Ի՞նչ է ուզում Հրանտ Բագրատյանը հայոց լեզվից

Ի՞նչ է ուզում Հրանտ Բագրատյանը հայոց լեզվից
Ի՞նչ է ուզում Հրանտ Բագրատյանը հայոց լեզվից

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ցնցել է հայկական համացանցը: Նա ասել է, որ հայերենը աղքատ լեզու է եւ դա փաստել է թվերով: Ըստ այդմ, անգլերենում կամ ֆրանսերենում ավելի շատ բառեր կան, քան հայերենում: Բագրատյանը դա ասում է գրաբար եղած լեզվի մասին:

Աղքատիկ լեզու չկա: Դա նույնն է, որ ասել՝ երաժշտությունն ամենաաղքատ ստեղծագործական ոլորտն է, ունի 7 նոտա: Բայց սիմֆոնիան գրում են զգացողությամբ, ոչ թե նոտաներով: Ավստրիայի կայսրը՝ Իոսիֆ 2-րդը, Մոցարտի «Առեւանգում հարեմից» օպերայից հետո Վոլֆգանգ Ամադեյին ասում է՝ Չափազանց շատ նոտաներ կային: Մոցարտը հակադարձում է՝ նոտաներն այնքան են, որքան պետք է: Այդպիսին է նաեւ լեզուն: Հնարավոր չէ ասել՝ մեր այբուբենում չափազանց շատ տառեր կան: Անգլերենն ավելի քիչ տառեր ունի, բայց, ըստ նախկին վարչապետի, բառերի թվով գերազանցում է մեզ: Չի կարելի կռիվ տալ լեզվազգացողության հետ, որն, ի դեպ, Հրանտ Բագրատյանին հերիքում է: Նա իսկապես լավ լեզվազգացողություն ունի: Գուցե երբեմն բառերն իրենց տեղում չեն, բայց նա խոսել գիտի:

Աղքատությունը լեզվի մեջ չէ, լեզուն աղքատանում է նրանով խոսողների երեւակայության պակասից: Լեզվի լավագույն ցուցիչը բանաստեղծությունն է, իսկ մեր բանաստեղծությունը չի դժգոհել լեզվից: Հրանտ Բագրատյանի թվերն ամենեւին բառերի մասին չեն: Բառերը չեն ընդլայնում լեզվազգացողությունը, այլ՝ հակառակը:

Լեզվում կան այնքան բառեր, որքան պետք են լինելու համար: Լեզուն չի հերիքում միայն որոշ զգացումներ արտահայտելու համար, բայց նույնիսկ այդ դեպքում մեր գրականությունը գլուխգործոցներ ունի: Վահան Տերյանը եւ Հովհաննես Թումանյանը մեր լեզվի աղքատության մասին ոչինչ չեն ասել: Որովհետեւ աղքատությունը լեզվի մեջ չէ, բառերի քանակի մեջ չէ: Պակասող բառը բանաստեղծին կամ լեզվաբանին կթելադրվի: Որովհետեւ լեզուն թելադրվում է լեզվի զգացողությամբ: Ինչու՞ է Հրանտ Բագրատյանը լեզուն դարձրել թեմա: Չգիտեմ: Գուցե դա նույնիսկ լավ է: Բայց Սամվել Ալեքսանյան կամ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյան ունեցող երկրում նա մի քիչ շտապել է: Եթե Ծառուկյան Գագիկը «համապատասխան» բառից զատ ուրիշ ոչ մի բառ չգիտի, նա լեզվի համար սպառված մարդ է:

Մենք ապրում ենք ընդմիջված լեզվազգացողության ժամանակներում, որտեղ այնուամենայնիվ գրվում են հանճարեղ գործեր: Հասարակությունը, որի բան ու գործը հաստատ ինքնամաքրումը չէ, որտեղ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթեւոսյանի կամ Ավագ Եփրեմյանի, Տիգրան Պասկեւիչյանի ու Վահագն Աթաբեկյանի լեզուն մեկնակետ չեն, իհարկե, ավելի կարեւոր գործեր չունի: Լեզուն միշտ պիտի լինի առաջին տեղում: Որովհետեւ մնացածը գալիս են լեզվից: Լեզուն խոսելու համար չէ, այլ անհատականություն լինելու համար: Լեզուն մեզ դարձնում է բազմազան մշակույթի մեջ, որը շարունակվելու առաջին շարժիչն է:

Լեզուն, ասում եմ ձեզ, բառերը չեն, եթե կան միայն բառերը: Չէ՞ որ այդ նույն բառերով կարելի է ոչինչ չասել: Կարելի էր խոսել կապանքների մեջ գտնվող լեզվի մասին, բայց կապանքները մարդուց են, ոչ թե լեզվից: Մարդը պետք է հասունանա լեզվի համար եւ ոչ թե՝ հակառակը: Եթե լեզուն 5 բառից ավելին չէ, նշանակում է այդքանն էլ հերիք է ամբողջն ասելու համար: Հիսուս Քրիստոսն անպատասխան է թողնում Պիղատոսի «ի՞նչ է ճշմարտությունը» հարցը: Եթե Քրիստոսը պատասխաներ, ապրելն անիմաստ կդառնար: Առավելեւս ուրիշի հռչակած ճշմարտությամբ: Այդ պատասխանից հետո ոչ ոք չէր կարող անհատականություն լինել, անիմաստ կլիներ խոսել լեզվով: Ամբողջ աշխարհը կունենար մեկ բառապաշար եւ դա կլիներ Քրիստոսի հռչակած ճշմարտությունը:

Մհեր Արշակյան

MediaLab.am