«Եթե Ալիևը վստահ լիներ ադրբեջանական չբանակի վրա, վարձկաններ չէր բերի, իսկ նման բանակը չի կարող պայքարել»․ Հուսիկ Արա

«Մեդիալաբի» հարցազրույցը բանաստեղծ, գրող, հրապարակախոս Հուսիկ Արայի հետ

– Դուք այն սերնդից եք, որ երիտասարդ տարիներին պատերազմ տեսել էիք․․․

– Այո՛, և հիմա վստահ եմ՝ երբ հայը զենքը ձեռքին կանգնել է, երբեք չի պարտվել։ Պատմության մեջ նման դեպք չկա, որ թշնամու առաջ զենքով կանգնենք՝ պարտվենք: 

Ես վստահ եմ՝ այսօր էլ մենք հաղթելու ենք։ Սեպտեմբերի 27-ին, երբ լսեցի, որ հարձակում է եղել, ասեցի՝ սա Ալիևի վերջն է։ Եվ այսօր էլ եմ պնդում՝ Ալիևի վերջն է։ Դրանք հիմնահատակ ջարդուփշուր են լինելու։ Մոռանալու են այլևս պատերազմի մասին։ 

– Դուք նրա մոտ անկումային տրամադրությո՞ւն եք նկատել։

Ինքը ապուշ է, և այժմ արդեն աշխարհի համար բացահայտ է, որ Թուրքիայի բռնապետն է խրախուսում, հրահանգում՝ իր շահերից դրդված, և այդ ապուշն էլ նման հայտարարություններ է դուրս տալիս։ 

Բայց մեր բանակը ջարդում է նրանց և կամաց-կամաց արնաքամելու է։ Ուղղակի ցավում եմ մեր երիտասարդ զոհերի համար։ 

Սիրտս կտրատվում է այդ երեխաների համար։ Բայց մենք հաղթելու ենք, ցավոք, մեր զոհերի գնով, նրանց դժվար պայքարով։ Մենք այսօր պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դեմ, Իսրայելն է նրան զենքով աջակցում, Վրաստանն է կոռեկտ ու թավշյա աջակցություն ցուցաբերում այդ երկրին։ 

Բայց մենք պայքարում ենք մեր հողի համար և շատ լավ գիտենք մեր հողի արժեքն ու գինը։ Մենք նահանջելու տեղ չունենք, թիկունքում մեր տունն է։ 

Իսկ ադրբեջանական չբանակի վրա եթե Ալիևը վստահ լիներ, վարձկաններ չէր բերի։ Նա շատ լավ գիտի, որ իր բանակը մարտունակ չէ, գիտեր, որ իր բանակը չի կռվելու։ Ահա թե ինչ պատճառով է գնացել գրոհայիններ բերել։ Իսկ նման բանակը չի կարող պայքարել։ 

Եթե այս պատերազմը ձգվի, Ադրբեջանի ներսում էլ քաոսային է լինելու՝ թալիշները ոտքի են կանգնելու, մյուս ազգային փոքրամասնությունները ևս։ Հենց իրենք՝ ազերիները չեն ցանկանում պայքարել։ Եթե մեկ օր, մեկ ժամ ձգվում է այս պատերազմը, ապա դա վտանգավոր է լինելու Ալիևների համար։ Բայց Թուրքիան թույլ չի տալիս հետ կանգնել, այսինքն՝ Ալիևն ինքը չի որոշում, այլ Թուրքիայի կառավարությունն է որոշում նրա անելիքները։ Նա ընդամենը գործիք է, և նրա երկիրն էլ արդեն վիլայեթ է դառնում Թուրքիայի համար։ Իսկ մենք մեր հողն ենք պաշտպանում․ մենք մարտունակ ենք, մենք կռվելու ենք ու հաղթելու ենք։

– Երեկ Ադրբեջանը երկու անգամ հրթիռակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին…

– Բայց եկեք հիշենք Սուրբ Սոֆիայի տաճարը, երբ այն վերածվեց մզկիթի։ Շարունակությունը եղավ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը։ 

Դա հարված էր համայն աշխարհի քրիստոնեությանը, որովհետև և՛ Սուրբ Սոֆիան, և՛ Ղազանչեցոցը աշխարհի քրիստոնյաներին են պատկանում։ Իսկ քրիստոնյա աշխարհը կույր է, չի տեսնում, կույր է, ընդամենը կոչեր է անում, ընդամենը հավասարության նշաններ է դնում։ 

Մի քիչ տագնապած է ահաբեկիչների պահով, եթե այդ պահը չլիներ, ոչինչ չէր նկատելու, չէր նկատելու, որ Ստեփանակերտը օրական ռմբակոծվում է, չէր նկատելու խաղաղ բնակիչների տանջանքը․․․

– Ինչո՞ւ է այդպես։

– Որովհետև ամեն մեկն իր շահն ունի, Ամերիկային ձեռք չի տալիս, որ այստեղ ամրանա, թող թուրքը ամրանա։ Այս ահաբեկիչներից ԱՄՆ-ն տեղյակ է, գիտեք՝ տեղյակ չէ՞։ 

ԱՄՆ-ն այսօր շատ լավ գիտի, թե քանի մրջյուն քայլեց Երևանի փողոցներով։ Կամ մենք հույս ենք դրել աշխարհի խղճի վրա, դեմոկրատիայի, հումանիստական արժեքների․․․ ո՛չ, այդ ամբողջը սուտ է, կա իրենց անձնական-պետական շահը։ 

Իրենք թքած ունեն՝ այստեղ հազարավոր մարդիկ կզոհվեն, կամ ինչպիսին կլինի Արցախի, Հայաստանի ճակատագիրը։ Նրանք իրենց խաղն են խաղում։ Նրանց համար սա խրախճանք է, վերջ։ 

Վաղը պետք լինի՝ կդատեն Ալիևին, բայց որ պետք չլինի՝ չեն դատի։ Այնպես չէ, որ դատելու են հանուն արդարության, հանուն ճշմարտության: 

Մեր հույսը մենք ենք, մենք պետք է մեր ուժերի վրա հենվենք ու մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ի վերջո ունենանք լավ հարաբերություններ։ Պետք է հասկանանք՝ ովքեր են մեր ընկերները ու միասին պայքարելով կարողանանք այս վիճակից դուրս գալ։

– Պաշտոնապես ներկայացվում են հայ զինծառայողների հերոսական դրվագներ մարտի դաշտից մարտական սխրանքների մասին։ Ինչպե՞ս է հնարավոր, որ 18-20 տարեկան երիտասարդները նման աներևակայելի սխրանքներ գործեն։ 

– Այո՛, այո՛, հնարավոր է իհարկե, 18-20 տարեկան երեխան էլ կարող է նման սխրանքներ գործել։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ 15 տարեկան երեխաներն էլ են նման սխրանքներ գործել։ 

Իմ պապը, լինելով 15 տարեկան, ինքնապաշտպանության մասնակից է եղել։ Պապենական գալիս է մի շատ կարևոր գիծ։ Պապս պատերազմ է տեսել, ես պատերազմ եմ տեսել, ընկեր եմ կորցրել, տղաս պատերազմ է այսօր տեսնում, ընկեր է կորցնում․ մեր բոլոր սերունդները այդ պատերազմի միջով են անցնում։ Միայն հորս սերունդն է, որ փրկվել է պատերազմից։ 

Պարսից արքունիքը դարեր շարունակ հայոց այրուձին է պահել, 1941-45 թվականների աշխարհամարտի ժամանակ նայեք հայերն ինչեր են արել։ Երբ դու այլ ելք չես ունենում․․․ ինչպես Դավիթը մենակ գնաց Մսրա բանակի դեմ կռիվ, այնպես էլ մեր 19 տարեկան երեխան է գիտակցելով, որ այլ ելք չկա, կռվում, հաղթում է ու հերոսանում։ 

Երեխաները մեր կողքին են ու մեզ համար նրանք սովորական երեխաներ են, բայց մարտադաշտում տեսեք՝ ինչեր են անում։ Նրանք հայկական նաիրյան գենի ծնունդներն են։ 

– Շատ են ասում, թե մենք արդար ենք ու կհաղթենք։ Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ։

– Նապոլեոնն ասել է՝ պատերազմում պետք են խելք ու կամք։ Խելքով պետք է պատերազմել։ Արդար ենք, այո՛, բայց արդարը միշտ չէ, որ հաղթում է։ Մենք մեր պատմության ամբողջ ընթացքում արդար ենք եղել։ Այլ կերպ էլ չէինք կարող լինել։ 

Հայկ Նահապետից սկսած ռազմի դաշտում խելք է գործի դրվել, Հայկ Նահապետը չէր կարող բաց դաշտում Բելի ու նրա հսկայական զորաբանակի դեմ կռվել։ 

Խելացի է նրան սպանում, խելացի է նրան խոցում։ Նույնը Տիգրան Մեծի պարագայում․ նա կարողացավ նոր հնարքներով հսկայական տարածքներ գրավել։ 

Անդրանիկը 130 ճակատամարտ է տվել, բոլորում հաղթել է։ Մուսա լեռը թնդանոթների դեմ կռվեց, չզինված, մի մասը փոցխերով ու եղաններով էր զինված։ Այսինքն՝ դու պետք է կռվես խելացի ու ունենաս կամք։ Այդ բոլորը մենք այսօր ունենք։ Բայց այդ ամենը մի կողմ, մենք դատապարտված ենք հաղթելու, այլ տարբերակ չունենք։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am