Մեր կողքին ապրող մարդիկ. Պալոման

Չինարենի ու անգլերենի մասնագետ Պալոմա Ռուբիոն արդեն գրեթե հինգ տարի ապրում է Հայաստանում: Սյունիքի մարզի Ծավ գյուղում սկսել է բնակվել երկու տարի առաջ: Ծավում շատերը չէին հասկանում, թե ինչու է կտրել-անցել այդքան ճանապարհ ու հասել սահմանափակ հնարավորություններով սահմանային գյուղ: 

Պալոմայի հետ մեր հանդիպումը առցանց տիրույթում էր, քանի որ նա Ծավում էր, ես՝ Երևանում, ու դեռ չգիտենք՝ այդ Ծա՞վն է հեռավոր, թե՞ Երևանը: Զրույցը մերթընդմերթ ընդհատվում էր դպրոցական զանգով՝ հիշեցնելով, որ ուսուցուհու հետ եմ զրուցում, որը հայ չէ, որը, սակայն, սրտանց հավատում է, որ արժեր հասնել աշխարհի ծայրը հանուն երեխաների կրթության: 

Իսպանիայում ապրող աղջիկը մագիստրատուրան ավարտել է Չինաստանում՝ ստանալով լրագրողի որակավորում: Չինաստանի Ուհան քաղաքից, որ 14 միլիոն բնակչություն ունի, Պալոման անմիջապես եկավ հայկական փոքրիկ գյուղ: Սա ենթադրում էր հարմարվել ոչ միայն յուրահատուկ և տարբերվող մշակույթ, մտածելակերպ ունեցող երկրի բարքերին, այլ նաև ընկալել տարածական չափերի տարբերությունները: 

Ուհանում ապրելու ժամանակ դեռ Պալոման մտածում էր գտնել մի վայր, որտեղ ջուրն ու սնունդը անվտանգ կլինեին: 

– Ես մեծ ուշադրություն եմ դարձնում ջրի ու ուտելիքի ծագմանը՝ որտեղից է ինձ հասնում, ինչ ճանապարհով: Որպես սպառող՝ ինձ համար շատ կարևոր է մարդու սոցիալական վարքագիծը, որն ազդում է կլիմայի փոփոխության, առողջության և կենսական նշանակության այլ երևույթների վրա: 

Պալոման ասում է, որ աշխարհում կան տարածքներ, վայրեր, որոնք խոչընդոտում են մարդու ստեղծարարությունը: Այդ է պատճառը, որ որոշեց ապրել մի համայնքում, որը կղզիացած է բոլորից ու տարբեր խնդիրներ ունի, իսկ խնդիրները միշտ հնարավորություն են որևէ բան փոխելու, ստեղծագործելու ու արարելու համար: 

– Չեմ ասի, որ առաջին պահից սկսած ես սիրել եմ Հայաստանն ու ասել եմ՝սա այն վայրն է, որտեղ ուզում եմ ապրել: Առաջին գյուղը, որ գնացի, Տանձավերն էր (մոտ է Կապան քաղաքին), ու այնտեղ գործող մի կազմակերպության հետ սկսեցի համագործակցել: Միասին փորձում էինք զարկ տալ զբոսաշրջությանը, որովհետև հավատում էինք, որ հայկական գյուղերը մեծ պոտենցիալ ունեն գրավելու և՛ տեղացիներին, և՛ օտարերկրացիներին: 

Այն ժամանակ Հայաստանում հինգ տարի մնալը հեռանկարային չէր թվում, բայց ամեն բան այնքան բնական ընթացք ստացավ, ասես այդպես էլ պետք է լիներ: Տանձավերում, որտեղ ընդամենը յոթ երեխա կար, սկսեց անգլերեն դասավանդել, սակայն անգամ երեխաների թիվը նրան չխանգարեց հավատալ, որ այն, ինչ անում է, չափազանց կարևոր է: 

Այդ ընթացքում Պալոման հասկացավ, որ որքան էլ երեխաներին կրթելու համբերություն, համառություն ու կամք ունի, պետք է գտնել համախոհներ ու գաղափարակիցներ, որոնք արդեն իսկ զբաղվում են այդ գործով, ունեն փորձ ու կարողություն՝ ուղղորդելու իրեն: «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությունը դարձավ հենց այն, ինչ փնտրում էր: 

– Երկու տարի շարունակ դիմում էի կազմակերպությանը, որ դառնայի ուսուցիչ, բայց իմ հայերենի իմացությունն այն ժամանակ թույլ չէր տալիս նույնիսկ երկու բառ փոխանակել կենցաղային մակարդակում, ուր մնաց թե՝ դասավանդել: 

Երրորդ տարին դիմելուց հետո գյուղում հայերեն սովորելու արդյունքում Պալոման հաղթահարեց կրթական ծրագրին մասնակցելու փուլերն ու դարձավ առաջին օտարերկրացի ուսուցիչը, որ սկսեց համագործակցությունը այս կազմակերպության հետ: Քանի որ երկու տարի ապրել էր Տանձավերում, որոշեց կրկին ընտրել Սյունիքը: 

– Գիտե՞ս՝ Ծավն ինչպիսին է՝ խելքդ թռցնում ես այդ գեղեցկությունից, շունչդ կտրվում է՝ տեսնելով այդ չքնաղ գյուղն իր անպատմելի սիրուն բնությամբ՝ անտառներով, փոքրիկ ջրվեժներով, ժայռերով: Բնությունը շատ շռայլ է գտնվել Ծավի հանդեպ, այստեղ բոլոր գույներն ու արտահայտչամիջոցները կարող ես գտնել: 

Ծավ գյուղը

Հայաստանի քարտեզի վրա Ծավը գտնելիս մի տեսակ տպավորություն է, թե այն լքված է:

Պալոման էլ առաջին անգամ գյուղ մտնելիս այդ զգացողությունն ուներ, թե ուր է ընկել: Բայց առաջին տպավորությունը մոռացվում է մեկ ակնթարթում, երբ տեսնում ես, թե որքան կյանք կա գյուղում, որքան ակտիվ է դպրոցական համայնքը: Այստեղ հանդիպող յուրաքանչյուր գյուղացի պինդ կառչած է հողին ու հեչ էլ լքված չի համարում այն: 

Ամեն առավոտ նա բոլոր ուսուցիչների նման գնում է դպրոց, բայց նրա ուսուցչական գործը շարունակվում է ողջ օրը՝ երբեմն երեխաների հետ ֆուտբոլ խաղալով, երբեմն՝ քննարկումներ կազմակերպելով, ֆիլմեր նայելով, նրանց հետ պարզապես զրուցելով ու տարբեր նախաձեռնություններ անելով: 

– Իմ օրն օր չի լինի, եթե դպրոցից հետո ևս երեխաների հետ չհանդիպեմ: Ուսուցչի գործը 24/7 աշխատանք է, ու այն երբեք չի ավարտվում, եթե դու իրական ուսուցիչ ես ու նվիրյալ: Գյուղացիներն էլ այնքան հյուրասեր են, այնքան սրտաբաց և պատրաստակամ ճանաչելու քեզ: 

Հայաստանում նրան հմայում են հսկա ժայռերը, որոնք Սյունիքում վառ արտահայտված «անհատականություն» ունեն: Դրանք այնքան պինդ են կանգնած, որ «սահման» բառն այստեղ փոքրանում է խրոխտ ժայռերի հայացքի ներքո: Պալոման սիրում է զրուցել տատիկների հետ, նրանցից լսել տարբեր ավանդույթների մասին, հետո բարձրանալ սարեր ու թեյի համար խոտաբույսեր հավաքել, վայելել սեզոնային բարիքները, որոնցով այնքան առատ է Սյունիքը: 

– Ես սիրում եմ մեր գյուղի տների պահոցները: Ողջ ամառ ու աշուն գյուղացիներն ամբարում են ամեն անհրաժեշտը ձմռան համար ու չեն մոռանում կիսվել քեզ հետ, որ քեզ հանկարծ մենակ չզգաս: 

Միակ բանը, որ աղջկան նյարդայնացնում է, այն է, որ Հայաստանը չափազանց կենտրոնացած է Երևանի վրա: Փաստաթղթային ցանկացած խնդիր լուծելու համար Ծավից ութ ժամ պետք է վարի Երևան ու նույնքան ժամանակ էլ ծախսի վերադառնալու համար: Առողջապահական համակարգը պետք է այնպիսին լինի, որ սյունեցին կարողանա Կապան հասնել ու հստակ իմանալ, որ անհրաժեշտ օգնություն կստանա: 

– Կապանում լավ մասնագետներ կան, բայց խնդիրը միայն մասնագետները չեն, այլ հենց համակարգը, բուժտեխնիկան և այլն: Իսկապես լավ կլիներ, եթե ամեն բան այդքան կենտրոնացած չլիներ Երևանում: 

Հայկական գյուղում օտարերկրացու համար ամենադժվարը սեռային տարբերություններն են: Պալոման ասում է,որ այստեղ դոմինանտ են տղամարդիկ, ու պատրիարխալ համակարգը երբեմն խիստ ցայտուն է դառնում: Տղամարդիկ են որոշում կայացնողները, ու սա լուրջ մարտահրավեր է նրա համար: 

Լվացքի մեքենա, որ չի աշխատում, ծխնելույզ, որ ձմռան ցրտին կարող է այնպիսի անսարքություն ունենալ, որ չիմանաս ինչ անել: Բայց Ծավում երբեք չես սառչի, որովհետև այստեղ մարդիկ կան, որոնք ժայռեր էլ կհաղթահարեն, միայն թե օգնության հասնեն: Ու մինչև հեռավոր Երևանից օգնություն կգա, Ծավում մարդիկ միշտ կանգնած են՝ իրենց լեռների պես ամուր, իրենց բնության նման մարդուն մոտ: Գիտե՞ք ամենից շատ Պալոման ինչն է սիրել մեր երկրում. 

– Ազատությունը երազելու և արարելու: Ծավում ես երազում եմ ու հավատում հրաշքների:

Կուշանե Չոբանյան

MediaLab.am