Արտերկիր մեկնած ռուս ընդդիմադիրները կարող են զրկվել անձնագիր ստանալու և գույքը տնօրինելու իրավունքից

Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցումներով միանգամից ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նոր սահմանափակումներ է նախատեսում արտերկիր մեկնած և Ռուսաստանում քրեական կամ վարչական գործերով անցնող քաղաքացիների համար։

Փոփոխությունները կարող են կիրառվել նաև քաղաքական հոդվածներով հետապնդվողների նկատմամբ, այդ թվում՝ ռուսական բանակը «վարկաբեկելու», «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի հետ կապված տուգանքները չվճարելու, «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու կամ Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչերի համար։

Նման քաղաքացիների նկատմամբ նախատեսվում է կիրառել մի շարք «ժամանակավոր միջոցներ»։ Նրանք կարող են զրկվել Ռուսաստանում պետական, իսկ արտերկրում՝ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Մասնավորապես, հնարավոր չի լինի ձևակերպել արտասահմանյան անձնագիր կամ լիազորագիր։ Կարգելվի նաև Ռուսաստանում անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների վաճառքը, ինչպես նաև կսահմանափակվի բանկային հավելվածների հասանելիությունը։

«Նա, ով մեկնել է արտերկիր և վնասում է երկրին, ընդդիմություն չէ, այլ դավաճան։ Նրանք հանցագործներ են»,- հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Առաջին բաժին» իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները քաղաքական տարագիրներին փաստացի զրկում են քաղաքացիությունից։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։

Այս մասին տեղեկացնում է DW-ն: