Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության. այսօր երթ կանցկացվի ի հիշատակ բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության. այսօր երթ կանցկացվի ի հիշատակ բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության. այսօր երթ կանցկացվի ի հիշատակ բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի

Այսօր` կանանց նկատմամբ բռնության դեմ միջազգային օրը, Երեւանում ակցիա եւ բողոքի երթ կանցկացվի` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Հոկտեմբերի 1-ին`ենթարկվելով ընտանեկան դաժան բռնության ամուսնու եւ սկեսրոջ կողմից, Զարուհի Պետրոսյանը մահացավ հիվանդանոցում: Ծնողազուրկ Զարուհին մեկ ու կես տարեկան երեխայի մայր էր:
Դաժան միջադեպից հետո, որի մասին բարձրաձայնեց Զարուհու հարազատ քույրը`  Հասմիկ Պետրոսյանը, 7 հասարակական կազմակերպություններ նախաձեռնող խումբ ստեղծեց, որի նպատակը դեպքին հասարակական հնչեղություն տալն ու հարուցված քրեական գործի ընթացքին հետամուտ լինելն է:

Կազմակերպությունները` Կանանց իրավունքների կենտրոնը, Հասարակություն առանց բռնության-ը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Թուֆենկյան հիմնադրամի Կանանց աջակցության կենտրոնը, PINK Armenia-ն, Զանգակատունը և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն էլ նախաձեռնել են այսօրվա միջոցառումը, որը կմեկնարկի երթով` 15:30-ին Կասկադ համալիրից:

«Երթի մասնակիցները նոյեմբերի 25-ին, ժամը 15:30-ին Կասկադ համալիրից շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք կնոջ սպանության գործով դատավարութան արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով, ինչպես նաև կանցկացվի դրամահավաք և հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին»,-նշված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am