Պարզվել են տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Մասնավորապես քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերի 13-ին, տաքսի ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին, ուղեվարձի շուրջ վիճաբանել է տվյալ տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ժամանակ, վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դիատավորությամբ, ձեռքով հարվածել է նրա աչքին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ աչքի կոպերի արյունազեղումների, ձախ ակնագնդի սալջարդի` ուղեկցված հիֆեմայով, հեմոֆթալմով և ձախ աչքի տեսողության և ֆունկցիայի կորստի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: