Թրամփը դատի է տվել New York Times-ին. պահանջում է 15 միլիարդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել New York Times-ին, նրա չորս լրագրողներին և Penguin Random House հրատարակչությանը՝ պահանջելով առնվազն 15 միլիարդ դոլար փոխհատուցում զրպարտության և սուտ տեղեկատվություն տարածելու համար։ Դատական հայցը ներկայացվել է Ֆլորիդայի դաշնային դատարան։

Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Թրամփը մեղադրում է հիմնական լրատվամիջոցներին իր անձնական և գործարար համբավը վնասելու մեջ։ Նրա հայցում նշվում է, որ վնաս է հասցվել ինչպես բիզնեսին, այնպես էլ ապագա ֆինանսական հնարավորություններին, այդ թվում՝ իր ընկերության՝ Trump Media and Technology Group (TMTG) բաժնետոմսերի արժեքին։

Հայցում նշվում է New York Times-ի հոդվածների շարք, այդ թվում՝ 2024 թվականի ընտրություններից առաջ հրապարակված խմբագրականը, որտեղ ասվում էր, որ Թրամփը «անպատրաստ է պաշտոնավարման», ինչպես նաև Penguin-ի հրատարակած «Lucky Loser» գրքը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Թրամփը վատնել հոր կարողությունը և ստեղծել հաջողության պատրանք։ Թրամփի փաստաբանները պնդում են, որ այդ հրապարակումները միտումնավոր խեղաթյուրումներ և կեղծիքներ են պարունակել։

Սա առաջին նման գործը չէ․ այս տարվա սկզբին Թրամփը դատի էր տվել Wall Street Journal-ին և նրա սեփականատեր Ռուպերտ Մերդոքին՝ պահանջելով առնվազն 10 միլիարդ դոլար։ Նա նաև դատական հայց էր ներկայացրել Paramount-ի դեմ՝ պնդելով, թե CBS-ի «60 Minutes» հաղորդումը մանիպուլյատիվ կերպով մոնտաժել է Կամալա Հարիսի հետ հարցազրույցը։ Հուլիսին այդ գործը կարգավորվեց կողմերի միջև։

New York Times-ը արձագանքել է, որ այս հայցը «օրինական հիմքերից զուրկ է»։