Գյումրի-Արմավիր ճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածում 2 կամուրջներին փլուզումներ են

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա  70-ականներին կառուցված կամուրջներից մեկը վաղուց երթևեկության համար համարվում է վտանգավոր և արգելված, թեև արգելանքը վարորդները հաճախ շրջանցում են։ Գյումրի-Արմավիր ճանապարհի 14,5 և մոտ 15 կմ երկարության հատվածներն այս տարվա կապիտալ հիմնանորոգման ծրագրում են, բայց փլուզվող կամուրջների ամբողջական նորոգում նախատեսված չէ:

Կամրջի մի հատվածը մոտ 10 օր առաջ է փլուզվել՝ մի քանի օր տեղացած անձրևների պատճառով։ Գիշերվա ժամին է եղել, կամրջի ոչ երթևեկելի քանդված հատվածով ավտոմեքենա է անցել և հայտնվել է բացված փոսի մեջ։ Վթարից հետո վտանգավոր տարածքը սահմանազատել են, բայց պարզվում է՝ այդ զգուշացումը վարորդները շարունակում են անտեսել։

«Ժապավեններով տարածքը սահմանազատել էինք, որ երթևեկություն չլինի, նոր փորձանք չլինի, բայց ինչքան հասկանում եմ՝ նոր դեպք եղել է, նոր մեքենայի հետքեր են երևում, արգելակների տեղերն են, երևի ընկել է փոսը»,- ասում է Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։

Լուսաղբյուրի վարչական տարածքում 70-ականներին կառուցված 2 այսպիսի կամուրջ կա, որոնցից մեկը գյուղը կապում է մայրուղուց այն կողմ գտնվող վարելահողերին, մյուսն էլ նախատեսված է գյուղամիջով հոսող ջրի թողունակության համար։ 2 կամուրջն էլ այժմ կիսախարխուլ վիճակում են։ Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու 18-րդ կմ-ում գտնվող այս կամրջի աջակողմյան հատվածը 10 տարուց ավելի է՝ չի շահագործվում, երթևեկել թույլատրվում է միայն ձախակողմյան հատվածով։

«2006 թվականին, որ ճանապարհի մի հատվածը կառուցել են, կամուրջն էլ հետն են հիմնանորոգել, բոլոր հիմնասյուները փոխել են, կամուրջը նորից հավաքվել է, բայց մենակ ձախը կողմը՝ Գյումրիից գալուց։ Իսկ մյուս կողմում  ոչ մի աշխատանք չի կատարվել»,- ասում է Լուսաղբյուրի վարչական ղեկավարը։

Ոչ միայն կամուրջը, նաև ամբողջ ավտոմայրուղին այժմ ձախակողմյան երթևեկությամբ է։ Դժվարանցանելի ու փոսառատ ճանապարհն արդեն 2 տարի է՝ չի սպասարկվում: Սահմանված նորմերով է՝ եթե ճանապարհի փոսայնությունը գերազանցում է 4 տոկոսը, այն ենթակա չէ սպասարկման։ Այստեղ փոսերն արդեն ոչ թե քանակով են հաշվում, այլ խորությամբ։

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղում ընթացող շինարարությամբ պայմանավորված՝ Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը մի քանի տարի է՝ ծանրաքաշ մեքենաների համար դարձել է այլընտրանքային։ Մեծ բեռնատարների ինտենսիվ երթևեկության պատճառով քանդված ավտոճանապարհն էլ ավելի է քայքայվել։

Միջհամայնքային երթուղիները սպասարկող ուղևորատար տրանսպորտը ևս ամեն օր գյուղից գյուղ նույն ճանապարհով է անցնում։ Երթուղին անցնում է Երազգավորս-Աղին, ինչպես նաև Լուսաղբյուր -Անի Պեմզա գյուղերով։ Բացի դրանից, Գյումրի-Արմավիրը միակ ճանապարհն է Անիի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Վարորդներին մտահոգողը մեքենաների տեխնիկական վիճակն է, գյուղի բնակիչներին՝ ժամանակի անտեղի կորուստը և գյուղմթերքի անհարմար տեղափոխությունը։

«20 րոպեի ճանապարհը 1 ժամում ենք անցնում։ Մինչև տեղ կհասնինք, ահավոր կհոգնինք էս ճանապարհի պատճառով, շատ վատ է, քարուքանդ վիճակ է։ Մեքենաները ջարդվում են, դեպքեր են լինում, որ կանգնում, երկար սպասում ենք մինչև սարքեն, նոր շարունակենք ճանապարհը»,- դժգոհում են ուղևորները։

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն այս տարվա կապիտալ ծախսերի ծրագրում է։ Մարզի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ շինկազմակերպության մրցույթը կայացել է։ Գումարի չափն ու հատկացման ժամկետները հայտնի կդառնան կառավարության որոշմամբ։ Նախատեսվում է Շիրակի մարզի տարածքով անցնող 14,5 և մոտ 15 կմ երկարության 2 ճանապարհահատվածները հիմնանորոգել։ Բայց ինչպես 2006 թվականին էր, այս անգամ էլ ճանապարհի և փլուզվող կամուրջների ձախակողմյան հատվածը կնորոգվի, աջակողմյան երթևեկությունը կրկին փակ կմնա։