական հոսպիտալային մահճակալների ծավալմանը։ Համակարգն այս պահին էլ, կարող ենք ասել, որ լարված ռեժիմով է աշխատում՝ պատշաճ կերպով կազմակերպելու մեր բնակչության թե՛ կանխարգելումը, թե՛ բժշկական օգնությունը։ Իհարկե, ակտիվ շարունակվում են պատվաստումային գործընթացները. ուղղակի քանի որ այս պահին ունենք հիվանդացածների մեծ թիվ, նրանց պատվաստումները մի փոքր հետաձգվում են, քանի որ հիվանդանալու պահից 3 ամիս պետք է անցնի։ Բայց նշեմ ընդհանուր ցուցանիշները՝ այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 18 տարին լրացած քաղաքացիների 46,3 տոկոս, ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 37 տոկոսը։ Սա 18 տարին լրացած քաղաքացիներն են, և այս ձևաչափը համադրելի է այլ երկրներում կիրառվող մեթոդաբանության հետ։ Շնորհակալություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, պետք է խոստովանել, որ պատվաստման տոկոսը շատ ցածր է, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ թիվն  աճի։ Որոշակի մեխանիզմների գործադրմամբ մենք, ըստ էության, աշխատող քաղաքացիների շրջանում բավական բարձր ցուցանիշներ  ունենք, բայց դեռևս բաց է մնում չաշխատող քաղաքացիների շրջանում պատվաստման խնդիրը: Երրորդ դեղաչափի հարցը նույնպես շատ էական է և կարևոր։ Ես ուզում եմ, որ մենք զգոնությունն այս թեմայով  ամենևին չկորցնենք և բոլորս մեր աշխատանքին զուգահեռ նաև ուշադրություն դարձնենք կորոնավիրուսի համավարակի դեպքերին։