«Պարտվող կողմը չի կարող մեկ տարի հետո իր համար բարենպաստ փաստաթուղթ պոկել»․ Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ ակնկալիքներ ունեք Սոչիում կայանալիք այսօրվա եռակողմ հանդիպումից, օրակարգում ի՞նչ հարցեր կլինեն։

– Եթե համաձայնություններ ձեռք բերեն, գուցե համատեղ հայտարարություն կամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի մտադրությունների մասին, որովհետև ակնհայտ է, որ գործընթացներ են տեղի ունենում, և այդ գործընթացները վաղ թե ուշ ֆորմալ տեսք են ստանալու։ Այդ համաձայնությունը վերաբերելու է դեմարկացիային ու դելիմիտացիային, հետևաբար օրակարգում լինելու է այս հարցը։ Ես չեմ կարծում, որ այդ գործընթացը կարող է անվերջ ձգձգվել։ 

Եթե նկատել եք՝ այդ մասին խոսում են, թե՛ ՌԴ պատկան մարմինները, թե՛ եվրոպական կառույցները, էլ չասեմ, որ դրան էր վերաբերում Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի առյուծի բաժինը։ Ակնհայտ է, որ խորհրդային քարտեզների հիման վրա դելիմիտացիա ու դեմարկացիա են տեղի ունենալու, ու այստեղ շատ կարևոր է, որ  հայկական կողմը կարողանա որոշակի ռիսկեր չեզոքացնել։ 

Ցանկացած պարագայում՝ որևէ փաստաթուղթ, որ ստորագրվելու է, չի կարող բխել Հայաստանի շահերից, որովհետև պարտվող կողմը չի կարող մեկ տարի հետո իր համար բարենպաստ փաստաթուղթ պոկել։

Ամբողջ խնդիրն այն է, որ կարողանանք ռիսկերը ղեկավարել, բայց այս իշխանության պարագայում մեծ հույսեր չունեմ, որովհետև փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունը ոչ միայն վատ փաստաթղթեր է բերում, այլև դրանց մեջ եղած քիչ թե շատ բարենպաստ կետերը չի կարողանում իրականություն դարձնել։ 

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում երկու կետ կար, որը հայկական կողմի համար քիչ թե շատ բարենպաստ էր, բայց մինչ օրս ամբողջությամբ ո՛չ ռազմագերիների վերադարձի գործընթացն է ավարտին հասցվել, ո՛չ էլ կատարվել է այն կետը, որ երկու կողմի զինծառայողները մնում են այն կետում, որտեղ եղել են հրադադարի կնքման պահին։

Շատ կարևոր է, որ այս իշխանությունը կարողանա չեզոքացնել այն ռիսկերը, որոնք կարող են վտանգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

– Արցախին առնչվող հարցեր չե՞ն լինի օրակարգում։

– Այս պահին բանակցային սեղանին Ղարաբաղի կամ նրա կարգավիճակի հարց գոյություն չունի, և այդ խնդիրն այսօր ակտուալ չէ, ու եթե շատ խոր վերլուծենք, կհասկանանք, որ այդ հարցի առաջմղումն այժմ նույնիսկ պաշտոնական Երևանին էլ ձեռնտու չէ, որովհետև Ղարաբաղի անկախության, Հայաստանին միացնելու հարցում Հայաստանը չունի որոշակի դաշնակից, չկա որևէ երկիր, որ այդ հարցում կաջակցի Հայաստանին։ 

Այժմ կարևորվում են բացառապես անվտանգային ու հումանիտար խնդիրները։

– Պարո՛ն Սուրենյանց, ասում եք, որ երկար չի կարող ձգձգվել սահմանների ճշգրտման հարցը, բայց տեսակետներ կան, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ այդ գործընթացին։

– Իսկ Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի։ Ես կարծում եմ, որ եթե քաղաքական համաձայնություններ ձեռք չբերվեն, ադրբեջանական կողմը դիմելու է ագրեսիայի, ինչը եղավ նոյեմբերի 16-ին։

Եթե քաղաքական համաձայնություններ, չեմ խոսում՝ բովանդակության, այլ մեխանիզմների մասին, ձեռք չեն բերվում, իսկ միջազգային իրավունքն էլ ակնհայտորեն չի գործում, ապա դրա այլընտրանքը պատերազմն է։ 

– Իսկ Ադրբեջանը կհամաձայնի՞ սահմանների ճշգրտման գործընթացն սկսելուց առաջ իր զորքերը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքից, որտեղ տեղակայվել են մայիսի 12-ից։

– Կախված է Հայաստանի կողմից բանակցողից։ Եթե ադեկվատ իշխանություն ունենայինք, ընդհանրապես պետք չէր վախենալ դեմարկացիայից ու դելիմիտացիայից, բայց մենք ունենք մի իշխանությունը, որն անհոգ հետևում է, թե ինչպես են Սյունիքի ու Գեղարքունիքի ինչ-որ հատվածներ օկուպացված, ավելին ասեմ՝ ամբողջ օրը խոսում են կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ 

Այսինքն՝ շատ կարևոր է, թե ով է բանակցում և ով է իրականություն դարձնելու ստորագրված ինչ-որ փաստաթուղթ։ Այս իշխանությունն այս առումով ամբողջովին բացահայտել է իր անմեղսունակությունը։

Դելիմիտացիան ու դեմարկացիան ինքնին վտանգավոր չէին լինի, եթե մենք վստահ լինեինք, որ այդ գործընթացում իշխանությունը կարող է պաշտպանել մեր երկրի շահերը։ Գործող իշխանությունն առնվազն նոյեմբերի 9-ից ճիշտ հակառակն է ապացուցել, որ Հայաստանի կենսական շահերը միշտ զոհաբերվում են։

– Պարո՛ն Սուրենյանց, Երևանը դիմել է Մոսկվային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով։ Մոսկվային կհաջողվի՞ այնպես անել, որ Թուրքիան հրաժարվի իր նախապայմաններից, ու առանց դրանց սկսվի երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։

– Մինչև այս խնդիրները չլուծվեն, հայ-թուրքական երկխոսության հնարավորությունը քիչ հավանական եմ համարում։ Ընդհանրապես, եթե ունենայինք իր օրակարգը ձևակերպած իշխանություն, այդ հարաբերությունները նույնիսկ առանց միջնորդների կկարգավորվեին։

Այստեղ, իհարկե, Ռուսաստանի դերը ես բացասական չեմ գնահատում, որովհետև ռեգիոնալ գերտերություն է, ու, բնականաբար, թե՛ Ղարաբաղի խնդրի լուծման, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների լուծման բանալին ինչ-որ իմաստով Ռուսաստանում է, այս մասով շատ մեծ սխալ չեմ համարում Ռուսաստանին դիմելը, բայց սպասել, որ շատ արագ հարաբերությունների կարգավորում կլինի, կրկնում եմ՝ քիչ հավանական է, բայց պետք է ձգտել դրան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am