Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումով․ Զախարովա

Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումով և կոչ է անում կողմերին զերծ մնալ ռազմական լուծումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, գրում է Factor.am-ը։

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմամբ: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդներից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,- ասել է Զախարովան։

Երկարաժամկետ հեռակարում կայունության և անվտանգության հասնելու համար, ըստ Զախարովայի, պետք է շուտափույթ սկսել հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գոծընթացները, ինչն արձանագրված է երեք երկրների առաջնորդների կողմից նոյեմբերի 24-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններում։

«Կարևոր է գործը հասցնել դրա համար նախատեսված երկկողմանի հանձնաժողով ստեղծելուն։ Ռուսաստանը պատրաստ է դրան տրամադրել խորհրդատվական աջակցություն»,- ասել է նա։

Նշենք, որ Factor.am-ը ևս դիմել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայություն՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն հայ-ադրբեջանական սահմանին եղած լարվածության վերաբերյալ։ «Մեզ հետաքրքիր է, թե ինչպես է վերաբերում Ռուսաստանը նրան, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում չի հանդարտվում»,- նշել էինք մեր հարցման մեջ։