«Սա տիպիկ կրիմինալ փիլիսոփայության դրսևորում է, որը կոչվում է «օբշյակ» ու գործում է քրեակատարողական հիմնարկներում»․ Արթուր Սաքունց

«Սա տիպիկ կրիմինալ փիլիսոփայության դրսևորում է, որը կոչվում է «օբշյակ» ու  գործում է քրեակատարողական հիմնարկներում»․ Արթուր Սաքունց
«Սա տիպիկ կրիմինալ փիլիսոփայության դրսևորում է, որը կոչվում է «օբշյակ» ու գործում է քրեակատարողական հիմնարկներում»․ Արթուր Սաքունց

Զոհված կամ վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար ստեղծվելիք հիմնադրամի գումարները կարող են արժանանալ բանակի կարիքների համար ստեղծված մյուս հիմնադրամների գումարների ճակատագրին, այսինքն՝ չծառայեն իրենց նպատակին: Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, Արթուր Սաքունցը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ կառավարության նախաձեռնությանը, ըստ որի յուրաքանչյուր աշխատող անձից ամսական 1000 դրամ պետք է պահվի:

«Բացարձակապես ոչ մի հաշվետվություն չտալով բանակի կարիքների լուծման համար ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի, մյուս հիմնադրամների գումարների վերաբերյալ, սկսում են նոր գումարներ հավաքել: Այսինքն՝ վստահ կարող եմ պնդել, որ այս գումարներն արժանանալու են նախորդների ճակատագրին»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում օրենսդրական նախագիծ ընդունեց, ըստ որի՝ միանվագ և ամսական գումարներ են վճարվելու հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին: Այգ գումարները հավաքվելու են այդ նպատակով ստեղծվելիք հիմնադրամում:

Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է նրանով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասում է, որ սրանով ներդրվում է զինծառայողների աջակցության ապահովագրական համակարգ: Նախարարի խոսքով՝ նվազագույն աշխատավարձ ստացող և դրանից ցածր վարձատրվող անձանց վրա այս պարտադրանքը չի տարածվի, իսկ մյուս աշխատողների աշխատավարձից այդ նպատակով յուրաքանչյուր ամիս 1000 դրամ կպահվի: Արտեմ Ասատրյանն ասում է, որ դրանով հնարավոր կլինի համակարգային լուծում տալ այս խնդրին:

«Դա հարկատեսակ է, որովհետև աշխատավարձից է պահվում»,- ասում է Արթուր Սաքունցը: Նա նկատում է, որ պետության կողմից իր քաղաքացիների մի հատվածի նկատմամբ, որոնք են զոհված և վիրավոր զինծառայողները, սոցիալական պարտավորությունների կատարման միջոցը պետական բյուջեն է կամ բարեգործությունը, բայց ոչ հասարակության նկատմամբ պարտադրանքը:

«Տվյալ դեպքում առաջին անգամ պետությունը բարեգործական նպատակներով որոշում է գումարներ հավաքել: Սա սեփական պարտականությունների կատարման բեռը քաղաքացիների վրա՝ որպես լրացուցիչ բեռ և պարտականություն փոխանցելու տիպիկ մեխանիզմ է: Սա տոտալիտար մշակույթի տիպիկ օրինակ է, այնպես, ինչպես ԽՍՀՄ ժամանակ էր, երբ տարատեսակ գումարներ էին հավաքում իբր թե կամավոր: Իրականում սա խոստավանություն է, որ իրենք բացարձակապես միտք չունեն պետություն հասկացողությունը՝ որպես մեխանիզմ, գործի գցելու: Ավելին, նույնիսկ խելք ու գաղափար էլ չունեն, թե ինչ է իրենից ներկայացնում պետությունը»,- ասում է Սաքունցը:

Նա նկատում է, որ իշխանությունները չեն հասկացել, որ աշխատել են որպես պետական պաշտոնատար անձինք, որովհետև այս ամբողջ գործողության բուն տրամաբանության հիմքում պետությունը՝ որպես համայնք ընկալելու տրամաբանությունն է ընկած: Երկրորդը, ըստ Սաքունցի, իշխանությունները սրանով նաև խոստովանում են, որ բացարձակապես կամ ունակ չեն, կամ չեն ուզում կոռուպցիայի դեմ պայքարել: Հայաստանում շրջանառության մեջ գտնվող գումարներին, որոնք կենտրոնացած են մոտ 50 ընտանիքի ձեռքում, որոնք նրանց ձեռքում հայտնվել են կոռուպցիոն մեխանիզմների ու հանցագործությունների հետևանքով, ընդհանրապես ձեռք տալու մտադրություն չունեն:

«Ավելին, վերջին 9 տարվա ընթաքում 10 մլրդ դոլար դուրս է գնացել Հայաստանից, և դրա մասով որևէ հետաքննություն, քննություն չի կատարվում՝ բացահայտելու համար, թե այդ ինչ գումարներ են, ում գումարներն են և որտեղից են դրանք առաջացել, ընդհանրապես այդ գումարներից պետությունը որևէ շահույթ, օգուտ ստացել է, թե ոչ: Այսինքն՝ իրենք ըստ էության անգործության են մատնվում իրենց պետական գործառույթներն իրականացնելու առումով, հանդես են գալիս որպես համայնքի ղեկավարներ և փորձում են հայրենասեր երևալ, թե իբր մտահոգված են համայնքի ինչ-որ մարդկանց խնդիրների լուծմամբ: Այնինչ, պետական օրգանիզմներն ու մեխանիզմները պետք է աշխատեն, որոնք հենց օրինական եկամուտ են բերում: Իսկ դու հիմա անօրինական ճանապարհով փորձում ես հերթական անգամ քո չարած գործողությունների հետևանքով առաջացած պրոբլեմների լուծման բեռը դնել քաղաքացիների ուսերին»,- նշում է նա:

Այս նախաձեռնության խնդրահարույց կողմերից մեկն էլ այն է, որ այն օրենքի վերածվելու դեպքում այն հետադարձ ուժ չի ունենալու, այսինքն՝ փոխհատուցում են ստանալու 2017 թվականի հունվարից հետո վիրավորված ու զոհված զինծառայողների ընտանիքները: Արթուր Սաքունցի խոսքով՝ վիճակագրություն կա, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընդհանուր թիվը մոտ 3400-ի հասնում, և դա մեծ թիվ չէ, որպեսզի այդ ընտանիքներին էլ հիմնադրամի գումարներից բաժին հանվեր: Իսկ կառավարության նման մոտեցման մեջ, ըստ նրա, հակամարդկայինն ու արատավորը հենց այդ խտրական մոտեցումն է, զոհվածներին ըստ զոհվելու տարեթվերի տարանջատելը:

«Այստեղ նաև մյուս կարևոր հանգամանքը կա՝ այս որոշմամբ իրենք ուղղակի շատ մեծ ու լուրջ հարված հասցրեցին կամավորությանը: Այն, որ հանրության մեջ կար մղում՝ օգնելու, աջակցելու բանակին, դա օրենքի ուժով տեղափոխելով պարտադրանքի դաշտ՝ ակամա արժեզրկեցին նաև այդ կամավորությունը, մարդասիրական այդ մղումները: Այսինքն՝ մարդասիրական բնական ձգտումների յուրացում եղավ մի խմբի կողմից՝ օրենքի ուժի միջոցով, իսկ դա ամենամեծ վատությունն էր, որը կարող էր անել այս իշխանությունը: Խնդիրների լուծման որևէ պետական հայեցակարգ չունեն այս մարդիկ: Երբ որ դու չունես պաշտպանության բնագավառի բարեփոխուների կամ ընդհանրապես կառավարման հայեցակարգ՝ որպես պետական մարմին և ընդամենը համայնքային մոտեցում ունես՝ մի տեղից ամեն գնով գումար հավաքելու, դա անբարոյական է իր ողջ էության, հակամարդկային է»,- հավալեց Սաքունցը:

Ըստ նրա՝ սա տիպիկ կրիմինալ փիլիսոփայության դրսևորում է, որը կոչվում է «օբշյակ», որը գործում է քրեակատարողական հիմնարկներում ու ԽՍՀՄ ժամանակներից է գալիս: Այսինքն՝ այս քայլը ոչ թե զուտ համայնքային մտածողության, այլ կրիմինալ համայնքի մտածողության դրսևորում:

Էմմա Մանուկյան

MediaLab.am