Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը մասնակցել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի կազմակերպած ցույցին

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև ակցիա է կազմակերպել, որին միացել են նաև ԱՄՆ դաշնային, նահանգային և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և հայերի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Ակցիայի ընթացքում բանախոսները կոչ են արել նաև Ադրբեջանին զրկել ԱՄՆ-ի ամենամյա օգնությունից և պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Ակցիային ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ նամակ էր ուղղել ԱՄՆ վարչակազմին, անձամբ Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու հարցով։ Շիֆը նաև խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ՝ խնդրելով անել ամեն բան ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

«Ես կանգնած եմ Արցախի 120 հազար բնակիչների կողքին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքի կողքին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը պետք է ավարտվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել՝ «այլևս երբեք»։

Մենք պետք է անենք ավելին, քան խոստումները։ Մենք պետք է գործենք», – ակցիայից հետո X (նախկինում՝ Twitter) սոցցանցում գրել է Շիֆը։

Բրեդ Շերմանը ևս խոսել է Արցախում շրջափակված 120 հազար մարդկանց մասին՝ շեշտելով, որ Ադրբեջանն օգտագործում է «պատերազմական հանցագործությունների ամենադաժան զենքը՝ սովամահությունը»։

«Մենք ականատես ենք լինում Արցախում ծավալվող հումանիտար աղետի։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակարգին և վերջ դնենք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական աջակցությանը», – գրել է Շերմանն X (նախկինում՝ Twitter) սոցցանցում ակցիայից հետո։