Սերժ Սարգսյան. «Սադրանքները ստանալու են կոշտ պատասխան»

Սերժ Սարգսյան. «Սադրանքները ստանալու են կոշտ պատասխան»
Սերժ Սարգսյան. «Սադրանքները ստանալու են կոշտ պատասխան»

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը»,- Panorama.am-ի կայքի՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին պատասխանելով այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը մշտապես ընդգծել է, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են եւ որ դրանք ստանալու են կոշտ պատասխան:
«Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են»,- ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով սահմանային միջադեպերի համար պատասխանատվության խնդրին՝ Սարգսյանն ասել է.
«Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կամ այդ երկրի Զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, և այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ»:
Սարգսյանը, սակայն, հավելել է, որ մենք չունենք զինված ուժ կիրառելու որևէ դրդապատճառ, քանի որ համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին բանակցայինն է, և կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից:

«Իսկ լուծման ճանապարհով առաջ շարժվելու համար, ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության: Ադրբեջանական կողմը շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց»,- ասել է Սարգսյանը:

Ըսկ աղբյուրի, նա նաեւ ուշադրություն է հրավիրել երկու հանգամանքի վրա. «Հատկապես ցավալի է, որ սադրիչ գործողություններրը տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ պետքարտուղարը»:

Խոսելով հայկական կողմի անելիքների մասին՝ Սարգսյանն ասել է. «Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողնելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն և զգոնություն` միևնույն ժամանակ կանխել և պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածներրի արյունը»:

© Medialab.am