Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ է արձանագրել առողջապահության ոլորտում

Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ է արձանագրել առողջապահության ոլորտում
Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ է արձանագրել առողջապահության ոլորտում

Վերահսկիչ պալատը առողջապահության ոլորտում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների ծրագրերի նկատմամբ իրականացրած ստուգումների արդյունքում 2013 թվականին բազմաթիվ խախտումներ է արձանագրել:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ստուգմամբ պարզվել է, որ ծառայությունների մատուցման հիմքում դրված ոչ հիմնավոր հաշվարկներով հիվանդների թվի և նրանց բուժման ու հետազոտման ժամկետների վերաբերյալ ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ: Արդյունքում, որոշ դեպքերում ծառայությունն իրական շահառուներին մատուցվել է մասնակի: Վերահսկիչ պալատի վերահսկողության ընթացքում ի հայտ է եկել նմանատիպ շուրջ 20 դեպք, որոնց գծով ծախսվել է 4 մլն 859.4 հազար դրամ: Այսինքն՝ փաստացի չմատուցված ծառայության դիմաց կատարվել է վճարում: Գումարը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

Պարզվել է, որ հիվանդանոցային պայմաններում տուբերկուլյոզի ախտորոշման նպատակով սահմանված օրական 7150 դրամի փոխարեն փոխանցվել է 8900 դրամ: Արդյունքում, 2012 և 2013 թվականներին բժշկական հաստատություններին ավելի է վճարվել համապատասխանաբար 24 մլն 762.2 հազար  և 24 մլն 954.6 հազար դրամ:

Պետական գնումների գործընթացում ևս խախտումներ են արձանագրվել: Պարզվել է, որ դիսպանսերի կողմից թույլ են տրվել գնումների մասին օրենսդրության բազմաթիվ խախտումներ: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով վիճակագրական տվյալները և նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների գնային առաջարկները, պետք է կատարեր շուկայական գների ուսումնասիրություն, որը չի կատարվել: Արդյունքում, ձեռք բերված ապրանքների գները գերազանցել են դրանց միջին շուկայական ցուցանիշների մակարդակը:

Ինչ վերաբերում է տուբերկուլոզի հիվանդության և մահացածության ցուցանիշներին, ապա ՎՊ-ն արձանագրել է, որ վերջին տարիներին դրանք էականորեն նվազում են: Այնուամենայնիվ, դրան համարժեք ֆինանսավորման հոսքերը չեն փոփոխվում, դեռ ավելին, դրանք գնալով ավելանում են: Ըստ Վերահսկիչ պալատի՝ կարելի է ենթադրել, որ ֆինանսավորումը համարժեքորեն չի արտացոլում առկա վիճակն ու միտումները:

Վերահսկիչ պալատն աղաղակող փաստ է արձանագրել հեմոդիալիզի մատուցման ծառայության ստուգման ժամանակ: Պարզվել է, որ ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական հաստատությունների կողմից հեմոդիալիզատորների (ֆիլտր) բազմակի օգտագործման դեպքեր  են արձանագրվել: Առողջապահության նախարարի հրամանով մեկ սեանսի ընթացքում ֆիլտրի բազմակի օգտագործումն, առողջական անվտանգությունից ելնելով, արգելված է, և ֆինանսավորումը կատարվել է “մեկ սեանսի համար մեկ ֆիլտր” սկզբունքով: Այնուամենայնիվ, բժշկական հաստատությունները, փաստացի գնելով ավելի քիչ ֆիլտրներ, դրանք օգտագործել են բազմակի անգամ: Կարդալ ավելին