«Պուտինի ու Փաշինյանի հանդիպումն այն կետն է, որից հետո պարզ կլինի՝ Վանեցյանի շարժումը կշարունակվի՞, թե՞ ոչ». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, ընդդիմադիր քաղաքական ուժերը սկսել են անժամկետ բողոքի ակցիաները՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով: Ընդդիմության ակտիվությունն ինչո՞վ եք պայմանավորում, ինչու հիմա՞ որոշեցին փողոց դուրս գալ:

– Դա կապված է Փաշինյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի հետ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Մոսկվա յուրաքանչյուր այցելություն ուղղորդվում էր անժամկետ ու վճռական կարգախոսի տակ՝ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցության ու իրենց հարող այլ ուժերի ելույթներով: Այս անգամ էլ նույնն է, և, ինչպես ցույց է տալիս անցյալը, այցելությունից հետո բոլոր նախաձեռնողները դուրս են գալիս փողոցներից և դադարեցնում իրենց շարժումը:                                                                                                                        

 – Նույնը կլինի ա՞յս դեպքում:

– Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպումն այն կետն է, որից հետո պարզ կլինի՝ շարժումը կշարունակվի՞, թե՞ ոչ:

Իսկ ամեն անգամ, ինչպես ասում եք, Մոսկվա այցից առաջ, ընթացքում նմանատիպ ակցիաներ անելու նպատակը ո՞րն է: Հայաստանի իշխանությա՞նն են ինչ-որ բան հասկացնում, թե՞ Ռուսաստանի Դաշնությանն են ինչ-որ բան փորձում ցույց տալ:

– Հավանաբար ամեն ինչից մի քիչ մի քիչ. ցույց են տալիս, որ ներկա են և ունեն իշխանափոխության քաղաքական ամբիցիաներ, որովհետև այդ բոլոր գործընթացները, ըստ էության, մեկ նպատակ ունեն՝ իշխանափոխություն:

Որպես կանոն՝ դրանք ուղղված չեն լինում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և որևէ կերպ հակադրված չեն հայ-ռուսական հարաբերությունների գոյություն ունեցող դասավորությանը: Հետևաբար դա երկրի ներսում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ակտուալ պահելու վկայությունն է, երկրից դուրս դա կարող է վկայակոչվել Նիկոլ Փաշինյանին սահմանափակող հանգամանք, համենայնդեպս, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում: Այսպիսի մեթոդաբանություն Հայաստանի բոլոր գործող ուժերն օգտագործել են:

Բացի այս, դա նաև ներքին խոհանոցային հարթությունում կարելի է դիտարկել, որովհետև եթե Մոսկվայում որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը լավ չի աշխատում, իր առջև դրված առաջադրանքը չի կատարում, ապա կարող են որոշում ընդունել, որ նա իշխանությունը հանձնի մեկ ուրիշին: Իսկ հիմա Սերժ Սարգսյանի կողմից այդ մեկ ուրիշն առաջադրվեց Ազատության հրապարակում, այսինքն՝ կարելի է ասել, որ ուրվագծված է թեկնածուն:

Այդ համոզմա՞նն եք, որ Արթուր Վանեցյանին Սերժ Սարգսյանը դիտարկում է Հայաստանի վարչապետի հաջորդ թեկնածու, պարո՛ն Ղուկասյան:

– Նախորդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, որին ՀՀԿ-ն 2018-ի մայիսի 8-ին ընտրեց վարչապետ: Սերժ Սարգսյանի կողմից հաջորդ թեկնածուն Արթուր Վանեցյանն է, որին, եթե Հայաստանում իշխանափոխության հարց առաջանա, Սերժ Սարգսյանը հավանաբար կառաջադրի որպես թեկնածու: Այսօր քաղաքական ուրիշ թեկնածու, որին կարող էր Սարգսյանն առաջադրել, չկա, որովհետև, իրենց կարծիքով, նա ամենաադեկվատ թեկնածուն է:

– Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչո՛ւ հենց Արթուր Վանեցյանը որոշեց միայնակ, առանց իր ղեկավարած խմբակցության անդամների, գալ Ազատության հրապարակ, անժամկետ նստացույց անել՝ դա հիմնավորելով անցյալ շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթներով:

– Քաղաքագիտական առումով՝ Վանեցյանի այդ քայլը լուրջ սխալ է, որովհետև քաղաքական ակտիվիզմի գործիքներն օգտագործում են այն հասարակական, քաղաքական գործիչները, որոնց հասանելի չեն երկրի պաշտոնական ամբիոնները, ԶԼՄ-ները: Քաղաքական գործիչների համայնքի ներկայացուցիչները, որոնք խորհրդարանում ամբիոն ունեն, ԶԼՄ-ներ ունեն և այլն, եթե դիմում են քաղաքական ակտիվիստի գործիքներին, ըստ էության ընդգծում են, որ իրենց քաղաքական գործիքները չեն աշխատում, իսկ դա, քաղաքագիտական առումով, սեփական անկարողության մասին արձանագրություն է, հետնահանջ:

Դա սխալ է ու հանրության շրջանում չի ընկալվում, և, բնականաբար, բոլորի մեջ էլ առաջանում է այն հարցը, որը տվեցիք, որովհետև եթե Վանեցյանն ուներ հանրությանն իր խոսքը հասցնելու բոլոր գործիքները, ի՞նչ կարիք կար նստացույց անելու:

– Այնուամենայնիվ, ցանցային բողոքի այս ակցիաներով, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերն են ասում, նրանց կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հեռացնել իշխանությունից:

– Իրականում դա անլուծելի խնդիր չէ՝ այնպես անել, որ ձևավորվի այսօրվա իշխանությունը հեռացնելու համար շարժում: Իսկապես, Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Արցախի խորհրդարանի հայտարարությունը ճանապարհ է բացում և բացեց Հայաստանում իշխանափոխության համար:

Ձեր հարցը կարելի է այս կողմից դիտարկել. հնարավո՞ր է, որ այդպիսի շարժում հեղինակեն, առաջնորդեն Արթուր Վանեցյանը, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Իմ կարծիքով՝ նրանց ղեկավարած շարժումը լայն անհնազանդության չի կարող բերել, որովհետև նրանց նկատմամբ հակակրանք կա, բացասական ռեյտինգ ունեն, նույն Արթուր Վանեցյանի ռեյտինգը ևս բացասական է:

Ավելի մեծ պոտենցիալ կարող էր ունենալ «5165» շարժման գործողությունը, որոնք հանրային ընկալման մեջ քաղաքական առումով շատերի կողմից չեզոք են դիտվում, քան Վանեցյանի նախաձեռնությունը:

– Ձեր հիշատակած շարժումը ևս անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել: Կհաջողե՞ն:

– Իրենք ավելի շուտ էին հայտարարել, իսկ Վանեցյանն ավելի ուշ հանդես եկավ այդ կոչով ու, ըստ էության, զբաղեցրեց հրապարակը և գերիշխող դիրք գրավեց:

Արթուր Վանեցյանի կողմից իրականացվող բողոքի ակցիան որևէ կերպ կապո՞ւմ եք ռուսական կողմից ստացած համաձայնության հետ, պարո՛ն Ղուկասյան:

– Կոնկրետ այդ շարժումն այն ուժերի նախաձեռնությունն է, որոնք ռուս-հայկական հարաբերությունների պահպանման կողմնակից են, դրանք Ռուսաստանի Դաշնության բարեկամ քաղաքական ուժերն են Հայաստանում, իրենք են իրենց այդպես դիրքավորել: Անհնար է նրանցից սպասել, որ կարող են ռուսական քաղաքականության դեմ ինչ-որ գործողություններ անել:

Հրապարակում նրանց գտնվել-չգտնվելը նաև Ռուսաստանի ղեկավարության ձեռքին է: Եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում իր բոլոր հաշվետվությունները լավ հանձնի և եթե մնացած հարցերում, այսպես ասած, այդ շեմն անցնի, Ռուսաստանը հանգիստ կարող է կարգադրություն տալ, որ Արթուր Վանեցյանը դադարեցնի իր գործողությունները, ու վերջինս չի կարող այդ հրամանին հակադրվել:

Ձեր խոսքից ստացվում է, որ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում է Ռուսաստանի, այսպես ասած, հորդորով կամ կարգադրությա՞մբ:

– Կարծում եմ՝ դա Սերժ Սարգսյանի սեփական նախաձեռնությունն է, բայց նրանք կարծում են, որ սրանով Մոսկվային ծառայություն են մատուցում, որպեսզի Մոսկվայի մոտ առաջանա նաև այդ լծակը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պետք է խնդրի Վլադիմիր Պուտինին, որ Արթուր Վանեցյանն ու մյուսները դադարեցնեն իրենց բողոքը, գնան տուն: Բնականաբար, մտածում են, որ եթե այսօր ծառայություն են մատուցում Մոսկվային, ինչ-որ մի օր էլ իրենց մի բան կհատկացնեն: Մի խոսքով, իրականում այստեղ հայրենիքի մասին ոչ մեկը չի մտածում, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Արթուր Վանեցյանը, ոչ էլ մյուս ներգրավված մարդիկ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am