«Ադրբեջանը, անգամ հաղթողի դերում լինելով, չէր կարող այդքան լկտիություն ունենալ, եթե չունենար սատարում». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հավանականության մասին։ Որքանո՞վ է այս իրավիճակը պայմանավորված երեկվա ելույթով, և ի՞նչ քայլ պետք է անի Հայաստանը հիմա։

– Բացառում եմ, որ պատահականություն էր, և չեմ բացառում, որ այսպես կոչված ռազմավարական գործընկերոջ համաձայնությամբ է տեղի ունեցել, որովհետև Ադրբեջանը, անգամ հաղթողի դերում լինելով, չէր կարող այդքան լկտիություն ունենալ, եթե չունենար այլ աղբյուրներից սատարում։ 

Հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի ստորագրված թղթի երաշխավորը ՌԴ-ն է, որն ունի բավական մեծ հետաքրքրություն Ադրբեջանի հետ կապված, սա նշանակում է, որ նաև այսպես կոչված ռազմավարական գործընկերոջ թույլտվությամբ է տեղի ունենում այն ամենը, ինչ տեղի է ունենում։

– Հայաստանն այս պահին ի՞նչ քայլ պետք է անի, միանգամից դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհո՞ւրդ։

– Ես կարծում եմ՝ բացի ռազմավարական գործընկերոջ բարի կամքի կամ ուզել-չուզելու վրա հույսը դնելուց, պետք է բոլոր հնարավոր գործիքակազմերն օգտագործել՝ առանց մեղադրելու մեզ նրա համար, որ դավաճանում ենք մեր ռազմավարական գործընկերներին, որովհետև նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով ամենակարևոր հումանիտար հարցը ոչ միայն չի լուծվել, այլ նաև շարունակվում են նոր միջադեպեր տեղի ունենալ, որի հետևանքով մենք ունենք նոր գերեվարվածներ և ունենք սպանված ՀՀ քաղաքացի։ 

Հետևաբար, մենք այսօր ունենք և՛ իրավական, և՛ բարոյական իրավունք ցանկացած գործիքակազմի՝ այլ աղբյուրներից օգտվելու, այլ կառույցների դիմելու։ 

Այլ խնդիր է, թե արդյոք մեր իշխանությունները կունենա՞ն նվազագույն արժանապատվություն և ողջամտություն պետական շահը իրենց «տաբուրետկայի» կախվածությունից բարձր դնելու, թե՞ ոչ։ 

Ամենաողբերգականն այն է, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը չգիտես ինչ աստիճանի քծնում են ՌԴ-ին, այնինչ հասկանում են, որ մենք ունենք լրջագույն խնդիր, և այդ լրջագույն խնդրի հիմքում կանգնած է հենց ՌԴ-ն իր հետաքրքրություններով և շահերով։ Խոսքը ռուս ժողովրդի մասին չէ, խոսքը կոնկրետ իշխանությունների մասին է։

– 23 քաղաքական ուժ և 4 դաշինք են առաջադրվել այս ընտրություններին։ Առհասարակ, որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում ընտրությունների անցկացումը։

Հիմա մի փոքր կդժվարանամ պատասխանել, որովհետև ընտրությունների հետ կապված կար շրջան՝ նոյեմբերի 9-ից հետո, իշխանությունները պետք է հասկանային, որ գալու է բանակցությունների ժամանակը, և մենք պետք է ունենայինք իշխանություն, որը կկարողանար նորմալ և արժանապատիվ բանակցել, ինչն այս իշխանությունները իրապես չեն կարողանում անել։ 

Եվ սա մի քանի քայլ առաջ մտածելու ունակություն է, որից զուրկ է եղել իշխանությունը, ի դեպ՝ նախկին իշխանություններն էլ հետը։ Եվ այնպես չէ, որ մի բարի պտուղ էլ նրանք են եղել։ 

Եվ մենք հիմա առնվազն պետք է ունենային պրոֆեսիոնալ բանակցողներ։ Նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումից հետո մենք պետք է կառավարության այնպիսի կազմ ունենայինք, որը գուցե ոչ ընտրությունների արդյունքում կլիներ, բնականաբար, խոսքը հանցավոր ռեժիմի վերադարձի մասին չէ, նոր հոկտեմբերի 27 իրականացնելու մասին չէ, բայց գիտակցված ընտրություն պետք է լիներ, որ մենք կարողանայինք իշխանությունը փոխանցել պրոֆեսիոնալների, որոնք թիմով, առնվազն բանակցելիս կունենային նվազագույն գիտելիքներ և կկարողանային բանակցել։ Էլի ծանր կլիներ մեր վիճակը, բայց այս աստիճանի նվաստացուցիչ և կախված, ամեն օր էլի ավելի վատթարացնող վիճակ չէինք ունենա։ 

– Հնարավոր պատերազմից պե՞տք է խուսափի Հայաստանը՝ հաշվի առնելով վերջին պատերազմում կրած նյութական և մարդկային կորուստները։

Միանշանակ, սա շատ դժվար է, և պետք է խուսափել։ Գիտեք, ամեն ինչին չէ, որ պետք է զենքը վերցնես և վազելով գնաս կրակելու, կան իրավիճակներ, որտեղ պետք է կարողանաս քեզ ավելի զուսպ և հավասարակշռված պահել, եթե դա բխում է քո շահերից, անգամ եթե դա այնքան էլ ընդունելի քայլ չէ։ 

Բայց մենք տեսնում ենք, որ բանակում շարունակվում են այսպես կոչված ինքնասպանությունները, որոնք նորից ձևակերպվում են իբրև ինքնասպանություն, գերեվարումները, վրան ունենք, թե չունենք, այսքան անլուրջ, անպատասխանատու վերաբերմունքը բանակին ստեղծում է խայտառակ վիճակ, որտեղ, այո՛, իսկապես խնդիր է առաջանալու մարդկանց բանակ ուղարկելու։ 

Մենք մի քանի քայլ առաջ պետք է մտածենք, թե ինչպես ենք բանակում հետագայում ծառայողների ընտանիքներին տրամադրում, այսպես չի կարելի։ 

Այո՛, պատահում է, որ պետությունները պարտվում են, դա ցավալի է, շատ հզոր կայսրություններ են պարտվել, բայց պետք է կարողանալ ճիշտ ուղու վրա դնել և վերականգնվել, ոչ թե ամեն հաջորդ գործողության բացակայությամբ ավելի ես խորացնում և ծանրացնում իրավիճակը։ Բա իրենց խոսելու ձևը, մուննաթը նայեք, նայեք նրանց վարքագիծը… 

Ես նրանց ուզում եմ հարցնել՝ դուք տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում ձեր իշխանության օրոք։ Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք կարողանում հավակնել իշխանության, ի՞նչ երեսով եք գնալու խոսեք մարդկանց մեջ։ 

Այո՛, կան մարդիկ, որոնք մտածում են, որ Փաշինյանին մոլորության մեջ են գցել և գլխին սարքել են, բայց դուք ձեր հոգու խորքում հասկանո՞ւմ եք, չէ, ինչ է կատարվել, ներկա և ապագա պատգամավորներ կամ ՔՊ-ականներ, հազա՛ր ամոթ ձեզ, որ չեք կարողանում ձեր մեջ ուժ գտնել և ճիշտ վերլուծել և ճիշտ գործողություններ անել։

Մանե Հարությունյան

MediaLab.am