«Այսպես մենք գնում ենք ուկրաինացման ճանապարհով, որը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում». Սուրեն Սուրենյանց

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում արտգործնախարար Արարատ Միրզոյանի վերջին օրերին տեղի ունեցող հանդիպումները տարբեր պաշտոնյաների հետ։ Ներհայաստանյան շրջանակներում հատկապես ոգևորություն առաջացրեց ՄիրզոյանԼավրով հանդիպումը, սկսեցին խոսել, թե վերջապես հայաստանյան դիվանագիտությունը ցույց տվեց իր անկախությունը, որ այլևս Ռուսաստանին ենթակա չէ և այլն։

– Եկեք երկու բան իրարից առանձնացնենք․ հոխորտալից հռետորաբանությունը դեռևս սուբյեկտային կամ ինքնիշխան արտաքին քաղաքականության ցուցիչ չէ, ի վերջո, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը, Խորենացու ասած, ամենաշատն է կարճացրել մեր վերմակը, ու հիմա՝ արտաքին քաղաքական ակնհայտ ձախողումներից հետո, նույնիսկ տեղին քննադատությունը Ռուսաստանի հասցեին, բայց հոխորտալից հռետորաբանությամբ, ըստ էության, ոչինչ չի փոխում։

Մենք պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ նշաձողեր են արձանագրվում, օրինակ՝ Միրզոյանի կողմից, հայկական կողմը կարողանո՞ւմ է դրանց տեր կանգնել, թե՞ չի կարողանում։ Մյուս կողմից՝ Միրզոյանի խոսքի մեջ ակնհայտ հակասություններ կան, որը դարձյալ արտաքին քաղաքականության որակի մասին լավ կարծիք ունենալու հիմքեր չի ստեղծում։

Եթե անընդհատ խոսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարություններին հավատարիմ լինելու մասին, այս համատեքստում տարօրինակ է հնչում ՀԱՊԿ դիտորդների նկատմամբ քամահրական վերաբերմունքը, որովհետև եթե դու ընդունում ես, որ եռակողմ հայտարարությունների հիմքով պետք է կարգավորում լինի, ակնհայտ է, որ ընդունում ես Ռուսաստանի մոդերատորությունը, այս դեպքում լրիվ անիմաստ են դառնում ՀԱՊԿ դիտորդների հետ կապված այս վերապահումները։

Մյուսը՝ եթե դու անընդհատ Ռուսաստանի կայունացնող դերի մասին՝ հանդիպման սկզբում, միջնամասում, վերջնամասում նշումներ ես անում, դրանից հետո արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին ակնարկները դառնում են դարձյալ ծիծաղելի։

Եկեք չմոռանանաք, որ նման կեցվածք որդեգրած Միրզոյանը Աստանա էր գնացել շատ թույլ բագաժով, այսինքն՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը Հայաստան, որ այդքան թմբկահարվում է մեր իշխանությունների կողմից, շատ թույլ առաքելություն է։ Նախ՝ այն քաղաքացիական առաքելություն է, այն էլ՝ շատ սահմանափակ ռեսուրսներով ՝ 40 հոգանոց և ընդամենը երկու ամսվա համար․ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վրաստանում այդ առաքելությունը գործում է 2008 թվականից ցայսօր, ինքներդ դատեք տարբերությունը։

– Կարծում եք հայաստանյան դիվանագիտությո՞ւնն է այդ տարբերության պատճառը։

– Իրականում Ադրբեջանն այդ մանդատը չի ընդունել կամ քամահրական ձևով հայտարարել է, գրավոր՝ ընդ որում, որ կհամագործակցի այնքանով, որքանով։ Պարզ է, որ չի էլ համագործակցի, որովհետև իր տարածք չի թողնելու ու հաղորդագրություններն էլ բանի տեղ չի դնի։ Դա հայկական կողմի օրակարգն էր, որը շատ կիսատ-պռատ ընդունվեց, որին էլ Ադրբեջանը համաձայնեց միայն մի բանի պատճառով, որ Մակրոնին ու Եվրամիության նախագահին չնեղացնի, այսինքն՝ ավելի շատ Մակրոնի դեմքը փրկելու խնդիրը լուծվեց։

Հիմա այս բագաժով մեր արտգործնախարարը գնացել է Աստանա, ոչ թե այս առաքելությունը ես չեմ կարևորում, այլ այդ առաքելության մանդատն այնքան թույլ է, որ դրանով գալ Մոսկվա ու հոխորտալից տոնով հայտարարություններ անել, չեմ կարծում, թե խոսում է արտաքին քաղաքականության սուբյեկտության կամ ինքնիշխանության մասին։

Մեկ հանգամանք էլ շեշտեմ, որ այդ եվրոպական քաղաքացիական առաքելության թեման չգիտեմ ինչ օգուտներ կտա Հայաստանին, բայց արդեն հիմա այդ ռիսկերի մասին կարող եմ խոսել։ Դրանցից մեկը Ռուսաստանի գերզգայուն արձագանքն է, երեկ էլ արդեն տեսանք, որ Իրանը բավականին բացահայտ հասկանալ տվեց, որ այդ առաքելությանը դեմ է, որովհետև Թեհրանում կամ Մոսկվայում երեխաներ չեն նստած ու հասկացել են, որ այս քայլով Եվրամիությունը կամ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում դերակատարություն ստանձնել։

Հայաստանի իշխանությունը այդքանը գիտակցե՞լ է, մտածվա՞ծ է անում, թե՞ չմտածված՝ ես չեմ կարող պնդումներ անել, որովհետև և՛ դիլետանտիզմն այստեղ կարող է դեր խաղալ, և՛ չհաշվարկված վեկտորալ փոփոխությունը։

Իսկ Հայաստանի իշխանությանը կհաջողվի՞ այդ վեկտորալ փոփոխությունն անել։

– Ձեր հարցը շատ գլոբալ է, ստիպված պետք է մի քիչ խորքից գամ․ քիչ առաջ խոսում էի այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում հաստատվել է ստատուս քվո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հենքով, որում այդ ստատուս քվոյի հիմնական երաշխավորը Ռուսաստանն է։

Հնարավոր չէ, որ նոյեմբերի 9-ի հենքով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում լինի արտաքին այլ դերակատարների միջնորդությամբ, որովհետև արևմտյան միջնորդները չեն կարող ուղղակի երաշխավորություն ստանձնել այն ստատուս քվոյի համար, որը հաստատվել է Ռուսաստանի կողմից։

Հետևաբար արևմտյան դերակատարները պետք է նոր ստատուս քվո հաստատեն, իսկ նոր ստատուս քվոն չի կարող տեղի ունենալ՝ առանց ցնցումների ու ռազմական գործողությունների, որովհետև եթե նոյեմբերի 9-ից հրաժարվում ենք, այդ ամբողջ՝ թեկուզև փխրուն անվտանգային համակարգը փլուզվում է, ինչը բերելու է պատերազմի, նոր հրադադարի, նոր ստատուս քվոյի:

Բայց մենք երաշխիք ունե՞նք, որ նոր պատերազմի միջոցով ձևավորվող ստատուս քվոն մեզ համար ավելի բարենպաստ է լինելու. խիստ կասկածում եմ: Հետևաբար հիմա ես պնդում եմ անում, որ Հայաստանի իշխանության դիլետանտիզմի հետևանքով ոչ թե մեր արտաքին քաղաքականության հնարավորություններն են մեծանում, ինչին պետք է անպայման ձգտել, այլ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական տարբեր շահերի բախման կիզակետում, ինչն անխուսափելիորեն նոր ռիսկեր է ծնելու Հայաստանի համար։

Պարո՛ն Սուրենյանց, այդ ձեր նշած աշխարհաքաղաքական տարբեր շահերի բախման կիզակետի տրամաբանության մեջ կարո՞ղ ենք դիտարկել Ֆրանսիայի նախագահի երեկվա հայտարարությունը ու նաև Ռուսաստանի պատասխանն այդ հայտարարությանը։

– Ես գիտեմ, որ մեր ընթերցողների մեծ մասը տասնամյակներ շարունակ ապրել է մեզ հաճո նախադասությունների պատրանքներով, բայց մենք պետք է ռեալ քաղաքականությունը ճիշտ հասկանանք։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, Մակրոնի երեկվա հայտարարությունը ամենաքիչն էր վերաբերում Հայաստանին ու մեր խնդիրներին, թեև, ասում եմ, եթե տրվենք էմոցիաներին՝ դա մեզ համար ամբողջովին նպաստավոր էր, բայց այն իրականում իմ ասած այդ գլոբալ հակադրության մասին էր, այսինքն՝ այո՛, Ֆրանսիան մեր խնդիրներն օգտագործելով՝ իր հարաբերություններն էր պարզում Ռուսաստանի հետ․ կա՛մ կոշտ քննադատում էր, կա՛մ այդ կերպ փորձում էր առևտրի դաշտ բացել։

Ընդհանրապես, մենք պատմությունից շատ քիչ դասեր ենք քաղում․ տասնամյակներ շարունակ մեր վիշտը մի շարք երկրներ մանրադրամ են դարձրել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները պարզելու համար։ Սա ամենավտանգավոր բանն էր, ինչից պետք է խուսափեինք, այսպես մենք գնում ենք ուկրաինացման ճանապարհով, որը ոչ մի լավ բան Հայաստանին չի խոստանում։

Անվտանգության խորհրդի քարտուղարի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքեն ու սահմանների ճշգրտման գործընթացն ավարտեն: Իհարկե ադրբեջանական կողմը հերքեց Գրիգորյանի գրեթե բոլոր ասածները, բայց հարցս հետևյալն է. որքանո՞վ եք հնարավոր համարում մինչև տարեվերջ այս գործընթացների ավարտը։ Արտգործնախարարության ու Անվտանգության խորհրդի գործողություններում հակասություններ կա՞ն, ըստ ձեզ։

– Ընդհանրապես, ես տպավորություն ունեմ, որ Արարատ Միրզոյանը իրականացնում է կատարողի ֆունկցիա, և Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ դերակատարություն է տալիս Անվտանգության խորհրդին, բայց սա իշխանության որոշման հարցն է։ Մինչև տարեվերջ իրատեսական չեմ համարում այդ գործընթացների կատարումը, մանավանդ երբ նա դելիմիտացիայի խնդիրը փոխկապակցեց խաղաղության պայմանագրի խնդրի հետ։

Դելիմիտացիան, նույնիսկ եթե քարտեզների հարցում համաձայնության գան, միևնույն է, հայ-ադրբեջանական հարաբերությունների այսօրվա բարդությունները հաշվի առնելով ու հաշվի առնելով հանգամանքը, որ 1000 կիլոմետրից ավելի սահմանի մասին է խոսքը, երկու ամսում անել հնարավոր չէ։

Բայց այստեղ մեկ այլ կարևոր բան կա․ Գրիգորյանի հարցազրույցին անմիջապես հաջորդեց Հաջիևի հայտարարությունը, որից պարզվեց, որ մեր իշխանությունը կրկին անկեղծ չէ հասարակության հետ, որովհետև առնվազն երկու կետով Հաջիևը «նոր անակնկալներ մատուցեց» մեր հասարակությանը։

Պարզվեց, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վերաբերյալ հայկական կողմի ոչ մի առաջարկ չի ընդունվել։ Երկրորդ՝ նրանք շատ հստակ դնում են յոթ անկլավային բնակավայրերի վերադարձի խնդիր, ու, ցավալիորեն, մինչև այս պահը հայկական կողմից որևէ արձագանք չկա: Հաջիևի հայտարարությունից անցել է մեկ օր, մերոնք ոչ միայն չեն հիշեցրել, որ մենք էլ Արծվաշենի խնդիր ունենք, այլ չեն էլ արձագանքել։

Ինչո՞ւ եմ ես հիմք ընդունում թշնամի երկրի հայտարարությունը, կներեք, բայց ստիպված եմ, որովհետև վերջին երկու տարում դաժան փորձը ցույց տվեց, որ իրականություն են դառնում այն պնդումները, որոնք հնչում են ոչ թե Երևանից, այլ Բաքվից։

Պարո՛ն Սուրենյանց, այսօր ՌԴ նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ եռակողմ հանդիպման։ Այս հրավերի նպատակը ո՞րն է, ու ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից, եթե այն կայանա։

– Առաջին պատճառն այն է, որ նա մինչև այս պահը հիմնական մոդերատորն է այստեղ, ու բնական է, որ պարբերաբար նման հանդիպումներ պետք է կազմակերպի։ Երկրորդն արդեն մեր ամբողջ հարցազրույցի կարմիր թելն է, որ միջնորդական տարբեր հարթակների միջև կոշտ մրցակցություն է սկսվել, և, թերևս, Մոսկվայում մտահոգություններ ունենալով արևմտյան գերակտիվ ջանքերի առթիվ, փորձում են հետ բերել իրենց կորցրած դիրքերը կամ դուրս գալ իրենց մարտավարական պաուզայի շրջանից ու ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել։

Արդյունքի մասով. եթե նկատել եք, սովորաբար Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումները, որպես կանոն, ավարտվում են համատեղ հայտարարություններով, չեմ բացառում, որ նման մի հայտարարություն կտեսնենք նաև այս անգամ։ Իրատեսական է այդ հանդիպումն ակնկալել մյուս ամսվա ընթացքում, ու չեմ բացառում, որ դրա ավարտին կտեսնենք մի նոր եռակողմ հայտարարություն, որում հիմնական շեշտադրում կարվի կոմունիկացիաների ու դելիմիտացիայի խնդիրների վրա, որովհետև այս խնդիրներում ռուսական կողմի և՛ շահագրգռվածությունն է մեծ, և՛ դերակատարությունը։

Այս եռակողմ հայտարարությունը, որը ես ակնկալում եմ, որ գուցե ստորագրվի, բնականաբար հեռու է ավարտական փաստաթուղթ կամ խաղաղության պայմանագրի նախատիպ լինելուց, ուղղակի հերթական՝ դարձյալ կարևոր, հանգրվանային հայտարարություն է լինելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am