Հայաստանում ՌԴ դեսպանը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք միջազգային գործընկերներն իրեն դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների առնչությամբ:

«Ես հանդիսանում եմ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական և բարեկամական խմբի ղեկավարը, երեկ զրույց եմ ունեցել Ռուսաստանի դաշնային ժողովի փոխնախագահի հետ, որևէ նման հարց չենք քննարկել: Ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը, հանդիպումը դեռ չի կայացել: Որևէ արձագանք այս պահի դրությամբ ես չունեմ մյուս մեր գործընկերներից»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ չի կարծում, թե Հայաստանի միջազգային լուրջ գործընկերները քրեական գործի առնչությամբ հախուռն և շտապողական հայտարարություններ կանեն: