Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա. Fip.am

Fip.am-ը գրում է.

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը՝ անելով մի շարք մանիպուլյատիվ պնդումներ։

Ելույթի ընթացքում վարչապետը, խոսելով ընդդիմության՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին, դրանց հակադարձեց մի քանի փաստարկներով։ Մասնավորապես, Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ չի եղել, քան այժմ է, և դա՝ շնորհիվ Հայաստանի կառավարության աջակցության։

Ըստ Փաշինյանի, 2021 թ․ Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին աննախադեպ է իր մեծությամբ. «Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117․9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած։ […] 2021 թվականին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը կազմել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է։  […] Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»։

Փաշինյանը հավելեց նաև, որ 2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը և որ 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականին՝ Արցախի ամբողջ բյուջեն:

Ճիշտ է, բայց․․․

Նախ, հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը, ըստ էության, ոչ թե աջակցություն է, այլ բյուջետային վարկ, պարզապես շատ ցածր (0.01%) տոկոսադրույքով։

Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը երբեք այսքան մեծ աջակցություն չի ցուցաբերել Արցախին, բացարձակ իմաստով, ճիշտ է։ Սակայն տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը 2020-ի պատերազմից հետո նպատակ ունի մեղմել Արցախում պատերազմից հետո սկսված ծանր սոցիալական պայմանները, այլ կերպ ասած՝ պատերազմի հետևանքները։

Ըստ Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության՝ 2019 թվականին, առանց Հայաստանի աջակցության, Արցախի բյուջեի եկամուտները կազմում էին մոտ 54,7 մլրդ դրամ, իսկ արդեն 2021 թվականին՝ 19,5 մլրդ դրամ։ Այսինքն, պատերազմի հետևանքով Արցախում առաջացած տնտեսական և սոցիալական ճգնաժամի մաս է կազմում նաև այն, որ Արցախի բյուջեի մուտքերը մոտ եռակի անգամ կրճատվել են։ Այս փաստին վարչապետի ելույթում անդրադարձ չեղավ։

Համեմատության համար նշենք, որ եթե մինչև պատերազմը Արցախը ինքնաբավ էր էլեկտրական էներգիայի մասով և ավելցուկը վաճառում էր Հայաստանին, ապա պատերազմի հետևանքով կորցրեց գործող 37 ՀԷԿ-երից 29-ը, հետևաբար նաև՝ բյուջե մտնող եկամուտների զգալի մասը։ Արցախն այժմ արդեն էլեկտրական էներգիան գնում է/ստանում է Հայաստանից։

Դա է պատճառը, որ եթե 2020 թվականին Հայաստանը Արցախից գնել էր 223 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, փոխարենը վաճառել ընդամենը 36,6 մլն կվտ/ժ, ապա արդեն 2021-ին  Արցախից Հայաստան էր հոսել ընդամենը 16․5 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ հակառակ ուղղությամբ՝ արդեն 142․6 մլն կվտ/ժ։

Ինչպես նշեցինք, Արցախին տրամադրված աջակցության նման աճը հենց պատերազմի հետևանքն է, քանի որ պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել մեղմել դրա հետևանքով Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամը։

Թե չլիներ պատերազմը․․․

2018 թվականին Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը կազմում էր ֏51,4 մլրդ, 2019-ին՝ ֏57,8 մլրդ, 2020 թվականին՝ ֏64,9 մլրդ։ 2021 թվականին Արցախի բյուջեով նախատեսված՝ Հայաստանից ստացվելիք բյուջետային վարկը կազմում էր ֏64,7 մլրդ։ Այսինքն՝ ավելի քիչ, քան դրան նախորդող տարում էր։

Իսկ վարչապետի հնչեցրած թվերը ներառում են ինչպես բյուջետային վարկերը, այնպես էլ տարբեր սոցիալական խնդիրներին ուղղված գումարները (կոմունալ վարձավճարների, կեցության, աշխատավարձերի վճարման և այլնի տեսքով)։

Այսինքն՝ Հայաստանից Արցախին տրամադրված «աննախադեպ» ծավալի աջակցությունը պայմանավորված է հենց պատերազմով, ինչը վարչապետը իր ելույթում որևէ կերպ չի նշում։ 

Արցախի բյուջեի և Հայաստանի աջակցության հարաբերակցությունը

Հետաքրքիր են նաև ոչ միայն բացարձակ թվերը, այլև Արցախի բյուջեի և Հայաստանի աջակցության հարաբերակցության մասին Փաշինյանի համեմատությունը։ «2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը և 2021 թ․ Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն»։

Սա ևս ճիշտ է, սակայն կրկին Փաշինյանը չի նշում, թե ինչի հետևանք է դա և ինչպիսին էր այս հարաբերակցությունը մինչև պատերազմը։

2018 թվականին Արցախի բյուջեն կազմում էր ֏96․4 մլրդ, որից, ինչպես նշեցինք, Հայաստանից տրամադրվող աջակցությունը կազմում էր ֏51․4 մլրդ կամ 53․3 տոկոսը։

2019 թվականին Արցախի բյուջեն կազմում էր ֏112․5 մլրդ, որից ֏57․8 մլրդը Հայաստանից տրամադրվող աջակցությունն էր կամ 51․4 տոկոսը։

2020 թվականին Արցախի բյուջեն կազմել էր արդեն ֏120․9 մլրդ, որից Հայաստանից տրամադրվող գումարը կազմում էր մոտ ֏65 մլրդ կամ 53․7 տոկոսը։

Այսինքն՝ մինչ պատերազմը Արցախի բյուջեի մոտ կեսն էր տրամադրվում Հայաստանի կողմից։ Եվ ինչպես վերևում նշեցինք, նախորդ տարի հատկացված գումարների մի մասը ոչ թե բյուջետային վարկի շրջանակներում են տրվել, այլ տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով։ Սա ևս ապացուցում է, որ պատերազմից հետո Հայաստանից տրամադրվող գումարների նման աճը կապված է բացառապես պատերազմի հետևանքների վերացման հետ։

Շահարկում՝ հանուն չշահարկելու

Հատկանշական է, որ ելույթի այս հատվածն ավարտելիս վարչապետը հայտարարեց, որ Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցության թեման պետք չէ շահարկել։ «Այս ամենը մենք առանձնապես չենք էլ թմբկահարել և կարծում եմ՝ ճիշտ ենք արել, որովհետև դա մեր աշխատանքն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Այստեղ, սակայն, Փաշինյանի խոսքի և իրականության մեջ կա որոշակի հակասություն։

Վերջին շրջանում Փաշինյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ, հիմնականում որպես առիթ օգտագործելով ընդդիմության քննադատությունը «Արցախը մոռանալու» մասին, բավական հաճախ են խոսում Հայաստանից Արցախին տրամադրված աջակցության մասին։ Ավելին՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի գրեթե նույն տեքստը վարչապետը կարդացել էր նաև այս տարվա մայիսի 31-ին Ազգային ժողովի «2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը։

Նույն օրը՝ մայիսի 31-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում կրկին շեշտել էր Հայաստանից Արցախին տրամադրված «աննախադեպ» օգնության փաստը, պատգամավորներ Արփի ԴավոյանըԱրթուր ՀովհաննիսյանըՀասմիկ ՀակոբյանըԱլխաս ՂազարյանըԷմմա ՊալյանըԳևորգ ՊապոյանըՄարիամ Պողոսյանը ևս իրենց ֆեյսբուքյան էջերում կատարել էին միանման գրառումներ Արցախին տրամադրված գումարների մասին։

Նույն ակտիվությամբ պատգամավորները տարածեցին նաև վարչապետի հունիսի 15-ի  ելույթը՝ դրանով իսկ հերթական անգամ հիշատակելով Արցախին տրամադրված օժանդակությունը։

Այսպիսով փաստենք, որ կառավարության կողմից Արցախին տրամադրվող աջակցության ծավալների աճը պայմանավորված է պատերազմի հետևանքով Արցախում առաջացած ճգնաժամով, որը վարչապետն իր ելույթում որևէ կերպ չհիշատակեց։ Իսկ թեման չշահարկելու հորդորը կարելի է ավելի շատ հասցեագրել իշխանության ներկայացուցիչներին։