Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է. ՊԵԿ

Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է. ՊԵԿ
Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է. ՊԵԿ

Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել:

Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կողմ է համագործակցել հարկային մարմնի հետ և ստանալ իրենց գործունեության ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ:

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործարարների 75.5%-ը ողջունում է սպասարկման ծառայությունների առանձնացումը հարկային ստուգումների գործառույթներից: Հետազոտությանը մասնակցած հարկ վճարողների 98.1%-ը օգտակար է գնահատում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, իսկ 96.1%-ը` էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացին համահունչ հարկ վճարողների 85.3%-ը ցանկանում է հետագայում հարկային մարմնից ծառայություններ ստանալ նաև բջջային հավելվածների միջոցով:

2016թ. կատարված հետազոտության արդյունքների համեմատ 2018թ. հետազոտության ցուցանիշները ցույց են տալիս հարկ վճարողների կողմից հարկային վարչարարության ընկալման զգալի բարելավում: Գործարարների 72.7%-ի կարծիքով ՊԵԿ ծառայողների պահվածքը փոխվել է դրականորեն: Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները հուշում են նաև այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Մասնավորապես` օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստացել է հարցվածների միայն 13.5%-ը, ինչը, ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Հրաչյա Մկրտչյանի կարծիքով, հուշում է օրինապահ տնտեսվարողների խրախուսման մեխանիզմների ընդլայնման անհրաժեշտության մասին. «Նման հետազոտությունները կարևոր են` հետադարձ կապի միջոցով հարկ վճարողների կարծիքը ՊԵԿ-ի աշխատանքի մասին իմանալու համար: Ուստի, հետազոտությունները պարբերաբար են լինելու` հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները կատարելագործելու և դրանցորակը բարձրացնելու նպատակով»:

Բիզնեսի հետ փոխհարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը, տեսակները, ժամկետները և տրամադրման ձևերը: Հարկ վճարողը հրապարակված ծառայությունների ամբողջական ցանկից հեշտությամբ կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, հարկային մարմնի հետ առնչվելիս` ծանոթանալ իր իրավունքներին և պլանավորել ժամանակը: Հարկային մարմինը շարունակելու է վերափոխվել և ապահովելիր աշխատանքի առավել կանխատեսելիությունն ու թափանցիկությունը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին