Գյուղատնտեսության անկումը շարունակվում է․ FIP.am

Հայաստանում արդեն երկար տարիներ գյուղատնտեսությունը հռչակվում է տնտեսության` ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտ։ Չնայած տարիներ շարունակ կազմվում են գյուղատնտեսության զարգացման բազմատեսակ ռազմավարություններ, գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել։ 

2020-ին համաճարակի և պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունն անկում ապրեց՝ 7.6 տոկոսով։ 

Նախորդ տարի արտերկիր մեկնելու հնարավորությունից զրկված քաղաքացիների գործոնը թույլ էր տալիս ենթադրել, որ գյուղատնտեսության ոլորտը նկատելի աճ կունենա։ Դա, սակայն, տեղի չունեցավ, և 2019 թվականի համեմատ նախորդ տարի գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում շարունակեց նվազել։

Եթե 2015-ին գյուղատնտեսությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17․2 տոկոսը, ապա արդեն 2020 թվականին դրա մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում հասել է 11․7 տոկոսի։https://flo.uri.sh/visualisation/5763599/embed?auto=1A Flourish chart

Գյուղատնտեսության շարունակական անկումը բերել է նրան, որ միայն վերջին վեց տարիներին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կրճատվել են 1/3-ով կամ 34 տոկոսով։ Եթե 2015 թվականին Հայաստանում մշակվում էր ընդհանուր առմամբ 337,483 հա ցանքատարածք, ապա նախորդ տարի մշակվել է ընդամենը 222,660 հա։

Հացահատիկ

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, տարեկան, հաճար, եգիպտացորեն և այլն) ցանքատարածությունները 2015-ին կազմում էին մոտ 191 հազար հա, մինչդեռ նախորդ տարի արդեն 120 հազար հա էր։ Բնականաբար, նվազել է նաև ստացվող բերքը։ 2015-ին Հայաստանում հացահատիկային մշակաբույսերից ստացվել է, ընդհանուր առմամբ, մոտ 6 մլն ցենտներ բերք, մինչդեռ 2020-ին՝ ընդամենը 2․4 մլն ցենտներ։ Նվազել է նաև բերքատվությունը՝ 2015-ի 31․3 ց/հա բերքատվությունից դառնալով 20․5 ց/հա։https://flo.uri.sh/visualisation/6233819/embed?auto=1A Flourish chart

Վերջին 6 տարիների ընթացքում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կրճատվել են ավելի քան 37 տոկոսով, իսկ ստացված բերքը՝ մոտ 60 տոկոսով։

Հատիկաընդեղենային մշակաբույսեր

Ինչպես հացահատիկի, այնպես էլ հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ և այլն) դեպքում հանրապետությունում մշակվող ցանքատարածությունները վերջին տարիներին շարունակում են նվազել։

2015-ին Հայաստանում հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել էին 2108 հա, իսկ արդեն 2020 թվականին՝ 1890 հա։ Նվազել է նաև ստացվող բերքը։ Նույն 2015-ին ստացվել էր 56,857 ցենտներ բերք, 2020-ին՝ 27․4 տոկոսով պակաս՝ 41,254 ցենտներ։ Սա նշանակում է, որ էականորեն նվազել է նաև բերքատվության մակարդակը։ Եթե 6 տարի առաջ մեկ հեկտարից ստացվում էր 25․7 ցենտներ բերք, ապա նախորդ տարի մեկ հեկտարից ստացվել է ընդամենը 19․7 ցենտներ։

Տեխնիկական մշակաբույսեր

Կտրուկ նվազել են նաև տեխնիկական մշակաբույսերի (կտավատ, ծխախոտ, արևածաղիկ և այլն) ցանքատարածությունները։ Վերջին 6 տարիների ընթացքում տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները կրճատվել են ավելի քան 55 տոկոսով՝ 3095 հեկտարից դառնալով 1381 հա։ Նվազել է նաև ստացվող բերքը։ Եթե 2015-ին Հայաստանում այս մշակաբույսերի մշակումից ստացվել էր ավելի քան 48,700 ց բերք, ապա նախորդ տարի՝ ընդամենը 27,700 ց։https://flo.uri.sh/visualisation/5766435/embed?auto=1A Flourish chart

Կարտոֆիլ

Նախորդ տարիներին նվազել են նաև կարտոֆիլի ցանքատարածությունները։ Կրկին համեմատել ենք վերջին 6 տարիների ցուցանիշները, ըստ որոնց՝ 2015-ին Հայաստանում կարտոֆիլի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմում էր 27,806 հա։ Աստիճանաբար նվազելով՝ 2020 թվականին դրանց ընդհանուր մակերեսը կազմել է 20,531 հա կամ՝ ավելի քան 26 տոկոսով պակաս։ Նվազել է նաև ստացված բերքի քանակը։ 2015-ի համեմատ նախորդ տարի Հայաստանում ստացվել է մոտ 4․4 մլն ց կարտոֆիլ, ինչը ավելի քան 28 տոկոսով պակաս է 2015-ին ստացված կարտոֆիլի բերքից։

Ուսումնասիրվող գյուղմթերքներից կարտոֆիլը, թերևս, միակն է, որի բերքատվությունն այս ժամանակահատվածում նշանակալի փոփոխությունների չի ենթարկվել։ Միջինում մեկ հեկտարից ստացվում է 207 ցենտներ կարտոֆիլ։

Բանջարանոցային մշակաբույսեր

Բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ, տաքդեղ, ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր և այլն) ցանքատարածությունները ևս ուսումնասիրվող ժամանակահատվածում նվազել են գրեթե նույնքան, ինչքան կարտոֆիլի ցանքատարածությունները։ Նախորդ տարի Հայաստանում մշակված բանջարանոցային մշակաբույսերի հողատարածքների մակերեսը կազմում էր 21,272 հա, ինչը 2015-ի համեմատ պակաս է 7156 հեկտարով կամ ավելի քան 25 տոկոսով։

Ավելի քան 31 տոկոսով նվազել է նաև ստացվող բերքը։ Եթե 2015-ին բանջարանոցային մշակաբույսերից ստացված բերքը կազմել էր ավելի քան 10 մլն ցենտներ, ապա նախորդ տարի ստացվել է 6․9 մլն ցենտներ։ Տարիների ընթացքում նվազել է նաև բերքատվությունը։ 2015 թվականին մեկ հեկտարից ստացվել էր միջինում 334 ցենտներ բերք, իսկ արդեն նախորդ տարի՝ 281 ց/հա։https://flo.uri.sh/visualisation/6234199/embed?auto=1A Flourish chart

Պտուղներ, հատապտուղներ, խաղող

Վերջին տարիներին Հայաստանում աճել է նաև պտուղների ու հատապտուղների ցանքատարածությունները։ 2015-ի 36,400 հա-ի փոխարեն նախորդ տարի մշակվել է 38,400 հա պտուղ-հատապտուղ։ Ի հակադրություն սրա՝ նվազել է թե՛ ստացված բերքը (27 տոկոսով)՝ 3․7 մլն ցենտներից դառնալով 2․7 մլն ցենտներ, թե՛ միջին բերքատվությունը (31 տոկոսով)՝ 103 ց/հա-ից դառնալով 71․4 ց/հա։

Բացի այդ, մոտ 9 տոկոսով կամ 1450 հեկտարով կրճատվել են խաղողի այգիները։ Նախորդ տարի Հայաստանում մշակվել է մոտ 15 հազար հա խաղողի այգի, որից ստացվել է ավելի քան 2․8 մլն ցենտներ բերք։ Չնայած 2015-ից սկսած նվազել էր խաղողի բերքատվությունը, սակայն նախորդ տարի այն կրկին աճել է և հավասարվել է 2015 թվականի բերքատվության մակարդակին՝ 189․3 ց/հա։https://flo.uri.sh/visualisation/5310723/embed?auto=1A Flourish chart

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին խորհրդական Աշոտ Հարությունյանը FIP.am-ի հետ զրույցում կասկածի տակ առավ վիճկոմիտեի հրապարակած ցուցանիշների իսկությունը՝ չնայած համաձայնվեց, որ գյուղատնտեսության ոլորտում վիճակը խիստ մտահոգիչ է։ Հարությունյանի խոսքով՝ այս ոլորտը բավական սպեցիֆիկ է և, բացի տնտեսական գործոնից, առավել կարևոր է պարենային անվտանգության առումով։ 

Վերջինիս խոսքով՝ պետական միասնական քաղաքականության բացակայությունը, Գյուղատնտեսության նախարարության փակումը և ոլորտի կառավարումը ոլորտին անծանոթ պաշտոնյաներին հանձնելը միայն նպաստում են գյուղատնտեսության շարունակական անկմանը։

Հարությունյանի խոսքով՝ դժվար է հստակ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի գյուղոլորտը կարգի բերելու համար․ «Նույնիսկ պետության կողմից երկարաժամկետ ու հետևողական քաղաքականության իրականացման դեպքում ակնհայտ է, որ մոտակա տարիներին գյուղատնտեսության ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր ակնկալել պետք չէ»։

Ինչ վերաբերում է պետության կողմից գյուղոլորտին տրվող աջակցության ծրագրերին, Հարությունյանի խոսքով, դրանք իրավիճակային լուծման փորձեր են, ինչը երկարաժամկետ առումով էական փոփոխությունների չի հանգեցնի։

Այսպիսով, փաստենք, որ սկսած 2015 թվականից՝ գյուղատնտեսությունը երկրում շարունակական անկում է ապրում, որը գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատման և դրան զուգահեռ՝ նաև բերքատվության նվազման հետևանք է։

Իսկ գյուղատնտեսության զարգացմանն ու գյուղմթերքների արտադրության խթանմանն ուղղված իշխանությունների ջանքերը առայժմ էական արդյունք չեն տալիս։

Փաստերի ստուգման հարթակ