Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։

Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է հայ-ամերիկյան մշակութային, առևտրային և տնտեսական կապերի սերտացմամբ։

Սերգեյ Էդիլյանը ծնվել է 1977 թ․, Երևանում՝ իրավաբանների ընտանիքում։ Ստանալով իրավաբանական կրթություն՝ աշխատանքի է անցել Երևան քաղաքի դատախազությունում, ապա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում։

2000 թ․ Էդիլյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է կրթությունը Քլիվլենդի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

Սերգեյ Էդիլյանը «Alpha Tek Automation, Inc» և «American Truck Equipment» ընկերությունների նախագահն է։ Նա նաև Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ծխական խորհրդի անդամ է, ակտիվորեն ներգրավված է համայնքային կյանքում։